2024 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը կկայանա Հայ-իրանական համատեղ խմբագրաթոն, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները կստեղծեն հոդվածներ Իրանի մշակույթի, ճարտարապետության, արվեստի և հայ-իրանական հարաբերությունների թեմաներով։ Պարսկերեն Վիքիպեդիայի խմբագիրները, համապատասխանաբար, կստեղծեն հայկական թեմատիկայով հոդվածներ։
Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։
Հոդվածը ցանկերից ընտրելուց հետո նույն տողում անհրաժեշտ է գրել ստեղծվելիք հոդվածի հայերեն անվանումը՝ ներքին հղումով, ինչպես նաև ստորագրել ընտրված հոդվածի դիմաց։ Միաժամանակ թույլատրվում է ստորագրել երկու հոդվածի դիմաց։ Դրանք ստեղծելուց հետո կարող եք ստորագրել ևս երկուսի դիմաց։
Հոդվածը ստեղծելուց հետո 24 ժամվա ընթացքում նրա անվանումը պարտադիր պետք է տեղադրեք մասնակիցների էջում, հակառակ դեպքում մրցույթի արդյունքներն ամփոփելիս այն չի հաշվարկվի։
Ստեղծված հոդվածները պետք է բավարարեն Հայերեն Վիքիպեդիայում սահմանված նվազագույն չափանիշներին՝ ունենան առնվազն 3000 բայթ ծավալ, ծանոթագրություններ, գրված լինեն հանրագիտարանային ոճով, չլինեն թարգմանված ծրագրերի միջոցով։ Այդպիսի հոդվածները պիտակվելու են և ջնջվելու սահմանված կարգով։
Գնահատման արդյունքում, համաձայն խմբագրումների քանակի և որակի, կընտրվեն երկուական խմբագիր երկու մասնակից երկրներից, որոնք 2025 թվականին, որպես մրցանակ, հնարավորություն կստանան այցելելու հարևան երկիր։ Առավելագույն խմբագրումներ կատարած մյուս մասնակիցները կստանան հավաստագրեր։