Jump to content

Թափառական Քենշինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թափառական Քենշինը
るろうに剣心 - 明治剣客浪漫譚
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Պրեմիերա1994 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 1999 թվականի նոյեմբերի 5-ը։
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Թափառական Քենշինը» (բնօրինակ անվանում — るろうに剣心 - 明治剣客浪漫譚)

«Թափառական Քենշինը. Մեյջիի թրի վարպետի մասին ռոմանտիկ պատմություն» (ճապ.՝ るろうに剣心 - 明治剣客浪漫譚 Րուրոունի Քենշին ֊ Մեյջի Կենկակու Րոմանտան), 28-հատորանի ճապոնական մանգա, որում բազմաթիվ պատմական դեմքեր են առկա որպես հերոսների նախատիպեր։ Հեղինակը Նոբուհիրո Վացուկին է։

Գործողությունները տեղի են ունենում 1868 թվականին իրականացված Մեյջի հեղափոխությունից մի քանի տարի հետո։ Պատմությունը թափառական թրի վարպետ Հիմուրա Քենշինի մասին է։ Նա ճամփորդում է Ճապոնիայով մեկ, օգնություն ու պաշտպանություն առաջարկում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Չնայած մանգան ուղղակի իմաստով պատմական չէ, մի շարք պատմական դեմքեր են ներգրգավված։ Գլխավոր հերոսի նախատիպը Գենսայ Կավակամին է՝ Մեյջի ժամանակաշրջանի փոքրամարմին մարդասպան (ճապ.՝ 人斬り հիտոկիրի, մարդ կտրող): Հիշատակվում է նաև Շինսենգումին իր անդամներով, իսկ 3-րդ ջոկատի հրամանատարը` Սայտո Հաջիմեն, լիարժեք հերոս է։

Մանգան հինգ տարի է հրատարակվել` 1994 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 1999 թվականի նոյեմբերի 5-ը։

Մանգայի հիման վրա 1996 - 1998 թվականների թողարկվել է համանուն անիմե, որ բաղկացած է 95 սերիայից։ Lույս են տեսել նաև 3 OVA, անիմացիոն ֆիլմ, գեղարվեստական ֆիլմ և 5 վիդեոխաղ PlayStation-ի և PlayStation 2-ի համար։ Մանգայի և անիմեի հիման վրա գրվել է նաև երեք վեպ։

Մանգայի գործողությունները բաժանվում են 3 մասի. առաջինը` «Տոկիոյականը», սկսվում է Մեյջի հեղափոխությունից 10 տարի անց։ Թափառական թրի վարպետ Հիմուրա Քենշինը շրջում է Ճապոնիայով` ձեռքին իր սակաբատոն։ Սակաբատոն շեղբի հակառակ կողմը սրած թուր է, որը նախատեսված չէ սպանության համար։ Անցյալում Քենշինը հիտոկիրի է եղել, սակայն ժամանակի ընթացքում զղջացել է իր կատարած գործերի համար։ Տոկիոյում նա օգնության է հասնում կենդոյի երիտասարդ ուսուցիչ Քամիա Քաորուին, փրկում նրան ավազակներց, որոնք ցանկանում էին Քաորուից իր դոջոն խլել։

Քաորուն, չնայած Քենշինի անցյալին ծանոթ լինելուն, թույլ է տալիս վերջինիս իր դոջոյում ապրել։ Քենշինին հաջողվում է բարի֊դրացիական կապեր հաստատել շատ մարդկանց հետ, այդ թվում` իր նախկին թշնամիների։ Մանգայի ընթացքում Քանշինը ընկերանում է փողոցային կռվող Սանոսքե Սագարայի հետ, յակուձայից ազատում տասնամյա որբ տղա Մեյջին Յահիկոյին և օգնում բժշկուհի Տականի Մեգումիին, ով վախից դրդված աշխատում էր թմրավաճառների ավազակախմբի համար։ Քենշինի շուրջ հավաքվում է հավատարիմ ընկերների խումբ։ Առաջին հատվածն ավարտվում է Քենշինի ամենահզոր թշնամիներից մեկի` Շինսենգումիի երրորդ ստորաբաժանման նախկին հրամանատար Սայտո Հաջիմեյի՝ Քենշինի հետքին դուրս գալով։

Երկրորդ մասում Սայտոյի և Քենշինի մենամարտն ընդհատում է ներքին գործերի նախարար Օկուբո Տոշիմիչին, ով տեղեկացնում է քաղաքական դաշտում չափազանց նպատակասլաց մի գործչի` Շիշիո Մաքոտոյի ի հայտ գալու մասին։ Վերջինս նպատակ ուներ գահընկեց անել Մեյջիի կառավարությանը և նվաճել ամբողջ Ճապոնիան։ Քենշինի հետ ունեցած զրույցից մի քանի օր անց նախարարին սպանում է Շիշիոյի օգնականներից մեկը` Սետա Սոջիրոն։ Այսպես սկսվում է մանգայի «Կիոտոյական» հատվածը։

Քենշինը միայնակ ուղևորվում է Կիոտո` նպատակ ունենալով կանգնեցնել Շիշիոյին և նրա օգնականներին։ Հերոսի ընկերների մեծ մասը ուղեկցում է նրան այդ գործում։ Կիոտոյի ճանապարհին Քենշինը հանդիպում է Օնիվաբան-շու նինջաների ջոկատի երիտասարդ անդամ Մաքիմաչի Միսաոյին։ Քենշինն ընդունում է աղջկա և ամբողջ օնիվաբան-շու ջոկատի օգնությունը։ Քենշինը վերադառնում է նախկին ուսուցչի՝ Հիկո Սեյջուրոյի մոտ, իր տարիներ առաջ կիսատ թողած ուսուցումն ավարտելու համար։ Երկրորդ մասն ավարտվում է նրանով, որ Քենշինը երկար մարտում հաղթում է Շիշիոյին, ինչից հետո ընկերների հետ վերադառնում է Տոկիո։

Երրորդ հատվածում Քենշինը նոր ահեղ թշնամու է հանդիպում․ Յուկիշիրո Էնիշիին, ով ցանկանում էր վրեժ լուծել իր ավագ քրոջ` Տոմոեի մահվան համար։ Տոմոեն Քենշինի կինն է եղել, սակայն դժբախտ պատահականությամբ Քենշինը սպանել է նրան։ Էնիշին իր օգնականների հետ հարձակվում է Քենշինի հարազատների վրա և առևանգում Քաորուին` վարպետորեն բեմադրելով նրա սպանությունը։ Քենշինը տրտմության գիրկն է ընկնում, սակայն նրա ընկերները պարզում են, որ Քաորուն կենդանի է, և գնում են նրան փրկելու։ Քենշինի հետ մենամարտում Էնիշին պարտվում է և հրաժարվում վրեժի մտադրություններից։ Ընկերների և փրկված Քաորուի հետ Քենշինը վերադառնում է տուն։ Ժամանակի ընթացքում նա հոգեկան անդորր է գտնում, ամուսնանում Քաորուի հետ։ Նրանք տղա են ունենում, ում անվանում են Կենջի։

Հիմուրա Քենշին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենսայ Կավակամին (ճապ.՝ 河上 彦斎)՝ Քենշինի նախատիպը, Բաքումացու ժամանակաշրջանի 4 մեծագույն հիտոկիրիներից մեկն էր։ Նա շատերին էր շփոթեցնում` փոքր հասակով, սուր դիմագծերով, փափուկ ձայնով ու հանգիստ բնավորությամբ։ Չնայած նուրբ շարժուձևին ու աղջկական արտաքնին, Կավակամին իր ժամանակվա լավագույն հիտոկիրին էր։

Իսկական անունը Գենջիրո Կոմորի էր։ Ծնվել է Կուամոտոյում և սկզբնական շրջանում ապրել է հարազատների հետ։ Հետագայում նրան որդեգրում է Կավակամի ընտանիքը, ինչից հետո Գենսայը որոշում է վանական դառնալ։ Վանական դառնալը Կավակամիի համար կրթություն ստանալու լավ հնարավորություն էր։ Կավակամին սովորում է ռազմական գործ, գրականություն ու կենջուցու։

Կավակամին երազում էր հեռանալ Ճապոնիայից ու իր հայրենակիցների համար անծանոթ նոր աշխարհներ ուսումնասիրել, բայց ընտանիքը նրան չթույլատրեց։ Կավակամին որդեգրում է հետևյալ փիլիսոփայությունը. «եթե մենք չենք կարող այլ երկրների գործերին տեղեկանալ, պիտի մեր երկրից վտարենք բոլոր օտարականներին»։ Որդեգրելով դարձավ «Սոննո Ձեյ» շարժման անդամ, որի նպատակն էր Տոկուգավայի Շոգունատին ստիպել, որպեսզի օտարերկրացիների նկատմամբ բակուֆու քաղաքականությունը վերանայվի։

Կավակամին ամենակարևոր մարտերի մասնակից էր ու տեսնում էր Մեյջի դարաշրջանի լուսաբացը։ Սակայն նոր ղեկավարության ու հայրենասերների միջև տարաձայնություններ առաջացան։ Դա ստիպեց կառավարությանը 1871 թվականին սուտ մեղադրանքով կալանավորել Կավակամիին ու մահապատժի ենթարկել։

Քամիա Քաորու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիա Քաորու, կենդոյի երիտասարդ վարպետ է։ Նրա մարտական կարողությունները բավական զիջում են Քենշինին, սակայն անիմեում ասվում է, որ Քաորուն Սանոսքեից վատ չի կռվում։

Որպես մարտիկ Քաորուն հաճախ չի հայտնվում անիմեում։ Շիշիո Մաքոտոյի դեմ կառավարության կազմակերպված պատերազմում Քաորուն ու Միսաոն երկուսով կռվում են Ջուպպոնգատանայի զինվորնեից մեկի` Կամատարիի դեմ, որտեղ երևում է Քաորույի ոչ այնքան ուժեղ, որքան փորձառու մարտիկ լինելը։

Արտադրությունը և արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թափառական Քենշինը» մանգայի առաջին գլուխը լույս է տեսնում 1994 թվականին «Weekly Shonen Jump» ամսագրում։ Այն տպագրվում է նույն ամսագրում ևս 5 տարի, մինչև Վացուկին որոշում է դադարեցնել տպագրությունը։ 2006-07 թվականներին մանգան վերահրատարակվում է 22 հատորներով, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր։

Ճապոնիայում մանգայի վաճառքը բարձր ցուցանիշներ է գրանցում` մոտ 51 միլիոն օրինակ 2008 թվականին, և բավականին տարածում է գտնում այլ երկրներում` թարգմանվելով ավելի քան 10 լեզուներով։ 2004 թվականին այն զբաղեցնում է առաջին տեղը ԱՄՆ-ում վաճառված օրինակների թվով։

Մանգան դրական արձագանքներ է ստանում իր գրագետ կառուցված սյուժեի և հաջողված վերջաբանի շնորհիվ, որը լուծում է տալիս մանգայում առաջ քաշված խնդիրների մեծ մասին։ Առավել հաջողված, դինամիկ և հետաքրքրաշարժ ճանաչվել է մանգայի երկրորդ հատվածը, մասնավորապես` Քենշինի և Շիշիոյի մենամարտը։ Քննադատները, սակայն, ասում են, որ անհասկանալի էր դրա ավարտը, երբ Քենշինը չսպանեց իր հակառակորդին. Շիշիոյի օրգանիզմի առանձնահատկությունների պատճառով, Շիշիոն ինքնահրկիզվում է։ Քրիս Բևերիջը` Mania.com կայքի քննադատներից մեկը, համարում է, որ այդպիսով գլխավոր հերոսը բարեհաջող ազատվեց երբեք ոչ ոքի չսպանելու իր երդումը խախտելուց։ Սակայն կա նաև հակադարձ կարծիքը. քանի որ Քենշինը և Շիշիոն հանդիսանում են համապատասխանաբար գթասրտության և դաժանության գաղափարի կրողներ, ապա Քենշինը ոչ մի դեպքում չէր կարող սպանել իր թշնամուն։ Կռվում ձևական հաղթանակը հերոսին ավելի խորը գաղափարական պարտություն կբերեր։

Երրորդ` եզրափակիչ հատվածի շուրջ առարկություններ են ծագում քննադատների շրջաններում։ Նրանց կարծիքով` այդ հատվածում հեղինակը սկսում է կրկնվել։

Վացուկին մանգայում փորձում է բավականին մոտ լինել իրականությանը։ Երբեմն նա նույնիսկ ամենաանհավանական հնարքներին է փորձում բացատրություններ տալ` համաձայն ֆիզիկայի օրենքների և չկապելով դրանք կախարդանքի կամ գերբնական երևույթների հետ։ Հեղինակը նաև մեծ ուշադրություն է հատկացնում երկրորդական կերպարներին։ 5 տարվա ընթացքում կերպարների տեսքը զգալիորեն փոխվում է, պարզենում։

Մանգան ունի երեք կարճ շարունակություն և մեկ այլընտրանքային տարբերակ։ Առաջինը մեկ գլուխ է «Յահիկոյի Սակաբատոն» (ճապ.՝ 弥彦の逆刃刀 Յահիքո նո Սաքաբատո) վերնագրով։ Այն պատմում է, թե ինչպես է մեծացած Յահիկոն ավազակներից փրկում ընկերական դոջոյի ղեկավարի աղջկան։ Երկրորդ շարունակությունը, որը նույնպես բաղկացած է մեկ գլխից, կոչվում է «Սակուրան գարնանը» (ճապ.՝ 春に桜 Հարու նի Սաքուրա) և նկարագրում է մանգայի մյուս բոլոր հերոսների հետագա կյանքը։ Գլխավոր հերոսները` Քենշինը և Քաորուն, նրանց որդին՝ Կենջինը, Միսաոն, Աոշին, Մեգումին, Յահիկոն և նրա ընկերուհի Ցուբամեն հավաքվում են ծաղկող սակուրայի շուրջ և պատմում իրենց գործերից։ Նրանց զրույցում նշվում է, որ Սանոսքեն շրջել է ամբողջ աշխարհով մեկ և Մոնղոլիայից հետո վերադառնում է Ճապոնիա, իսկ Հաջիմեն կենդանի է և շարունակում է իր գործը Հոկայդոյում։

Երրորդ շարունակությունը լույս է տեսնում «Զրոյական գլուխ» (ճապ.՝ 第零幕) անվանումով 2012 թվականի օգոստոսին «Weekly Shonen Jump» ամսագրում։ Այստեղ նկարագրվում են մինչ մանգան տեղի ունեցող գործողությունները։ Քենշինը, գտնվելով Յոկոգամայում, էլդեր ազգանունով մի ամերիկուհու, ով Ճապոնիա էր եկել աղքատներին բուժելու նպատակով, պաշտպանում է հանցագործներից։ Ճապոնիայից հեռանալիս Էլդերը Քենշինին առաջարկում է որևէ տեղ կանգ առնել և ամոքել իր մարմնի և հոգու վերքերը։ Հենց նրա խորհրդի արդյունքում Քենշինը որոշում է կայացնում Քաորուի դոջոյում ապաստանելու։

Մանգայի այլընտրանքային տարբերակը սկսեց տպագրվել «Jump SQ» ամսագրում 2012 թվականի մայիսից «Թափառական Քենշինը․ Կինեմա֊բան» (ճապ.՝ るろうに剣心 - キネマ版 Րուրոունի Քենշին ֊ Քինեմա֊բան) անվանումով։ Սրա սյուժեն մոտավորապես համընկնում է մանգայի հիման վրա նկարված գեղարվեստական ֆիլմի սյուժեի հետ։ Այստեղ Քենշինի գլխավոր թշնամին թմրավաճառ Տադեկա Կանրյուն է, իսկ մյուս բոլոր հակառակորդները հանդես են գալիս նրա կողմից վարձված մարտիկների տեսքով, որոնք ցանկանում են սպանել Քենշինին և իրենց ձեռքն առնել Քաորուի դոջոն։

Անիմացիոն ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն ֆիլմը նկարահանել է Հացուկի Ցուջին «Թափառական Քենշինը. Կայսերապաշտ Հայրենասերների Ռեքվիեմը» (ճապ.՝ るろうに剣心, 維新志士への鎮魂歌 Րուրոունի Քենշին․ Իշշին Շիշի է նո Չինկոնկա) վերնագրով։ Այն լույս է տեսել Ճապոնիայում 1997 թվականի դեկտեմբերի 20-ին։ Ֆիլմը նկարահանման ձևով անիմե է հիշեցնում։ Այն պատմում է ապստամբ Տակիմի Շիգուրեի մասին, ով որոշել էր Մեյջի իշխանությունը տապալել։ Սյուժետի համաձայն` Բակումացու ժամանակաշրջանի վերջին տարիներին Այձու իշխանությունը հուսահատ հարձակում է գործում շոգունատի առաջնորդ կարսերապաշտների վրա։ Հարձակման ժամանակ Քենշինը, ով կռվի դաշտում էր գտնվում, սպանում է շոգունատի ուժեղագույն զինվորին` Տացուկի Գենտացուին։

Շատ տարիներ անց` 1879-ին ընկերների հետ Յոկոգամու ուղևորվելիս, Քենշինը հանդիպում է Գենտացուի քրոջը` Տոկիին, և նախկին ընկերոջը` Շիգուրեին։ Շիգուրեն գաղտնի ապստամբություն էր նախաձեռնում` ցանկանալով սպանել Ճապոնիայի վարչապետին և տապալել Մեյջի իշխանությունը, որպեսզի վրեժ լուծի Բակումացուի ժամանակ սպանված իր ընտանիքի համար։ Ապստամբները պայթեցնում են անգլիական հյուպատոսության շենքը և զինված անկարգություններ կազմակերպում Տոկիոյում շքերթի ժամանակ։ Քենշինը կռվի մեջ է մտնում Շիգուրեի հետ և հաղթում նրան` դրանով իսկ կանխելով կառավարությանը սպառնացող վտանգը։

Ֆիլմն արժանացել է քննադատների միջին գնահատականներին. նրանց դուր եկավ Շիգուրեի կերպարի զարգացումը, չնայած նրանք նշեցին, որ անիմե-սերիալի սյուժեի հետ բավականին տարբերություններ կան։ Բացի այդ` ֆիլմում բավականին շատ էին հերոսների հիշողությունների դրվագները, ինչը ձանձրացնում է հանդիսատեսին։ Երաժշտությունն այնքան էլ բարձր չգնահատվեց, իսկ անիմացիայի որակի շուրջ առաջ եղան հակասական կարծիքներ։

Ֆիլմից բացի` լույս է տեսել նաև 3 OVA, որոնցում ստեղծողները փորձել են առավել ճշգրիտ արտացոլել հետհեղափոխական Ճապոնիան։ Ֆիլմի և անիմեի հետ համեմատած` OVA-ների գրաֆիկան ավելի իրատեսական է։ Դրանք սկզբում թողարկվել են երեսունրոպեանոց սերիաների ձևով (առաջին OVA-ն բաղկացած էր 4, երկրորդը` 2 սերիաներից), որոնք հետագայում վերաթողարկվել են առանձին ֆիլմերի տեսքով։

Գեղարվեստական ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 25-ից Ճապոնիայի կինոթատրոներում ցուցադրվում է «Թափառական Քենշինը» մանգայի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմը, որը մինչև նոյեմբեր վարձույթից 36,7 մլն դոլլար է հավաքում։ Քենշինի դերը կատարում է դերասան Տակերու Սատոն։ Ֆիլմի ռեժիսորը Կեյշի Օտոման է, ով դրանից ոչ շատ առաջ նկարել էր «Ասք Սակոմոտո Րյոմեի մասին» (ճապ.՝ 龍馬伝) պատմական ֆիլմը, որի գործողությունները նույնպես տեղի են ունենում Բակումացուի ժամանակներում։ Նոր կինոնկարի նկարահանմանը ներգրավել էին նաև Նոբուհիրո Վացուկիին, ով իր հավանությունն էր տվել Սատոյի ընտրության հարցում և մի քանի մտքեր էր առաջարկել, որոնք հետագայում օգտագործվեցին ֆիլմում։

Ֆիլմի սյուժեն հիմնված է մանգայի առաջին մասի վրա։ Կայսերական ուժերի տարած հաղթանակից հետո Քենշինը, որն այդ ժամանակ հզոր մարդասպան էր, անհետանում է և հայտնվում է Տոկիոյում միայն 10 տարի անց՝ խաղաղասեր թափառականի տեսքով։ Նա հակամարտության մեջ է մտնում թմրավաճառ Տակեդո Կանրյուի հետ (Տերույուկի Կագավա), ում ավազակախումբը փորձում է նվաճել դոջոն Քաորուից (Էմի Տակիե) և նրա միակ աշակերտ Յահիկոյից (Տակետո Տանակա)։ Քենշինը հաղթում է ամբողջ ավազակախմբին, ինչից հետո բռնցքամարտիկ Սագարա Սանոսքեի հետ (Մունետակա Աոկի) ներխուժում է Կանրյուի առանձնատունը և այնտեղից փրկում Տականի Մեգումիին (Յու Աոի), ով իր կամքին հակառակ Կանրյուի համար օփիում էր պատրաստում։ Դրանից հետո ոստիկանության աշխատակից Սայտո Հաջիմեն (Յոսուկե Էգուչի) ձերբակալում է թմրավաճառին։ Վերջինիս համակիրներից մեկը` մոլագար Ուդո Ջինեն (Կոջի Կիգավա), ով դեռ ազատության մեջ էր, առևանգում է Քաորուին, որպեսզի ստիպի Քենշինին վերադառնալ անսիրտ մարդասպանի իր նախկին վիճակին։ Դա նրան գրեթե հաջողվում է, սակայն նա պարտվում է Քենշինին և ինքնասպան լինում։ Ֆիլմի վերջում Քենշինը, Քաորուն, Սանոսքեն, Յահիկոն և Մեգումին միասին հավաքվում են դոջոյում։

Ֆիլմի քննադատությունները մեծ մասամբ դրական են։ Մտավախությունը, որ այն կդառնա արդեն իսկ հաջողված մանգայի և անիմեի էժանագին պատճեն չարդարացավ։ Ֆիլմը բավականին լավ էր նկարահանվել։ Գնահատողներին դուր էին եկել կռվի տեսարանների արագ և կատաղի զարգացումները և համակարգչային գրաֆիկայի քիչ օգտագործումը, չնայած նրանք նշում են, որ որոշ տեսարաններում հերոսները անհավանական և հիմար թվացող թռիչքներ են իրականացնում։ Թե քննադատները, թե Վացուկին դերասանների խաղը բարձր են գնահատել։ Չնայած դրան` դիտորդներից մեկը անտեղի է համարում Քենշինի համար «օ~րո» բացականչությունը, որը նա օգտագործում է հիմնականում ծիծաղելի դրվագներում։ Մյուսն էլ պնդում էր, որ Քաորուի դերը կատարող դերասանուհին չափազանց գեղեցիկ է, իսկ մանգայում նա սովորական կերպար էր, ում համեմատ Մեգումին ցնցող տեսք ուներ, իսկ այ ֆիլմում պատկերը հակադարձ է։

Ֆիլմի երաժշտական նվագակցությունը գրել է Նաոկի Սատոն և դրա համար արժանացել բարձր գնահատականի։ Ընդհանուր առմամբ ֆիլմը գնահատվել է հետաքրքրաշարժ և հաջողված ոչ միայն մանգայի էկրանացման առումով, այլ նաև իբրև ինքնուրույն կինոնկար, չնայած սյուժեն ժամանակ առ ժամանակ անլուրջ է դառնում, իսկ կերպարները` չափազանցված։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառական Քենշինը» հոդվածին։