Լիպտոն (անգլ.՝ Lipton), թեյի ապրանքանիշ, որը Թոմաս Լիպտոնը գրանցել է 1890 թվականին Մեծ Բրիտանիայում։ Ներկայումս պատկանում է Unilever ընկերությանը։

Լիպտոն
Տեսակապրանքային նշան, բիզնես ձեռնարկություն և բրենդ
 Lipton (tea) Վիքիպահեստում

Մինչև 1980-ական թվականները Մեծ Բրիտանիայում գոյություն է ունեցել նաև Լիպտոն սուպերմարկետների ցանց, որը ևս 1871 թվականին ստեղծել է Թոմաս Լիպտոնը։

Բրենդի պատմություն

խմբագրել
 
Պարոն Թոմաս Լիպտոն

Նախապատմություն։ Թոմաս Լիպտոն

խմբագրել

Թոմաս Լիպտոնը ներկայումս աշխարհում հայտնի է նախ և առաջ որպես Լիպտոն թեյի բրենդի ստեղծող։ Սակայն նման կարծիքն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ թեյի բիզնեսի սկզբնավորման պահին Թոմաս Լիպտոնը արդեն շուրջ քսան տարի հաջողակ գործարար էր, որը կարողություն էր ստեղծել նպարեղենի առևտրի միջոցով։ Հենց ինքը՝ Լիպտոնը, իր ինքնակենսագրականի մեջ նշել է, որ եթե չունենար այդ փորձը, դժվար թե կարողանար գնահատել թեյի պոտենցիալը որպես ապրանք և ճիշտ ժամանակին դրույք կատարել դրա վրա[1]։

Թոմաս Լիպտոնը ծնվել է 1848 թվականի մայիսի 10-ին Գլազգոյում։ Ծնողները իռլանդացի գաղթականներ են։ Հայրը մի քանի մասնագիտություն փորձելուց հետո 1860-ական թվականներին պահել է նպարեղենի կրպակ։ Տասներեք տարեկանում Թոմասը սկսել է աշխատել։ 1864 թվականին գնացել է ԱՄՆ, որտեղ անցկացրել է դրան հաջորդող 5 տարիները։ Փոխել է մի քանի մասնագիտություն, Նյու Յորքում զբաղվել է նաև սննդի առևտրով։ Աշխատելով ԱՄՆ-ում՝ Լիպտոնը համոզվում է վաճառքի մեծացման գործում լավ տեղադրված գովազդի կարևորության և անսպասելի մարքեթինգային քայլերի արդյունավետության մեջ։ 1870 թվականին Թոմասը վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ սկզբում օգնել է ծնողներին խանութի աշխատանքներում, սակայն արդեն հաջորդ տարի բացել է իր առաջին սեփական նպարեղենի խանութը[2]։

Լիպտոն առևտրային ցանց

խմբագրել

Լիպտոնի նախաձեռնությունը հաջողված էր և շուտով նա սկսում է ակտիվորեն ընդլայնել իր բիզնեսը՝ Լիպտոն անվան տակ բացելով նպարեղենի նոր խանութներ։ Սկզբում այս խանութների ցանցը հաստատվում է Գլազգոյում, հետո՝ ամբողջ Շոտլանդիայում, իսկ մի քանի տարի անց Լիպտոնի նպարեղենի խանութները տարածված էին ողջ Մեծ Բրիտանիայում։ 1880 թվականին գոյություն ուներ Լիպտոնի ավելի քան 200 նպարեղենի խանութ[3], 1888 թվականին՝ ավելի քան 300։ Բացի դրանից, Լիպտոնն ուներ պահեստներ և մթերքի փաթեթավորման գործարան։ Նա Օմահա և Նեբրասկա նահանգներում միջոցներ է ներդրել անասնաբուծության մեջ։ 1887 թվականին տեղական բաժնետոմսերը վաճառել է ամերկյան կազմակերպություններին, քանի որ որոշել էր իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել թեյի բիզնեսին[2]։ Միևնույն ժամանակ շարունակում էր գործել Լիպտոն խանութների ցանցը, որն իր ներդրումն ուներ Լիպտոն թեյի տարածման գործում։ 1929 թվականին այն վաճառվել է «Home and Colonial Stores» վաճառքի ցանցում ընդգրկված կազմակերպություններից մեկին, որն ուներ ավելի քան 3000 խանութ։ Վերավաճառքից հետո՝ 1961 թվականին, բրենդը օգտագործվել է որպես փոքրիկ քաղաքների սուպերմարկետների ցանցի անվանում։ 1981 թվականին այդ բիզնեսը կլանվել է Agrile Foods կազմակերպության կողմից, որը իրականացրել է վերաբրենդավորում և խանութները սկսել են աշխատել Presto ապրանքանիշի ներքո։

Լիպտոն թեյ

խմբագրել

Թոմաս Լիպտոնը թեյի վաճառքի հանդեպ իր հետաքրքրություն է դրսևորել 1880-ական թվականների սկզբից, երբ սկսվել էր թեյի օգտագործման հաստատուն աճ (1870-ական թվականների ավարտից մինչև 1880-ական թվականներ վաճառքի ծավալը մեծացել է կրկնակի անգամ)։ Բայց Լիպտոնը կարծում էր, որ Մեծ Բրիտանիայում վաճառվող թեյը զանգվածային պահանջարկ ունեցող ապրանքի համար չափազանց թանկ է և նա սկսում է փնտրել թեյի գնի իջեցման ճանապարհներ։ Լիպտոնի խանութների համար 1889 թվականին Գլազգո է ներմուծվել թեյի առաջին թվաքանակը։ Գնի պատճառով (մյուս վաճառողների հետ համեմատած երկու անգամ նվազեցվել է) այս թեյը միանգամից ձեռք է բերել աննախադեպ պահանջարկ[2]։

Հաջորդ տարի Թոմաս Լիպտոնը Շրի Լանկայում գնել է թեյի սեփական տնկարկներ։ Հենց նույն թվականին «Լիպտոն» բրենդը պաշտոնապես գրանցվել է որպես Թոմաս Լիպտոնին պատկանող թեյի ապրանքանիշ։ Բրենդը ձևակերպվել է մարքեթինգային պահանջներին համաձայն․ Լիպտոն թեյը վաճառվել է միայն հատուկ փաթեթավորմամբ՝ գրեթե խորանարդային ձև ունեցող ստվարաթղթե տուփով, որի վրա պատկերված է եղել զամբյուղը գլխին աղջիկ և ֆաքսային ստորագրություն՝ «Thomas J. Lipton, Tea Planter, Ceylon»։ Փաթեթավորումը պաշտպանել է նաև կեղծիքներից։ Գովազդում օգտագործվում էր «Direct from tea gardens to the tea pot»՝ «Թեյի թուփից՝ բաժակի մեջ» կարգախոսը[4]։

Թոմաս Լիպտոնի նորամուծություններից մեկը, որը լայնորեն պարզաբանվում էր նրա թեյի գովազդում, թեյի տեսակների արտադրությունն է, որոնք հատուկ ընտրված էին այն տարածաշրջանի խմելու ջրի առանձնահատկություններին համապատասխան, որտեղ վաճառվում էր թեյ։ Գովազդային կարգախոսը՝ «The perfect tea to suit the water of your own town» («Թեյ, որը հիանալի համապատասխանում է ձեր քաղաքի ջրին»), ընդգծում է Լիպտոն թեյի այս առանձնահատկությունը[4]։

1898 թվականին Վիկտորիա թագուհին Թոմաս Լիպտոնին «կյանքի անգլիական ձևի ձևավորման և տարածման գործում ունեցած իր ներդրման համար» արժանացրել է ասպետի կոչման[1][3]։ Նույն թվականի ամռանը կայացել է Լիպտոնի թեյի բիզնեսի բաժնետիրականացումը։ Այս իրադարձության շուրջ իրարանցումը այնքան մեծ էր, որ Շոտլանդիայի ազգային բանկը, որտեղ տեղի էր ունենում բաժնետոմսերի վաճառքը, կարգուկանոն հաստատելու համար ստիպված էր ոստիկանություն կանչել։ Բաժնետոմսերի առաջին թողարկումը Թոմաս Լիպտոնին բերել է ավելի քան երկու միլիոն ֆունտ ստերլինգ։ 1898 թվականի հունիսի 2-ին կայացել է բաժնետերերի առաջին ժողովը[1]։

1909 թվականին Նյու Յորքում բացվել է ընկերության մասնաճյուղը։ Հենց այդ ժամանակ էլ ապրանքանիշը ձեռք է բերել ներկայիս տեսքը՝ դեղին, կարմիր և կապույտ գույների համադրություն։ Այդ ժամանակ վաճառվող Լիպտոն թեյերի երեք տեսակներից ամենալավը՝ Quality1-ը, վաճառքի է հանվել կարմիր խորհրդանիշով դեղին տուփով, որի վրա սպիտակ տառերով գրված էր «Լիպտոն»։ Հիմա այս ձևավորումը պահպանվում է Lipton Yellow Label թեյի տուփի վրա։ Իմանալով Ռոբերտ Սալլիվանի հայտնագործության՝ թեյի փաթեթի մասին՝ Լիպտոնը կազմակերպում է փաթեթավորած թեյի արտադրություն։ Այս թեյը բարձր է գնահատվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ զանգվածաբար մատակարարվում էր բանակին, նրա հայտնիությունը նպաստել է հետագա առևտրային հաջողությանը[1]։

1920-ական թվականներին Լիպտոնի ակտիվ զարգացող թեյի բիզնեսը հանդիպել է շուկա մուտք գործած Home and Colonial Stores և խոշոր ընկերությունների ուժեղ մրցակցությանը։ 1927 թվականին Van der Berghs-ը ձեռք է բերել Լիպտոնի բաժնետոմսերի 25%-ը՝ դառնալով բաժնետոմսերի հիմնական մասի սեփականատերը։ Ջոն Ֆերգյուսը դառնում է բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ, իսկ Թոմաս Լիպտոնին մնում է ընկերության Պատվավոր նախագահի տեղը, որով նա չուներ իրական հնարավորություն միջամտելու ղեկավարմանը։ Երկու ամիս անց Թոմաս Լիպտոնը վաճառում է իր բաժնետոմսերը «Home and Colonial Stores»-ի ստորաբաժանումներից մեկին և լքում բիզնեսը։ Թոմաս Լիպտոնը մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 2-ին՝ 83 տարեկան հասակում[1]։

1938-1972 թվականների շրջանում Լիպտոն թեյի բիզնեսը մի քանի առևտրական գործարքների միջոցով մաս առ մաս գնվել է Unilever կոնցեռնի կողմից, ում տնօրինության տակ ապրանքանիշը գտնվում է 2013 թվականից։ 1991 թվականին Unilever-ը PepsiCo-ի և Pepsi-Lipton Partnership-ի հետ ստեղծել է միասնական ձեռնարկություն, որը նախատեսված էր պատրաստի թեյ շշերով և բանկաներով Հյուսիսային Ամերիկայում վաճառելու համար։ 2003 թվականին հիմնադրվել է երկրորդ միասնական ձեռնարկությունը՝ Pepsi-Lipton International (PLI), որը նույն բանով էր զբաղվում Եվրոպայում և ոչ ամերիկյան մյուս շուկաներում։ PepsiCo-ն և Unilever-ին ունեն այդ ձեռնարկության բաժնետոմսերի 50 %-ական տոկոս[5]։

Ներկայիս վիճակ

խմբագրել

2013 թվականի տվյալներով Լիպտոն ապրանքանիշը մնում է ակտիվ օգտագործման մեջ, այս բրենդի թեյը վաճառվում է ամբողջ աշխարհում (Լիպտոնի պաշտոնական կայքի պնդմամբ՝ 110 երկրում)։ Լիպտոն արտադրանքի հիմնական մասը գտնվում է գնային միջին սահմանում և բնորոշվում է միջին որակով, բայց մատչելի գներով[6]։ Ինչպես թեյի ֆիրմային տեսակների մեծամասնությունը, այնպես էլ Լիպտոնը տարբեր տեսակի մի շարք թեյերի խառնուրդ է, որոնք հավաքվում են շատ երկրների տնկարկներից (հիմնականում Հնդկաստանի, Շրի Լանկայի, Քենյայի և Չինաստանի)։ Այսպես, առավել հայտի ապրանքանիշը՝ Lipton Yellow Label-ը, ներառում է 20 տարբեր տեսակի թեյ[7]։

Բացի Lipton Yellow Label հին ապրանքանիշի սև տերևային թեյից, արտադրվում և վաճառվում է թեյերի լայն տեսականի, այդ թվում՝ հատիկավոր, փաթեթավորված և օգտագործման համար պատրաստի շշալցված, սև, կանաչ, հոտավետ սև, խոտային և «նիհարելու համար» նախատեսված թեյեր։ Ասիական շուկաներում ներկայացվում է նաև կաթով Լիպտոն թեյը[8]։

Բրենդներ

խմբագրել

Ներկայումս Լիպտոն թեյի «համաշխարհային» տարածում ունեցող հիմնական տեսակը դեռևս 1890 թվականին ստեղծված «Lipton Yellow Label»-ը և 20-21-րդ դարերի սահմանին հայտնված պատրաստի շշալցված «Lipton Iced Tea»-ն է։ Մնացած արտադրական գիծը քիչ թե շատ նախատեսված է հատուկ շրջանային շուկաների համար։ Այսպես, «Lipton Pyramid Tea» ակտիվորեն գովազդվում է Եվրոպայում և Հյուսիասային Ամերիկայում, իսկ «Lipton Milk Tea»-ն՝ Արևելյան Ասիայում։

Lipton Yellow Label

խմբագրել

Lipton Yellow Label-ը՝ Լիպտոն թեյի հնագույն ապրանքանիշը, գրանցվել է 1890 թվականին, երբ Թոմաս Լիպտոնը առաջին անգամ օգտագործել է դեղին տուփի տեսքով փաթեթավորում՝ կարմիր «Լիպտոն» պիտակով և որը մինչև այժմ էլ զուգորդվում է Լիպտոն բրենդի հետ։ Այս բրենդը գրանցված է աշխարհի 150 երկրում[9]։ Lipton Yellow Label թեյը իրենից ներկայացնում է 20 տարբեր տեսակի թեյի խառնուրդ[7]։

Lipton Iced Tea

խմբագրել

Lipton Iced Tea ապրանքանիշի տակ, որը շատ շուկաներում հայտնի է որպես Lipton Ice Tea, վաճառվում է Լիպտոնի պատրաստի շշալցված սառը թեյը։ Արտադրանքի այս գծում ներկայացված է ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյ՝ տարբեր տեսակի հավելումներով, փաթեթավորված մետաղյա բանկաներով (մինչև 0,5 լ) կամ պլաստիկ շշերով։

Lipton Pyramid Tea

խմբագրել

Լիպտոն թեյի որոշ տեսակներ վաճառվում են եռանկյունաձև բուրգերի տեսքով տոպրակներով։ Գովազդը պնդում է, որ ի շնորհիվ այդպիսի փաթեթների մեծ ծավալի, թեյն ավելի լավ է թրմվում։

Lipton Linea

խմբագրել

Lipton Linea բրենդը գործածության մեջ է մտել 2008 թվականին Արևմտյան Եվրոպայում և գովազդվում է որպես «իրենց քաշին հետևողների համար նախատեսված կատեխինի մեծ քանակությամբ թեյ»։

Մարքեթինգ

խմբագրել

Արտադրանքի առաջխաղացման համար Լիպտոնըը հաճախ կիրառում է ոչ ստանդարտ մարքեթինգային քայլեր։ Այսպես, օրինակ, փորձելով հաղթահարել նախապաշարմունքները Lipton-ի սառը թեյի նկատմամաբ՝ ամռանը Լոնդոնում անցկացվել է երկամսյա փորձնական գովազդային կամպանիա՝ «Don’t knock it 'til you’ve tried it!» կարգախոսով։ 58 օր տևած ակցիայի ընթացքում Lipton Ice Tea սառը թեյի մոտ կես միլիոն փորձանմուշ է բաժանվել[10]։

Որոշ շուկաներում, այդ թվում՝ Ճապոնիայի, Ռուսաստանի և Ավստրալիայի, ընկերությունը գովազդում է Լիպտոնը՝ կենտրոնանալով նրա՝ կոֆեինի տված հոգեակտիվ հատկությունների վրա[11]։

Քննադատություն

խմբագրել

Unilever-ը դեռևս ունի տնկարկներ Արևելյան Աֆրիկայում (Քենիա և Տանզանիա), չնայած նրան, որ Լիպտոն թեյերի արտադրության մեջ օգտագործվում է նաև մեծ քանակությամբ ուրիշ արտադրողներից ձեռք բերված հումք։ Վերջին տարիների ընթացքում Լիպտոն արտադրանքի որակը մի քանի անգամ արժանացել է լուրջ քննադատության։

Մի դեպքում այն կապված էր 2008 թվականի մելամինային սկանդալի հետ (երբ պարզվել է, որ չոր կաթի մի շարք չինական մատակարարներ սննդարարության ցուցանիշների բարձրացման համար ավելացնում էին նրա մեջ մելամին և այդ կաթը, որը պարունակում էր մելամինի՝ առողջության համար վտանգավոր խտություն, օգտագործվում էր սննդային մթերք արտադրողների կողմից)։ Unilever կոնցեռնը կատարել է Հոնկոնգում և Մակաոյում վաճառվող Lipton milk tea փոշի կաթնային թեյի վերաբրենդավորում այն բանից հետո, երբ ստիպված էր վաճառքից հետ կանչել չինական չոր կաթի կիրառմամբ պատրաստված արտադրանքը, քանի որ ընկերության ներքին թեստերը թեյում հայտնաբերել էին մելամինի բարձր պարունակություն[12]։

2011 թվականի նոյեմբերին Որակի վերահսկման, ստուգման և կարանտինի գլխավոր չինական վարչությունը Լիպտոն թեյի տեսակներից մեկում հայտնաբերել է տոքսինների բարձր պարունակություն։ Ի պատասխան՝ Unilever-ը վաճառքից հետ է կանչել հայցում ներկայացված բոլոր մթերքները[13]։ 2012 թվականի ապրիլին Գրինփիս ոչ պետական կազմակերպությունը Պեկինի սուպերմարկետներից գնված Լիպտոն թեյի երկու տեսակների ստուգումից հետո կրկին բարձրացրել է Լիպտոն արտադրանքի որակի հարցը։ Հայտարարվել է, որ անվտանգության թեստերի արդյունքում ստացվել են բացասական արդյունքներ։ Բացի դրանից, խումբը հայտարարել է․ «Հայտնաբերված թունաքիմիկատների մի մասը նույնպես Չինաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից արգելված է թեյի արտադրության մեջ»։ Unilever-ի չինական ստորաբաժանումը մերժել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ երկրում Լիպտոն ապրանքանիշի տակ գտնվող արտադրանքը համապատասխանում է անվտանգության ստանդարտներին[13]։

2007 թվականի մայիսին Unilever-ը իր վրա է վերցրել թեյի մատակարարման բոլոր աղբյուրների շարունակական վերահսկումը[14]։ Rainforest Alliance ոչ պետական միջազգային էկոլոգիական կազմակերպության հետ համատեղ աշխատելով՝ Unilever ընկերությունը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպայում վաճառվող Lipton Yellow Label ապրանքանիշի տակ գտնվող փաթեթավորած թեյը սերտիֆիկացվելու է 2010, իսկ ամբողջ աշխարհում փաթեթավորած Լիպտոն թեյը՝ 2015 թվականին[15]։ Լիպտոն թեյի հատուկ տնկարկները առաջինն են սերտիֆիկացվել[16][17]։ Rainforest Alliance կնիքով արտադրանքը 2008 թվականին հայտնվել է Արևմտյան Եվրոպայի, իսկ 2009-ին՝ Հյուսիսային Ամերիկայի շուկաներում[18][19]։ 2009 թվականի մայիսի 6-ին Լիպտոնը Rainforest Alliance-ում իր աշխատանքի համար ստացել է Կորպորատիվ կանաչ գլոբուս[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 История бренда Lipton, 1898 г. Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 История бренда Lipton, начало Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  3. 3,0 3,1 «History of Thomas J. Lipton Company – FundingUniverse». Fundinguniverse.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 История бренда Lipton, 1893 г. Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  5. «PepsiCo and Unilever extend partnership». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  6. В. В. Похлёбкин. Чай, его история, свойства и употребление Արխիվացված 2013-10-05 Wayback Machine
  7. 7,0 7,1 Blending Reference «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.
  8. Fabricant, Florence (2006 թ․ սեպտեմբերի 13). «Brewing for the True Believer; Tea's Got a Brand New Bag». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  9. Lipton’s History Արխիվացված 2012-09-20 Wayback Machine
  10. «Lipton Experiential Marketing Results». iD Experiential. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին.
  11. «LIPTON Tea & Your Health». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «Lipton-brand milk tea powder recalled in Asia». Yahoo! News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. 13,0 13,1 Blanchard, Ben (2012 թ․ ապրիլի 24). «Greenpeace says finds tainted Lipton tea bags in China». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  14. Article in San Diego Times" «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. Unilever Announcement «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. Time to brew up a Sustainable Cuppa- The Independent «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. Reuters http://investing.reuters.co.uk/news/articleinvesting.aspx?type=consumerProducts&storyID=2007-05-25T170334Z_01_N25420184_RTRIDST_0_SP_PAGE_016-N25420184-OISCP.XML(չաշխատող հղում)
  18. Banking on Greener Tea — National Post http://www.nationalpost.com/life/story.html?id=1427753(չաշխատող հղում)
  19. Reuters: Rainforest certified Lipton tea reaches US http://uk.reuters.com/article/behindTheScenes/idUKTRE5457WX20090506 Արխիվացված 2012-07-19 archive.today
  20. Leaders in sustainability honored at Rainforest Alliance Gala http://www.rainforest-alliance.org/news.cfm?id=gala09_honorees Արխիվացված 2010-07-10 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպտոն» հոդվածին։