Համաճարակային պարօտիտ
Համաճարակային պարօտիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | խոզուկի հարուցիչ |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | վատառողջություն[1], տենդ[1], այտուց[2], Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, մենինգիտ, ամորձաբորբ, Էպիդիդիմիտ և Քսերոստոմիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և մանկաբուժություն |
Բուժում | supportive care? |
Mumps Վիքիպահեստում |
Համաճարակային պարօտիտ[3] (լատին․՝ parotitis epidemica) (համաճարակային հարականջաբորբ, խոզուկ)[4] սուր վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է առավելապես թքագեղձերի, գեղձային օրգանների (ենթաստամոքսային գեղձ, ամորձիներ) և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ։ Այս հիվանդության առավել վառ արտահայտությունը հարականջային թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ոչ թարախային բորբոքումը և ցավոտությունն է։
Պատմական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս մ.թ.ա. V դարում Հիպոկրատը նկարագրել է խոզուկը և նրա վարակիչ բնույթը։ 1700-ականներին Համիլտոնը դիտարկել է ամորձաբորբը որպես պարօտիտի արտահայտություն։ 1908 թ-ին Գրանատը ապացուցեց պարօտիտի վիրուսային ծագումը։ 1934 թ-ին Ջոնսոնը և Գուդպաստերը կապիկների էքսպերիմենտալ վարակումով ապացուցեցին, որ պարօտիտով հիվանդների թուքը պարունակում է զտվող վիրուս։ 1945 թ-ին Գեյբլը հավի սաղմում կուլտիվացրեց պարօտիտի վիրուսը։ Հետազոտելով պարօտիտով հիվանդներին, Էնդերը և համահեղինակները նկարագրեցին մաշկային տեստը և կոմպլեմենտի կապման ռեակցիան։ 1950 թ-ին հայտնաբերված սպանված պատվաստանյութը չտվեց սպասված արդյունքը, իսկ 1966 թ-ին Բինակը և Հիլլեմանը ստացան արդյունավետ կենդանի պատվաստանյութ։
Համաճարակային հարականջաբորբի վիրուսը պատկանում է Paramixoviridae ընտանիքին։ Այն պարունակում է ՌՆԹ, ունի անկանոն գնդաձև կառուցվածք, 90–300 նմ (միջինը՝ 200 նմ) տրամագիծ։ Նուկլեոկապսիդը կազմված է 10 մմ հաստությամբ եռաշերտ թաղանթից։ Արտաքին մակերեսը կազմված է հիմնականում գլիկոպրոտեիդներից, որոնք ունեն հեմագլյուտինացնող, նեյրամինիդազային և ներթափանցող ակտիվություն։ Վիրուսային անտիգենը (V), որը հայտնաբերվում է հիվանդության ուշ շրջաններում կոմպլեմենտի կապման ռեակցիայով, նույնպես գտնվում է այս շերտում։ Նուկլեոկապսիդը պարունակում է S (լուծվող) անտիգեն, որը հայտնաբերվում է հիվանդության վաղ շրջաններում։ Հայտնի է պարօտիտի վիրուսի միայն մեկ սերոտիպ։ Վիրուսը անկայուն է ախտահանող նյութերի նկատմամբ, 4˚C ջերմաստիճանի պայմաններում պահպանվում է մի քանի օր, –65˚C–ում՝ ամիսներ և տարիներ, սակայն ջերմաստիճանի տատանումները կարող են իջեցնել վիրուսի ակտիվությունը։ Վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում, արագ ինակտիվանում է բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի թույլ լուծույթի, լիզոլի, սպիրտի ազդեցությամբ։ Վիրուսն աճում է հավի սաղմում, պաթոգեն է կապիկների համար, որոնց մոտ առաջացնում է հարականջային թքագեղձերի բնորոշ բորբոքում։ Կան տվյալներ կենդանիների մոտ ներարգանդային պարօտիտի մասին։ Վիրուսը բազմանում է տարբեր բջջային կուլտուրաներում այնպես, ինչպես հավի սաղմում։ Վիրուսոլոգիական ախտորոշման մեջ վիրուսի անջատման համար օգտագործվում է կապիկի, մարդու սաղմի երիկամները։ Ցիտոպաթիկ էֆեկտի արդյունքում (ինտրացիտոպլազմատիկ էոզինոֆիլային ներառումներ, վիրուսն ներթափանցում բջջի մեջ) առաջանում են գիգանտ բազմակորիզ սինցիտիաներ։ Վիրուսը սովորաբար հայտնաբերվում է հեմադսորբցիայի արգելակման ռեակցիայով, որի ժամանակ պարօտիտով ռեկոնվալեսցենտների շիճուկը արգելակում է էրիթրոցիտների ադսորբցիան հավի սաղմի պարօտիտով վարակված էպիթելիալ բջիջներ ավելացնելիս։
Համաճարակային հարականջաբորբը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն անտրոպոնոզ ինֆեկցիա է։ Հիվանդության աղբյուրը՝ միայն մանիֆեստացված և սուբկլինիկական ձևերով հիվանդ մարդն է։ Վիրուսակրություն չի դիտվում։ Փոխանցման ուղին՝ օդակաթիլային, հազվադեպ կոնտակտային։ Հնարավոր է ներարգանդային վարակում՝ միոկարդի առաջնային ֆիբրոէլաստոզի զարգացումով։ Հարուցիչը արտազատվում է վերին շնչուղիներից փռշտոցի, հազի, լացի, փսխման ժամանակ։ Կոնտագիոզության ինդեքսը՝ 70 %-80% է։ Պարօտիտի փոխանցման համար անհրաժեշտ է ավելի սերտ շփում, քան կարմրուկի և ջրծաղիկի ժամանակ։ Առավել վտանգավոր է հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց անմիջապես առաջ և հետո ընկած ժամանակահատվածը։ Հիվանդացությունը՝ առավել հաճախ գրանցվում են համաճարակային բռնկումներ փակ կոլեկտիվներում (զինվորական, դպրոցական և այլն)։ Տարիքային կառուցվածքը՝ մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարօտիտով՝ շնորհիվ պասիվ իմունիտետի (տրանսպլացենտար ստացած մայրական հակամարմինների)։ Հիվանդների 3%–ը կազմում են մինչև 3 տարեկան երեխաները, 22%-ը՝ 3-ից 5 տարեկան, 35%-ը՝ 5-ից 7 և 40 %-ը՝ 7-ից 14 տարեկան երեխաները։ 20 տարեկանից մեծ անձանց մոտ 80-90%-ը ունի իմունիտետ պարօտիտի նկատմամբ, չնայած նրանց մոտ 30%–ը անամնեզում հիվանդություն չի նշում։ Արական սեռի ներկայացուցիչները հիվանդանում են 1,5 անգամ հաճախ, քան իգական սեռինը։ Սեզոնայնությունը՝ պարօտիտի դեպքերը գրանցվում են ամբողջ տարվա ընթացքում։ Առավելագույն հիվանդացությունը ընկնում է հունվար-մայիս ամիսներին։ Պարբերականությունը՝ մինչև կենդանի պատվաստանյութի կիրառումը պարբերականությունը 2-5 տարի էր։ Իմունիտետը՝ հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ (կրկնակի վարակումը ՝0.4-3%)։
Մուտքի դուռը վերին շնչուղիների լորձաթաղանթն է։ Վիրուսը, ընկնելով լորձաթաղանթի վրա, ամրանում է, բազմանում և, թափանցելով արյուն (առաջնային վիրուսեմիա), տարածվում է բոլոր օրգաններ և համակարգեր՝ ախտահարելով թքագեղձերը և մյուս գեղձերը։ Վիրուսն ունի տրոպիզմ թքագեղձերի նկատմամբ, որտեղ տեղի է ունենում նրա բազմացումը։ Վիրուսեմիայի առաջին ալիքին հաջորդում է երկրորդը (երկրորդային վիրուսեմիա), որի արդյունքում ախտահարվում են թիրախ-օրգանները՝ ԿՆՀ-ն, թքագեղձերը, այլ գեղձային օրգաններ։
Ախտաձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևաբանական փոփոխությունները հարականջաբորբի ժամանակ տեղի են ունենում թքագեղձերի, ենթաստամոքսային գեղձի, ամորձիների, ԿՆՀ-ի միջանկյալ հյուսվածքում։ Զարգանում է տարածուն այտուց և շճա-ֆիբրինոզ էքսուդացիա, որն ի սկզբանե պարունակում է միակորիզ լեյկոցիտներ։ Երբ պրոցեսի մեջ ընդգրկվում են ենթաստամոքսային գեղձիը և ամորձիները, մանրադիտակային պատկերը համանման է թքագեղձերում փոփոխություններին, բացառությամբ այն բանի, որ ամորձիներում դիտվում են միջանկյալ արյունազեղումներ և բազմաձևակորիզ լեյկոցիտներ։ Ուղեղում ախտաձևաբանական փոփոխությունները պարօտիտային ուղեղաբորրբի ժամանակ նույնն է, ինչ այլ հետվարակային ուղեղաբորբերինը, բնութագրվում է շուրջերակային ապամիելինացմամբ, շուրջանոթային միակորիզ բջիջների ներթափանցմամբ և միկրոգլիային բջիջների քանակի գեներալիզացված իջեցումով՝ նյարդաբջիջների քանակի հարաբերական պահպանմամբ։ Սակայն առաջնային պարօտիտային ուղեղաբորբի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ զարգանում է տարածուն նեյրոնոլիզ՝ առանց ապամիելինացման նշանների։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տիպի
[խմբագրել | խմբագրել կոդը]A. Տիպիկ ձևեր
- Գեղձային
- Նյարդային
- Խառը
B. Ատիպիկ ձևեր
- Ջնջված
- Ինապարանտ
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խլություն
- Երկրորդային վարակ
- Քրոնիկ պանկրեատիտ
- Ցերեբրասթենիա
- Սինովիտներ
- Անպտղություն և այլն
Ըստ ծանրության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեթև ձև 23%
- Միջին ծանրության 52%
- Ծանր ձև 20%
Ծանրության ցուցանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինտոքսիկացիայի արտահայտվածություն
- Գեղձերի ախտահարման աստիճան
- ԿՆՀ-ի ախտահարման աստիճան
Ջնջված ձևերը բնութագրվում են թույլ արտահայտված կլինիկական ախտանիշներով, որի պատճառով դժվար են ախտորոշվում։ Երեխան գանգատներ չի նշում, ջերմությունը նորմալ է կամ սուբֆեբրիլ։ Հարականջային թքագեղձերը քիչ են մեծացած։ Սուբկլինիկական ձևերը կլինիկական ախտանիշներ չունեն։ Նրանց ախտորոշումը կատարվում է միայն շճաբանական հետազոտության միջոցով։
Կլինիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկուբացիոն շրջանը տևում է միջինը 12-26 օր։ Առավել հաճախ ախտահարվում են հարականջային թքագեղձերը։ Նախանշանների շրջանը յուրահատուկ չէ, ներառում է ոչ բարձր ջերմություն, անորեքսիա, ընդհանուր թուլություն, գլխացավ։ Մեկ օրվա ընթացքում պարզ է դառնում հիվանդության պատճառը՝ հիվանդը սկսում է գանգատվել ականջի ցավից, իսկ շոշափման ժամանակ հայտնաբերվում է հարականջային թքագեղձի միակողմանի ցավոտություն։ Ախտահարված թքագեղձի չափերը սկսում են զգալի մեծանալ՝ հասնելով մաքսիմումի հիվանդության 2-3 օրը։ Առավելագույն ցավոտությունը համընկնում է թքագեղձի չափերի առագ մեծացման ժամանակահատվածին։ Մեծացած թքագեղձը լցնում է մանդիբուլյար անկյունը, այն դեպքում, երբ պարանոցային ավշագեղձախտը չի ծածկում այդ անատոմիական հատվածը։ Շոշափման ժամանակ հայտնաբերվում է թքագեղձի ցավոտություն։ Հայտնաբերվում են Ֆիլատովի ցավային կետերը՝ ականջի բլթակից առաջ գտնվող կետը և կրծոսկրա-անրակա-պտկաձևային մկանի գագաթին մոտ գտնվող կետը։ Ախտորոշման համար կարևոր է Մուրսուի ախտանիշը՝այտի ներքին մակերեսի լորձաթաղանթին, հարականջային թքագեղձի ծորանի բացման տեղում հիպերեմիա և ինֆիլտրացիա։ Այս ախտանիշը դրական է 50-80% դեպքերում։ Սովորաբար երկրորդ թքագեղձը ախտահարվում է մի քանի օր անց, սակայն դեպքերի 1/4-ում հիվանդությունը կարող է ընթանալ մեկ հարականջային թքագեղձի ախտահարումով։ Ստենսոնյան ծորանի արտաքին բացվածքը հաճախ լինում է այտուցված և հիպերեմիկ։ Թքագեղձի մեծացման հետևանքով զարգանում է ծնոտակարկամ, որը դժվարացնում է խոսելը և ծամելը։ Ցիտրուսային մրգերի և նրանց հյութերի օգտագործումը ուժեղացնում է ցավը։ Հիվանդության առաջին օրերին ջերմությունը կարող է տատանվել նորմալից մինչև 40 °C։ Այն բանից հետո, երբ հարականջային թքագեղձերի մեծացումը հասնում է մաքսիմումի, տեղի է ունենում ցավի, ջերմության, շոշափելիս ցավոտության հետ զարգացում, իսկ մեկ շաբաթվա ընթացքում գեղձը վերադառնում է իր նորմալ չափերին։ Միաժամանակ հարականջային թքագեղձերի հետ այլ թքագեղձերի ընդգրկումը պրոցեսի մեջ դիտվում է 10%-ից պակաս դեպքերում։ Առավել հազվադեպ այլ թքագեղձերի ախտահարումը կարող է լինել պարօտիտային վարակի միակ արտահայտությունը։
Ենթածնոտայն թքագեղձերի ախտահարումը հաճախ քողարկվում է որպես առաջ-պարանոցային ավշագեղձախտ։
Ենթալեզվային գեղձերը հազվադեպ են ախտահարվում պարօտիտի ժամանակ, ախտահարման դեպքում դիտվում է լեզվի այտուց։
ԿՆՀ-ի ախտահարումը պարօտիտային վարակի առավել հաճախ հանդիպող ոչ գեղձային արտահայտությունն է և դիտվում է 10-85% հիվանդների մոտ։
Մենինգիալ ախտանիշները, ինչպես և պարօտիտային վարակի այլ արտահայտությունները, կարող են ի հայտ գալ հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց առաջ, միաժամանակ և հետո, կամ առանց նրանց ախտահարման։ Սովորաբար մենինգիալ ախտանիշները գումարվում են հարականջային գեղձերի ախտահարման 4-րդ օրը, բայց կարող ի հայտ գալ ինչպես մեկ շաբաթ առաջ, այնպես էլ երկու շաբաթ հետո։ Առկա են վիրուսային մենինգիտներին բնորոշ կլինիկական ախտանիշները՝ գլխացավ, հաճախակի փսխումներ, տենդ, պարանոցային մկանների կարկամություն, Կերնիգի և Բրուձինսկու դրական ախտանիշներ։ Ողնուղեղային հեղուկի պունկտատում լեյկոցիտների քանակը 10-2000 է՝ լիմֆոցիտների գերակշռումով, չնայած 20-25% հիվանդների մոտ կարող են գերակշռել պոլիմորֆնուկլեար լեյկոցիտները։ Սպիտակուցի քանակը նորմալ կամ քիչ բարձր է, 90-95% հիվանդների մոտ նրա քանակը չի գերազանցում 0,7մգ/մլ-ը։ Պունկցիայի ժամանակ հեղուկը հոսում է նորմալ կամ քիչ բարձր ճնշման տակ։ Շաքարի և քլորիդների քանակը նորմալ է (տուբերկուլյոզային մենինգիտների ժամանակ շաքարի քանակը իջած է)։ Ողնուղեղային հեղուկում հաճախ հայտնաբերվում է պարօտիտի վիրուսը։ Ողնուղեղային հեղուկի փոփոխությունները կարող են պահպանվել 5 շաբաթ և ավել։ Ջերմության լիտիկ իջեցումը և ախտանիշների հետզարգացումը սովորաբար տեղի է ունենում հիվանդության 3-10 օրերին։ Մենինգիտի ելքը բարենպաստ է, լիարժեք առողջացումով և առանց բարդությունների։ Պարօտիտի ծանր, բայց հազվադեպ հանդիպող բարդություններ են ուղեղաբորբը և մենինգոուղեղաբորբը, որոնք բնութագրվում են գիտակցության կորուստով, զառանցանքով և օջախային ախտանիշներով (պարեզներ, պարալիչներ, խոսելակորուստ և այլն), ինչպես նաև ներքին ականջի և լսողական նյարդի ախտահարումով, որի արդյունքում արագ զարգանում է կայուն խլություն։ Տեսողական նյարդի ապաճում դիտվում է շատ ավելի հազվադեպ։
Ամորձաբորբը պարօտիտի հաճախ հանդիպող էքստրասալիվար արտահայտություն է երիտասարդ տղամարդկանց մոտ (6-66%), հազվատեպ՝ նախապուբերտատ տարիքի տղաների մոտ, և 1/6 դեպքերում կրում է երկկողմանի բնույթ։ 2/3 դեպքերում ամորձաբորբն ի հայտ է գալիս հիվանդության առաջին շաբաթում, մնացած դեպքերում այն ի հայտ է գալիս երկրորդ շաբաթում։ Սակայն ամորձիների ախտահարումը կարող է նախորդել թքագեղձերի ախտահարմանը, կամ կարող է լինել հիվանդության միակ արտահայտությունը։ Այն սկսվում է ջերմության կտրուկ բարձրացումով մինչև 39°-40 °C, սարսուռով, փսխումով և ցավերով ամորձու շրջանում։ Զննման ժամանակ հայտնաբերվում է ախտահարված ամորձու այտուց, ցավոտություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերեմիա։ 85% դեպքերում առկա է էպիդիդիմիտ, որը երբեմն նախորդում է ամորձաբորբին։ Ամորձին կարող է մեծացած լինել 3-4 անգամ։ 84% հիվանդների մոտ ջերմությունը կարգավորվում է հիվանդության 5-րդ օրը կամ ավելի վաղ։ Ցավը և այտուցը անհետանում են ջերմության կարգավորումից անմիջապես հետո։ Սակայն 20% դեպքերում ցավոտությունը պահպանվում է երկու շաբաթից ավել։ Վերականգնման վաղ շրջաններում կարող է դիտվել տուրգորի իջեցում, իսկ մի քանի ամիս կամ տարի անց զննելիս 50% դեպքերում դիտվում է չափավոր ատրոֆիա։ Հարկ է նշել, որ նույնիսկ երկկողմանի ամորձաբորբի դեպքում իմպոտենցիա չի զարգանում, իսկ անպտղություն հազվադեպ է դիտվում։
Ձվարանաբորբը զարգանում է պարօտիտով հիվանդ պոստպուբերտատ տարիքի կանաց 5%-ի մոտ։ Ախտանիշներն են՝ տենդը, սրտխառնոցը, փսխումը, ցավը որովայնի ստորին մասում։
Պանկրեատիտն արտահայտվում է էպիգաստրալ շրջանի ուժեղ ցավերով, ուղեկցվում է բարձր ջերմությամբ, սրտխառնոցով և փսխումներով։ Երբեմն հիվանդները նշում են թեթև դիսկոմֆորտ որովայնի վերին մասերում, որը չի համապատասխանում հիվանդության ծանրությանը։ Արյան մեջ բարձրանում են ամիլազայի, լիպազայի և տրիպսինի քանակները, իսկ մեզում՝ դիաստազայի քանակը։ Պանկրեատիտի ելքը բարենպաստ է։ Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան վերականգնվում է հիվանդության 3-4 շաբաթում։
Պարօտիտային վարակի հազվադեպ արտահայտություններն են վահանագեղձաբորբը, մաստիտը, շագանակագեղձաբորբը, հեպատիտը, թրոմբոցիտոպենիան, ձվարանաբորբը, ամոթույքագեղձաբորբը, արցունքագեղձաբորբը, սրտամկանաբորբը, սրտապարկաբորբը, միզապարկաբորբը, միզուկաբորբը, երիկամաբորբը, կոկորդաբորբը, բրոնխաբորբը։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդությունները պարօտիտի ժամանակ բավականին հազվադեպ են։ Նկարագրված են գանգուղեղային նյարդերի ախտահարման դեպքեր, հատկապես, լսողական նյարդի ախտահարում՝ խլության զարգացումով։ Հղիության առաջին եռամսյակում պարօտիտ զարգանալու դեպքում պտուղը մահանում է։ Կան տվյալներ, որ պարօտիտով հիվանդ մայրերից ծնված երեխաների 7,7%-ը ծնվում է պակաս քաշով(<2500 գ)` համեմատական խմբի 3,3%-ի փոխարեն։ Նկարագրված են տարբեր բնածին արատներ այն երեխաների մոտ, որոնք ծնվել են հղիության ընթացքում պարօտիտ տարած մայրերից։ St. Geme և համահեղինակները նկարագրել են կապը ներարգանդային պարօտիտային վարակի և բնածին էնդոկարդիալ ֆիբրոէլաստոզի միջև` հիմնվելով վերջիններիս մոտ պարօտիտային անտիգենով մաշկային տեստի բարձր տոկոսներով դրական ցուցանիշների վրա։ Համանման քննարկումներ կան նաև պարօտիտային վարակի հնարավոր դերի մասին երիտասարդական շաքարային շաքարախտի ծագման մեջ։ Ինչպես անցողիկ, այնպես էլ կայուն դիաբետի մասին, որը զարգացել է անմիջապես պարօտիտից հետո, կան բազմաթիվ նկարագրություններ։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլինիկական մեթոդ
- Համաճարակաբանական մեթոդ
- Լաբորատոր մեթոդ
- Հեմոգրամմա
- Վիրուսաբանական
- Շճաբանական
մեծ մասամբ պարօտիտն ախտորոշվում է հիմնվելով անամնեզի, կլինիկական ախտանիշների (հրիանդը նշում է հարականջային թքագեղձերի շրջանում այտուց և ցավոտություն, որը կարող է ուղեկցվել չափավոր արտահայտված ընդհանուր ինտոքսիկացիայով)։ Ախտորոշման առումով դժվարություն են ներկայացնում թեթև և աբորտիվ ձևերը, միայն ենթածնոտային գեղձերի ախտահարումով ընթացող ձևերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ մենինգիտը կամ ամորձաբորբը հիվանդության առաջին արտահայտություններն են։ Ախտորոշումը դրվում է ելնելով ինչպես վերը նշված կլինիկական ախտանիշներից, այնպես էլ էպիդեմիոլոգիական տվյալներից (շփում հիվանդի հետ, պատվաստումների բացակայութուն)։ Լեյկոցիտների քանակը և լեյկոֆորմուլան նորմալ են, կամ կարող է լինել թեթև լեյկոպենիա՝ հարաբերական լիմֆոցիտոզով։ Մնեինգիտի, ամորձաբորբը, պանկրեատիտի դեպքում կարող է լինել լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով։ Պանկրեատիտի ժամանակ ամիլազան արյան շիճուկում կարող է բարձր լինել և պահպանվել 2-3 շաբաթ։ Վերջնական ախտորոշումը դրվում է արյան շճաբանական հետազոտությունների կամ վիրուսի անջատման դեպքում։ Հակամարնինների տիտրի աճը չորս անգամ կոմպլեմենտի կապման, հեմագլյուտինացիայի արգելակման կամ նեյտրալիզացիայի ռեակցիաներով, թույլ է տալիս հաստատել ախտորոշումը։ Վիրուսը կարող է անջատվել մի շարք աղբյուրներից։ Այն հաճախ պարունակվում է թքի մեջ մոտ մեկ շաբաթ, սովորաբար թքագեղձերի ախտահարումից 2-3 օր առաջ և 4-5 օր հետո։ Բացի այդ վիրուսը կարող է անջատվել նաև այն հիվանդների թքից, որոնք տանում են ջնջված ձևերը կամ էքստրասալիվար արտահայտություններ։ Իմունաֆերմենտատիվ անալիզով յուրահատուկ IgM-ի հայտնաբերումը թույլ է տալիս հաստատել ախտորոշումը, IgG-ն ի հայտ է գալիս ավելի ուշ և պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ հիվանդները բուժվում են տանը։ Հոսպիտալիզացիայի են ենթարկվում ծանր ձևերով հիվանդները (սերոզ մենինգիտ, ամորձաբորբ, պանկրեատիտ)։ Յուրահատուկ բուժում չկա։ Խիստ անկողնային ռեժիմ ցուցված է սուր շրջանում (5-7 օր), հատկապես 10-12 տարեկան տղաների համար։ Բուժումը սիմպտոմատիկ է։ Անալգետիկ- անտիպիրետիկ միջոցները, ինչպիսիք են ասպիրինը, ացետամինոֆենը, անալգինը, պապավերինը, նո-շպան, ուղղված են թքագեղձի բորբոքման պատճառով առաջացած ցավը մեղմելուն և ջերմության իջեցմանը։ Սննադակարգը ներառում է հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ՝ ախտահարված գեղձը խնայելու նպատակով։ Ցուցված է չոր, տաքացնող միջոցներ գեղձի շրջանում (բրդյա վիրակապ, սոլյուքս լամպ)։ Ուլտամանուշակագույն ճառագայթումը և գերբարձր հաճախականությամբ հոսանքի կիրառությունը նույնպես խորհուրդ է տրվում։ Պետք է կատարել բերանի խոռոչի ողողումներ թույլ դեզինֆեկցող լուծույթներով։ Հեղուկների ներերակային ներարկումը ցուցված է մենինգիտով և պանկրեատիտով հիվանդներին, որոնք ունեն կրկնվող փսխումներ։ Ողնուղեղային պունկցիան կարող է մեղմել մենինգիտի պատճառով առաջացած գլխացավը։ Կիրառվում է դեհիդրատացիոն բուժում (միզամուղներ)։ Պանկրեատիտի դեպքում սննդակարգն ավելի խիստ է (քաղցած օրեր)։ Ամորձաբորբի բուժումը բացառապես սիմպտոմատիկ է։ Անկողնային ռեժիմը, նարկոտիկ անալգետիկները, բորբոքված ամորձու ֆիքսումը կախակալով, սառցե պարկը՝ այտուցի շրջանում բարելավում են հիվանդի ինքնազգացողությունը։ Նշանակվում են ստերոիդներ՝ 2-3մգ/կգ ըստ պրեդնիզոլոնի օրական դոզայով (7-10 օր տևողությամբ)։ Կանխարգելումը Վարակի տարածումը կանխելու նպատակով պարօտիտով հիվանդներին խորհուրդ է տրվում մեկուսացնել մինչև հարականջային թքագեղձերի այտուցի անհետացումը։ Այս մեթոդը կարող է քիչ արդյունավետ լինել, հատկապես փակ միջավայրերում (դպրոց, հիվանդանոց), քանի որ վիրուսը հայտնվում է թքի մեջ կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց մի քանի օր առաջ։ Բացի այդ, ինապարանտ ձևերով հիվանդները նույնպես վարակիչ են՝ չնայած կլինիկական ախտանիշների բացակայությանը։ Հիվանդներին մեկուսացնում են տանը, հոսպիտալիզացիան ցուցված է հազվադեպ, ծանր դեպքերում և համաճարակաբանական ցուցումներով։ Նկատի ունենալով, որ հիվանդները վարակիչ են համեմատաբար կարճատև, մեկուսացվում են 9 օր։ Կոնտակտավորները, որոնք նախկինում պարօտիտ չեն տարել, մեկուսացվում են 21 օր։ Եթե ճշգրիտ հայտնի է շփման օրը, թույլատրվում է հաճախել մանկական կոլեկտիվ առաջին 10 օրը, ապա մեկուսացվում են 11-ից 21-րդ օրերին։ Մշակված է պարօտիտի ակտիվ իմունիզացիայի մեթոդը։ Ա. Սմորոդինցևը և Ն. Կլյաչկոն առաջարկել են բարձր արդյունավետությամբ և քիչ ռեակտոգեն կենդանի ատենուացված վակցինա։ Այն պահպանվում է չոր նյութի ձևով։ Պատվաստվում են երեխաները միանվագ, 15-18 ամսականում, ենթամաշկային (0,5մլ)։ Մանկաբուժական պրակտիկայում կիրառվում է կոմբինացված կենդանի վիրուսային վակցինա՝ կարմրուկ-կարմրախտ-պարօտիտ, 15 ամսականում։ Պատվաստումը ցուցված է նաև այն երիտասարդ տղամարդկանց և մեծահասակներին, որոնք չեն նշում պարօտիտ անամնեզում։ Պատվաստվում են նաև այն տղամարդ բուժաշխատողները, որոնք չունեն նեյտրալիզացնող հակամարմիններ պարօտիտի նկատմամբ։ Պատվաստումը կոնտակտից հետո չի պաշտպանում հիվանդությունից, սակայն եթե կոնտակտը հիվանդություն չի առաջացնում, պատվաստանյութն ապահովում է իմունիտետ պարօտիտի նկատմամբ։ Ինչպես կենդանի պատվաստանյութերի մեծամասնությունը, հակապարօտիտային պատվաստանյութը նույնպես խորհուրդ չի տրվում հղի կանանց, իմունոսուպրեսիվ բուժում ստացողներին, ինչպես նաև չարորակ նորագոյացություններով, բնածին և ձեռքբերովի իմուն անբավարարությամբ անձանց։ Կանխագուշակումը՝ բարենպաստ է։ Մահացությունը պարօտիտից չափազանց ցածր է։ Ամորձու ապաճումը՝ հետագա ասպերմիայով կարող է հետևանք լինել երկկողմանի ամորձաբորբի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ https://www.nhs.uk/conditions/mumps/symptoms/
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 67». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Աստղիկ Գուրգենի Ավետիսյան. «Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարան». www.nayiri.com. Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան. էջ 236. ISBN 99930-835-4-2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոզուկ (էնդեմիկ պարոտիտ)
- ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաճարակային պարօտիտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 67)։ |