Էնն Բրոնտե
Էնն Բրոնտե Anne Brontë | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | Տորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | մայիսի 28, 1849[1][2][3][…] (29 տարեկան) |
Վախճանի վայր | Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Սկարբորո[2] |
Գրական անուն | Acton Bell[4][5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, տնային դաստիարակ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ստեղծագործական շրջան | 1836-1849 |
Ուշագրավ աշխատանքներ | Անծանոթուհին Ուայլդֆել Հոլից և Ագնես Գրեյ[4] |
Anne Brontë Վիքիպահեստում |
Էնն (Աննա) Բրոնտե (անգլ.՝ Anne Brontë, հունվարի 17, 1820[1][2][3][…], Տորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 28, 1849[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)` անգլիացի գրող և պոետ, Բրոնտե քույրերից կրտսերը։ «Ագնես Գրեյ», «Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից» և մի շարք բանաստեղծությունների հեղինակ է։
Էնն Բրոնտեն իռլանդական ծագմամբ աղքատ հոգևորական Պատրիկ Բրոնտեի և նրա կնոջ՝ Մարի Բրենուելի կրտսեր դուստրն է։ Մայրը մահացել է, երբ Էննը երկու տարեկան չկար։ Կյանքի մեծ մասը Էննը անց է կացրել Հաուորտ գյուղում (Արևմտյան Յորքշիր)։ Երկու տարի սովորելով Ռոու Հեդ դպրոցում՝ նա սկսում է աշխատել դաստիարակչուհի՝ դառնալով քույրերից միակը, ով հաջողության է հասնում այդ գործում. չնայած առաջին անհաջողությանը Ինգեմ ընտանիքում՝ հետագայում նա հինգ տարի սովորեցրել և դաստիարակել է Ռոբինսոնների երեխաներին։ Դրանից հետո կրտսեր Բրոնտեն, ինչպես նրա քույրերը, սկսում է գրական գործունեություն։ 1846 թվականին լույս է տեսնում Շարլոտայի, Էմիլիիի և Էննի բանաստեղծությունների համատեղ ժողովածուն, ահաջրդ տարում՝ Էննի Ագնես Գրեյ վեպը, որը հիմնված էր նրա՝ դաստիարակչուհու փորձի վրա։ Հաջողությունն այցելում է գրողին երկրորդ՝ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպից հետո։ 1848 թվականին հրատարակված գիրքը քննադատում էր կնոջ դիրքը ընտանիքում՝ մարտահրավեր նետելով վիկտորինյան Անգլիայի կառույցին։ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից համարվում է առաջին ֆեմինիստական վեպերից մեկը։ Գրքի հրատարակումից չանցած մեկ տարի՝ 29-ամյա Էնն Բրոնտեն մահանում է տուբերկուլյոզից։
Համեմատած ավագ քույրերի հանրաճանաչությանը՝ 4 վեպերի հեղինակ (այդ թվում՝ Ջեյն Էյր) Շարլոտային և Մոլեգին հղմերի դարավանդի հեղինակ Էմիլիին, Էնն Բրոնտեի գրական փառքը մեծ չէ։ Դրա հիմնական պատճառը համարվում է այն, որ կրտսեր քրոջ մահից հետո Շարլոտան արգելում է Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպի հետագա հրատարակությունը, որը լայն արձագանք էր գտել հասարակության մեջ։ Էննի երկու գրքերն էլ, որոնց հատուկ է ռեալիզմն ու երգիծանքը, արմատապես տարբերվում են նրա քույրերի ռոմանտիկական ստեղծագործություններից, սակայն այնպես, ինչպես Էմիլիիի և Շարլոտայի գրքերը, դարձել են անգլիական գրականության դասականներից։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էննի հայրը՝ Պատրիկ Բրոնտեն (1777-1861 թթ.) ծնվել է Էմդեյլում՝ Դաուն կոմսությունում (Իռլանդիա)[6][7] գտնվող Լոխբրիկլենդ գյուղից ոչ հեռու՝ երկու սենյակից բաղկացած քոթեջում։ Նա աղքատ իռլանդական ֆերմերներ Հյու Բրանտի և Էլյանոր Մակ-Կլորի տասը երեխաներից ավագն էր։ Իռլանդական Մակ-Էյ Օ'Պրենտի (իռլանդերեն՝ Mac Aedh Ó Proinntigh) ազգանունը անգլիականացվել է՝ Պրանտի (անգլ.՝ Prunty) կամ Բրանտի (անգլ.՝ Brunty)[6]։ Չցանկանալով համակերպվել աղքատության հետ՝ Պատրիկը սովորել է գրել և կարդալ, իսկ 1798 թվականից սկսել է սովորեցնել ուրիշներին։ 1802 թվականին՝ 26 տարեկանում նա տեղ է ստանում Սբ. Հովհանի քեմբրիջյան քոլեջի աստվածաբանության ամբիոնում և իր ազգանունն ավելի բարեհնչյուն է դարձնում՝ Բրնտե (անգլ.՝ Brontë)։ 1807 թվականին Պատրիկ Բրոնտեն ձեռնադրվում է անգլիական եկեղեցու քահանա[8]։ Մի քանի տարի անց նա հրատարակում է իր առաջին բանաստեղծությունները, այդ թվում՝ «Ձմռան երեկոյի մտորումներ» (անգլ.՝ Winter Evening Thoughts, 1810, տեղական թերթում)[9], ինչպես նաև՝ «Գյուղական բանաստեղծություններ» ժողովածուն (անգլ.՝ Cottage Poems, 1811)[10]։ 1811 թվականին Բրոնտեն դառնում է Հարտսհեդի Սբ. Պետրոս եկեղեցու ծխական քահանան (Արևմտյան Յորքշիր)[11], իսկ հաջորդ տարի Աստվածաշնչյան գիտելիքների փորձագետ է նշանակվում մեթոդական ակադեմիայի «Վուդհաուս Գրուվ» դպրոցում։ Այստեղ երեսունհինգ տարեկանում հանդիպում է իր ապագա կնոջը՝ դպրոցի տնօրենի զարմուհի Մարի Բրենուելին։
Մարի Բրաունելը (1783-1821 թթ.) ծնվել է Թոմաս Բրենուելի, ով նպարեղենի ու թեյի հաջողակ վաճառական էր Պենզանսից, և Էնն Կրեյնի՝ ոսկերչի դստեր ընտանիքում[12]։ Նա տասնմեկ երեխաներից ութերորդն էր, մեծացել էր անհոգ և բարեկեցիկ։ Այն բանից հետո, երբ մեկ տարվա տարբերությամբ մահանում են նրա ծնողները, մեկնում է «Վուդհաուս Գրուվ» դպրոց՝ մորաքրոջն օգնելու։ Նա Պատրիկ Բրանտեին հանդիպում է երեսուն տարեկանում։ Նա փոքրիկ, կոկիկ, կիրթ, ինտելեկտուալ լեդի էր[13] և հավատարիմ էր մեթոդաբանությանը, ինչը անմիջապես գրավում է երիտասարդի ուշադրությունը[14]։
Սոցիալական անհավասարությունը չի խանգարում Մարիին և Պատրիկին ընտանիք ստեղծել. 1812 թվականի դեկտեմբերի 29-ին նրանք ամուսնանում են[15]։ Նրանց առաջին երեխան՝ Մարին (1814-1825 թթ.) ծնվում է երիտասարդ ընտանիքի Հարտսհեդ տեղափոխվելուց հետո։ 1815 թվականին՝ երկրորդ դստեր՝ Էլիզաբեթի (1815-1825 թթ.)[16] ծննդից քիչ անց Պատրիկը նշանակվում է Բրեդֆորդից ոչ հեռու գտնվող Տորնտոն գյուղի եկեղեցու տեղապահ։ Տորնտոնում ծնվում են մյուս երեխաները՝ Շարլոտան (1816-1855 թթ.), Պատրիկ Բրենուելը (1817-1848 թթ.), Էմիլի Ջեյնը (1818-1848 թթ.) և Էննը (1820-1849 թթ.)[17]։
Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էննը՝ Բրոնտեների վեց երեխաներից կրտսերը, ծնվել է 1820 թվականի հունվարի 17-ին Տորնտոնում՝ Մարկետ-սթրիթի 74 տանը[18], որտեղ նրա հայրը համայնք ուներ։ Մարտի 25-ին մկրտվում է, ինչից հետո Պատրիկ Բրոնտեն մշտական համայնք է ստանւմ Հայորտում, և 1820 թվականի ապրիլին ընտանիքը տեղափոխվում է նոր բնակության վայր։ Հինգ սենյակից բաղկացած պաստյորատը դառնում է այն տունը, ուր մինչ կյանքի ավարտն ապրում է նրանցից յուրաքանչյուրը։
Էննը հազիվ մի տարեկան էր, երբ մոր առողջությունը զգալիորեն վատանում է։ 1821 թվականի սեպտեմբերի 15-ին Մարի Բրենուելը մահանում է արգանդի քաղցկեղից[19][20]։ Չցանկանալով, որ երեխաները մեծանան առանց կանացի խնամքի՝ Պատրիկ Բրոնտեն փորձում է նոր կին գտնել, բայց անհաջող[21]։ Հաուորտում բնակություն է հաստատում Էլիզաբեթ Բրենուելը (1776-1842 թթ.), ով նախապես եկել էր այստեղ մահացող քրոջը հոգ տանելու համար, այնուհետև, առաջնորդվելով պարտքի զգացումով, ընդմիշտ նվիրում է իրեն նրա երեխաների դաստիարակությանը։ Էլիզաբեթը խիստ կին էր, ով իր զարմիկներից հարգանք էր սպասում և ոչ թե սեր[22]։ Նրա և ավագ երեխաների մեջ ոչ մի կապվածություն չկար, սակայն կրտսերը նրա սիրելին էր։ Էննը քնում էր նրա սենյակում, ինչի արդյունքում նրանք շատ են մտերմանում։ Հնարավոր է դա ազդեցություն է թողնում աղջկա բնավորության և կրոնական հայացքների վրա[23]։
Ըստ Շարլոտայի կենսագրության, որը գրել է նրա ընկերուհի Էլիզաբեթ Հեսկելը, Պատրիկ Բրոնտեն հիշում է, որ կրտսեր դստեր ինտելեկտը զարգացել է շատ վաղ. մի անգամ հայրը հարցրել է, թե ինչ է նա ուզում ամենաշատը, վերջինս պատասխանել է. «Ապրած տարիներ և կենսափորձ»։ Այդ ժամանակ Էննը չորս տարեկան է եղել[24]։
1824 թվականի գարնանը Պատրիկը ավագ դուստրերին (Մարիին, Էլիզաբեթին, Շարլոտային և Էմիլիին) ուղարկում է Կրոֆտոն-Հոլի դպրոց (Կրոֆտոն, Արևմտյան Յորքշիր), իսկ ավելի ուշ՝ Clergy Daughters դպրոց (Կովան-Բրիջ, Լանկաշիր)[25]։ Երբ Մարին և Էլիզաբեթը մահանում են տուբերկուլյոզից (համապատասխանաբար մայիսի 6-ին և հունիսի 15-ին), Շարլոտան և Էմիլին անհապաղ վերադառնում են տուն[24]։ Ավագ երեխաների անսպասելի մահը այնպես է հուզում Բրոնտեին, որ այլևս չի ցանկանում մյուսներին հեռացնել իրենից։ Արդյունքում քույրերի ու եղբոր ուսուցումը հինգ տարի տեղի է ունենում տանը՝ հոր և մորաքրոջ հսկողությամբ[26]։ Երեխաների մոտ ցանկություն չի առաջանում շփվել հասակակիցների հետ. նրանք նախընտրում են միմյանց ընկերակցությունը։ Մանկական խաղահրապարակ է դառնում Հաուորտի շուրջ փռված տափաստանները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 139.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 Fraser, 1988, էջ 4
- ↑ Barker, 1996, էջ 2
- ↑ Barker, 1996, էջ 14
- ↑ Barker, 1996, էջ 41
- ↑ Barker, 1996, էջ 43
- ↑ Barker, 1996, էջ 36
- ↑ Fraser, 1988, էջեր 12—13
- ↑ Fraser, 1988, էջ 15
- ↑ Barker, 1996, էջ 48
- ↑ Fraser, 1988, էջ 16
- ↑ Fraser, 1988, էջ 2
- ↑ Barker, 1996, էջ 61
- ↑ Barker, 1996, էջ 86
- ↑ Barker, 1996, էջ 102
- ↑ Fraser, 1988, էջ 28
- ↑ Fraser, 1988, էջ 30
- ↑ Fraser, 1988, էջ 29
- ↑ Gérin, 1976, էջ 35
- ↑ 24,0 24,1 Fraser, 1988, էջ 31
- ↑ Fraser, 1988, էջ 35
- ↑ Fraser, 1988, էջեր 44—45
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնն Բրոնթեն standardebooks.org֊ում
- «Anne Brontë – The Scarborough Connection» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
- «Ann Bronte Remembered in Scarborough» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
- «Anne Bronte» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բրոնտե» հոդվածին։ |
|
- Հունվարի 17 ծնունդներ
- 1820 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 1849 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Բրոնտե ընտանիք
- Անգլիացի բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Անգլիացի կին վիպասաններ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի բանաստեղծուհիներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով