Տյառնընդառաջ
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Ծագումնաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։
Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Կրոնական ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն. և լատին. եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետրվարի 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետրվարի 2-ին)։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։
Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տյառնընդառաջ» անվանումը)։
Տյառնընդառաջի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժողովրդական անվանումը)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 23)։ |