Ալեն Ժյուպե
Ալեն Ժյուպե (ֆր.՝ Alain Juppé, օգոստոսի 15, 1945[1][2][3][…], Մոն դե Մարսան[4]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, աջ հայացքների կրող, «Միավորում ի աջակցություն Հանրապետության» կուսակցության, ապա «Միություն հանուն Նախագահական մեծամասնության» կուսակցության գործիչ, 1995—1997 թթ. - Ֆրանսիայի վարչապետ, 2000-ականներին՝ Բորդոյի քաղաքապետ։ 2007 թ. մայիսի 18-ից հունիսի 18-ը՝ պետական նախարար, շրջակա միջավայրի հարցերով նախարար։ 2007 թ. իր ընտրատարածքում պարտվել է ընտրություններում և հրաժարական տվել նախարարի պաշտոնից։ 2010 թ. նոյեմբերի 14-ից 2011 թ. փետրվարի 27-ը՝ պետական նախարար, պաշտպանության և վետերանների գործերով նախարար։ 2011 թ. փետրվարի 27-ից 2012 թ. մայիսի 10-ը՝ պետական նախարար, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լյուդովիկոս Մեծի վարժարանը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը։
Կարիերայի մեկնարկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում հայտնի է «քայլող համակարգիչ» մականունով մաթեմատիկական փայլուն ունակությունների համար։ 1976 թ. սկսել է որպես Ժակ Շիրակի ելույթների հեղինակ։ Ավելի ուշ եղել է Շիրակի օգնականը ֆինանսական հարցերով, երբ վերջինս Փարիզի քաղաքապետն էր։
Պետական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1995 թթ. — Փարիզի փոխքաղաքապետ։
- 1986, 1989-1993, 1997-2004 թթ. — Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։
- 1984-1986 թթ. - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
- 1986-1988 թթ. — Բյուջեի նախարար և կառավարության խոսնակ Ժակ Շիրակի կառավարությունում։
- 1988-1995 թթ. — «Միավորում ի աջակցություն Հանրապետության» կուսակցության գլխավոր քարտուղար։
- 1993—1995 թթ. — արտաքին գործերի նախարար Էդուար Բալադյուրի կառավարությունում։
- 1995-1997 թթ. — Ֆրանսիայի վարչապետ։
- 1997 թ. հրաժարական է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում սոցիալիստական կուսակցության հաղթանակից հետո։
- 1995-2004 թթ. և 2006 թվականից — Բորդոյի քաղաքապետ։
- 2002-2004 թթ. - «Միություն հանուն Նախագահական մեծամասնության», կուսակցության առաջին նախագահ։
Կոռուպցիոն սկանդալը
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ. Ժյուպեին մեղադրանք է առաջադրվել վարչապետ եղած ժամանակ պետական միջոցները վատնելու մեջ։ Բանն այն էր, որ Ժյուպեն Փարիզի քաղաքային բյուջեի հաշվին ապօրինի կերպով ֆինանսավորել է «Միավորում ի աջակցություն Հանրապետության» կուսակցությունը։ Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է պայմանական ազատազրկման 1.5 տարի ժամկետով, քաղաքացիական իրավունքների սահմանափակմանը՝ 5 տարի ժամկետով և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու արգելքի՝ 10 տարի ժամկետով։ Բողոքարկումից հետո ժամկետները կրճատվեցին, սակայն դատավճիռը մնաց ուժի մեջ։ Արդյունքում Ժյուպեն պաշտոնանկ արվեց Բորդոյի քաղաքապետի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Վերջին պաշտոնը զբաղեցրեց Նիկոլա Սարկոզին։
Տարածված է կարծիք, ըստ որի Ժյուպեին մեղսագրվեղ խախտումների համար պատասխանատու է նաև երկրի Նախագահ Ժակ Շիրակը։ Շիրակի անվան հետ մի շարք կոռուպցիոն սկանդալներ կապվում են դեռ վերջինիս՝ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակից, քանզի Ժյուպեն այդ ժամանակ ևս աշխատել է Շիրակի հետ։ Սակայն դեռ 1999 թ. դատարանը ընդունեց որոշում, ըստ որի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անձեռնմխելիության ուժով վերջինս չի կարող ոչ ներկայացվել դատարանին, ոչ էլ հրավիրվել ցուցմունքներ տալու։
Վերադարձ քաղաքականություն և կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարանի վճռից հետո Ժյուպեն շուրջ մեկ տարի դասախոսել է Մոնրեալի ինստիտուտներից մեկում։ 2006 թ. նա վերադարձավ և 56 տոկոս ձայներով կրկին ընտրվեց Բորդոյի քաղաքապետի պաշտոնում։
2007 թ. Նիկոլա Սարկոզիի կողմից Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ժյուպեն նշանակվում է պետական նախարար, շրջակա միջավայրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիյոնի կառավարությունում։ Նրան ենթակա էր նաև տրանսպորտի պետական քարտուղարը։ Սա երրորդ դեպքն էր Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ, երբ նախկին վարչապետը հետագայում զբաղեցնում է նախարարի պաշտոն։
2007 թ. իր ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է և հրաժարական տվել նախարարի պաշտոնից։
2010 թ. նոյեմբերի 14-ից 2011 թ. փետրվարի 27-ը՝ պետական նախարար, պաշտպանության և վետերանների գործերով նախարար Ֆրանսուա Ֆիյոնի երրորդ կառավարությունում։ 2011 թ. փետրվարի 27-ին, Միշել Ալիո-Մարիի հրաժարականից հետո զբաղեցրեց պետական նախարար, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ վերադառնալով ԱԳ նախարարի աթոռին 15 տարվա ընդմիջումից հետո։
2012 թ. մայիսի 10-ին Ֆրանսուա Ֆիյոնի երրորդ կառավարության հետ միասին ներկայացրչել է հրաժարական նորընտիր Նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի Ծառայությունների համար ազգային շքանշանի Մեծ Խաչի ասպետ (2000)։
- Պատվո լեգեոնի շքանշանի գրանդ-սպա։
- Քվեբեկի ազգային շքանշանի սպա։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2011)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ https://www.workwithdata.com/person/alain-juppe-1945
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալով պարգևատրելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ժյուպե» հոդվածին։ |
|
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի վարչապետներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ