Jump to content

Հեղինակային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինակային իրավունքի նշանը՝ ©

Հեղինակային իրավունքը կարգավորում է ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները։ Այն մարդու հետ անխզելիորեն կապված իրավունքներից մեկն է, որի պաշտպանությունը ամրագրված է մի շարք ներպետական և միջազգային ակտերով։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը, ամրագրելով մարդկանց ի ծնե պատկանող իրավունքները, սահմանում է յուրաքանչյուրի՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու, իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունքները[1]։

Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը ընդգրկված է մտավոր սեփականության ինստիտուտի մեջ։ Հեղինակային իրավունքը ծագում է մարդու մտավոր գործունեության արդյունքում ստեղծագործության ստեղծման փաստով։ Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով։ Այն տարածվում է ինչպես արդեն իսկ հրապարակված, այնպես էլ դեռևս չհրապարակված ստեղծագործությունների վրա։ Ընդ որում, հեղինակային իրավունքները պաշտպանվում են անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից[2]։ Այսինքն՝ կարևոր չէ, որ այն ավարտուն տեսք ունենա։ Հեղինակային իրավունքների ծագման համար որևէ նշանակություն չունի ստեղծագործության ձևը․ այն կարող է լինել գրավոր, բանավոր կամ արտահայտվել որևէ այլ ընկալելու հնարավորություն թույլ տվող օբյեկտիվ ձևով։ Հեղինակային իրավունքը ծագում է առանց որևէ գրանցման կամ այլ գործողության[3]։ Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով դրանց ազատ օգտագործումը։

Հեղինակային իրավունքի մասին օրենքի միջազգային պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին Աննայի օրենքով։ Այն սահմանել է աշխատանքի հեղինակի՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։ Այն ստեղծվել է որպես ուսումը խրախուսող ակտ, քանի որ այդ ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Այդ առումով հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի դա խթանի նրանց գրելու նոր գրքեր և, այդպիսով, նպաստի մտքերի և ուսման հոսքին։ Ինչպես նշվում է բուն ակտում՝ ուսյալ մարդկանց խրախուսելու նպատակով, որպեսզի նրանք կազմեն ու գրեն օգտակար գրքեր։

Աննայի օրենքը հեղինակային իրավունքի մասին առաջին իսկական օրենքն էր, և այն իրավունքներ տվեց հեղինակներին սահմանափակ ժամանակով՝ տասնչորս տարով, բոլոր հրատարակված աշխատությունների համար, որից հետո հեղինակային իրավունքի ժամկետը լրանում էր։ Հեղինակային իրավունքը գրքերի և քարտեզների հրատարակման իրավունքը կարգավորող իրավական ակտից վերաճել է մի օրենքի, որն ազդում է ժամանակակից գրեթե բոլոր արտադրությունների վրա՝ ձայնագրություններից մինչև ֆիլմեր, լուսանկարներ, համակարգչային ծրագրային ապահովում ու ճարտարապետական աշխատանքներ։ Հետագայում ԱՄՆ սահմանադրության հեղինակային իրավունքին վերաբերող հոդվածը (1878 թ.) սկզբնավորեց հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրությունը՝ Գիտության առաջընթացին նպաստելու համար... սահմանափակ ժամանակով ապահավելով հեղինակների... բացառիկ իրավունքն իրենց... աշխատանքների նկատմամբ։

Հեղինակային իրավունքի պատմությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում հեղինակային իրավունքները գրավոր կերպով ամրագրված չեն եղել։ Արդեն Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հեղինակային իրավունքները կարգավորվում էին Մոսկվայում ստեղծված Հեղինակների իրավունքների պահպանության համամիութենական վարչության միջոցով (ՎՈՒՕԱՊ, ստեղծված 1937 թ. դեկտեմբերին) և դրա հայկական մասնաճյուղի միջոցով, որը գործեց մինչև 1992 թ.[4]։ Այս տարիներին գրքերը հրատարակվում էին կուսակցական վերահսկողության ներքո և պետությունը այս ոլորտում ուներ բացառիկ մենաշնորհ[5]։ Հայաստանի պատմության մեջ հեղինակային իրավունքը կարգավորող առաջին փաստաթուղթը 1930 թվականին ընդունված «Հեղինակի իրավունքի կանոնադրություն»-ն էր[6]։ Հետագայում հեղինակային իրավունքին վերաբերող նորմերը ամրագրվել են նաև ՀՍՍՀ Քաղաքացիական օրենսգրքում՝ առանձին գլխով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրատարակչական գործունեությունը դասվեց ազատ գործունեության տեսակների շարքում։ 1993 թվականին հեղինակների իրավունքների պաշտպանությունը իրականացնելու նպատակով ստեղծվեց Հայաստանի Կառավարությանն առընթեր Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը (ՀԻԱԳ), որը իր գործունեությունը ծավալեց մինչև 2002 թվականը։ Նորանկախ Հայաստանը 1993 թվականից դարձավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) անդամ[7]։ 1996 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի օրենքը «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», որը հետագայում փոփոխվել է 2 անգամ։ Բացի այս օրենքից, ներկայումս Հայաստանում հեղինակային օրենքը պաշտպանելու նպատակով ընդունվել են մի շարք ներպետական իրավական ակտեր։

Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը[8]։ Անձին հեղինակ ճանաչելու համար էական չէ նրա տարիքը, սեռը կամ քաղաքացիությունը[9]։ Հայաստանում գործում է հեղինակության կանխավարկածը, այն է՝ հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, իսկ եթե ստեղծագործությունը լույս է ընծայվում անանուն կամ կեղծանունով՝ լույս ընծայող անձը համարվում է հեղինակի ներկայացուցիչ և իրավասու է պաշտպանելու հեղինակի իրավունքները[10]։ Կարող են լինել այնպիսի դեպքեր, երբ մեկ ստեղծագործության վրա աշխատել են երկու կամ ավելի հեղինակներ․ այդ դեպքում ստեղծագործության նկատմամբ առաջանում է համահեղինակություն, ընդ որում՝ նշանակություն չունի՝ ստեղծագործությունը մեկ անբաժանելի ամբողջություն է, թե՝ բաղկացած է առանձին մասերից։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամբողջական ստեղծագործության դեպքում այն օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ, նրանց միջև կարող է կնքվել պայմանագիր, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար։ Համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի մյուս համահեղինակներին արգելել ստեղծագործության օգտագործումը՝ առանց հիմնավոր պատճառի։ Եթե ստեղծագործությունը բաղկացած է առանձին մասերից, ապա հեղինակն իրավունք ունի իր մասն օգտագործելու իր հայեցողությամբ[11]։

Հեղինակային իրավունքի առաջնային սուբյեկտը՝ հեղինակը, հետագայում կամավոր կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ զիջել այլ անձանց, ովքեր հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքի իրավատեր։ Հեղինակի մահից հետո օրենքով սահմանված ժամկետի ընթացքում հեղինակի գույքային իրավունքներն անցնում են նրա ժառանգներին։ Այսպիսով, ստեղծագործության նկատմամբ բացառիկ գույքային իրավունքի սուբյեկտ կարող են լինել՝

  • ստեղծագործության հեղինակը,
  • հեղինակի մահից հետո՝ նրա ժառանգները,
  • այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ձեռք են բերում ստեղծագործության նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ[12]։

Հեղինակային իրավունքը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքին վերաբերող օրենքները որոշ առումով ստանդարտացվել են միջազգային կոնվենցիաների միջոցով, ինչպիսին են Բեռնի կոնվենցիան և Հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիան։ Այս բազմակողմ համաձայնագրերը վավերացվել են գրեթե բոլոր երկրների կողմից, և Եվրամիության ու Առևտրի համաշխարհային կազմակերպության նման միջազգային կազմակերպությունները պահանջում են իրենց անդամ երկրներից ենթարկվել դրանց պահանջներին։ Թեև տարբեր երկրների մտավոր սեփականության մասին օրենքների միջև կա որոշակի համապատասխանություն, յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենքներն ու կանոնները հեղինակային իրավունքի մասին։ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունն իր կայքէջում[13]) ամփոփում է իր անդամ երկրներից յուրաքանչյուրի մտավոր սեփականության մասին օրենքները։

Հեղինակային իրավունքի օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ՝ ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ՝ մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։

Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

  1. գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը.
  2. գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
  3. դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.
  4. պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.
  5. տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
  6. տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).
  7. դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
  8. լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.
  9. քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.
  10. աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
  11. ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝
    1. այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,
    2. ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.
  12. ստեղծագործության մասերը (անվանումը, կերպարները և այլն), որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին և կարող են օգտագործվել ինքնուրույն.
  13. տառատեսակները և այլ ստեղծագործություններ[14]։

Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
  • օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը։ Օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է.
  • պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.
  • պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).
  • քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.
  • առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։
  • հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։

Բեռնի կոնվենցիայի դրույթներն ընդգրկված են Առևտրի համաշխարհային կազմակերպության TRIPS համաձայնագրում (1995 թ.)՝ այսպիսով ապահովելով Բեռնի կոնվենցիայի գրեթե համաշխարհային կիրառումը։ 2002 թվականի WIPO հեղինակային իրավունքի համաձայնագիրն ավելի մեծ սահմանափակումներ մտցրեց աշխատանքները բազմացնելու տեխնոլոգիաների համար այն երկրներում, որոնք վավերացրել են այդ համաձայնագիրը։

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքների առանձնահատկություններից է այն, որ դրանց գործողության ժամկետը անսահմանափակ չէ։ Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը սկսվում է հենց ստեղծագործության ստեղծման պահից, կամ, ըստ որոշ միջազգային օրենքների, նյութական որևէ եղանակով արտահայտելու պահից։ Բեռնի կոնվենցիան պահպանություն է տրամադրում նաև այնպիսի ստեղծագործությունների, ինչպիսիք են օրինակ՝ անանուն, անտիպ և կինեմատոգրաֆիկ ստեղծագործությունները, երբ հնարավոր չէ պահպանության ժամկետը կապել որևէ անհատ հեղինակի կյանքի հետ[15]։ Ըստ Բեռնի կոնվենցիայի հեղինակային իրավունքը պահպանվում է հեղինակը կյանքի ընթացքում և նրա մահից հետո առնվազն 50 տարի։ Պետություները իրենց ներպետական օրենքներով կարող են սահմանել հեղինակային իրավունքների պաշտպանության ավելի երկար ժամկետներ։ Հայաստանում հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի։ Համահեղինակության դեպքում իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի[16]։

Հեղինակային իրավունքի հիմնախնդիրը մեդիադաշտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում լրագրողական ստեղծագործության հեղինակային իրավունքը չի կարգավորվում առանձին օրենքով։ Լրագրողական աշխատանքի հեղինակային իրավունքը կարգավորող հիմնական իրավական ակտերն են Հայաստանի քաղաքացիական օրենսգիրքը և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին» Հայաստանի օրենքը։ Օրենքում լրատվական դաշտին վերաբերող և անմիջապես առնչվող մեկ հոդված է պարունակում, մասնավորապես, խոսքը վերաբերում է օրենքի 32-րդ հոդվածին[17]։

Հոդված 32. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

  1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն։
  2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ։

Այս հոդվածը կարգավորում է հարցազրույց տվողի և հարցազրույց անցկացնողի հեղինակային իրավունքների առանձնահատկությունները՝ սահմանելով, որ նրանք երկուսն էլ ունեն համահեղինակության իրավունք այն նյութի նկատմամբ, որ ստեղծվում է, և հարցազրույցը պետք է հրապարակվի նրանց երկուսի համաձայնությամբ։

Մեդիադաշտում հեղինակային իրավունքների խախտման հարցը ավելի շատ դիտարկվում է էթիկայի համատեքստում։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում նույն նյութին կարելի է հանդիպել տարբեր կայքերում։ Տարածված է նաև մամուլի տեսությունները, երբ նշված է լրատվամիջոցի անվանումը և վերարտադրված է մամուլի նյութն ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Բավական արդիական է այն հարցը, թե լրագրողական ինչ տիպի աշխատանքը պետք է համարվի հեղինակային իրավունքի օբյեկտ։ Մտավոր սեփականության օբյեկտ են համարվում այն նյութերը, որոնք բավարարում են երկու չափանիշներ՝ ստեղծագործական բնույթ և օբյեկտիվ ձևի առկայություն։

Շատ հաճախ լրատվամիջոցներն իրենց աղբյուրներից ստանում են իրականությանը համապատասխանող ինֆորմացիա, գրում են դրա մասին որպես լուր՝ առանց ստեղծագործական մոտեցման, այստեղ աշխատում է լրատվամիջոցի՝ լուրն առաջինը հանրությանը հասնելու սկզբունքը, և այդուհետ տեսնում ես, որ այդ լուրը հայտնվում է այլլ լրատվամիջոցներով, այստեղ է, որ սկսվում է էթիկական պայքարը։ Ցանկացած լուր, որ ստեղծվել է առանց ստեղծագործական մոտեցման, հեղինակային իրավունքի օբյեկտ չի հանդիսանում, այն չի կարող պաշտպանվել հեղինակային իրավունքի նորմերով մի պատճառով՝ չկա ստեղծագործական մոտեցում, բացակայում է մտավոր սեփականության օբյեկտի չափանիշներից մեկը։

Արևմտյան լրատվամիջոցները դասակագրվում են չորս խմբի․

  1. նյուզմեյքրներ
  2. ավանդական լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակներ
  3. կայքեր, որտեղ տեսնում ենք թե ստեղծագործական աշխատանքի առկայություն, թե փոխառված նյութեր
  4. բացառապես փոխառված, խախտումներով նյութեր վերցված կայքեր։

Այսօր ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե դասակարգման այս խմբերից որը կարելի է համարել լրատվամիջոց, որը՝ ոչ։ Առավել հաճախ հնչող տեսակետն այն է, որ այն կայքերը, որոնք իրենց աշխատանքի ոճում որդեգրել են միայն փոխառնվա նյութերով աշխատանքը, չպետք է համարվեն լրատվամիջոցներ։

Հեղինակային իրավունքի ասպարեզում հարցը քննարկվում է երկու տեսակետից, հեղինակ՝ ֆիզիկական անձը, որը գրել է տվյալ ստեղծագործությունը, և իրավատեր կամ պահանջատեր այն լրատվամիջոցը, որտեղ աշխատում է տվյալ լրագրողը, և որի հետ նա կապված է աշխատանքային հարաբերություններով, և նրա աշխատանքի արդյունք հանդիսացող նյութը հանդիսանում է տվյալ լրատվամիջոցի սփականությունը[18]։

Հարակից իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարակից իրավունքները ի հայտ են եկել հեղինակային իրավունքից բավականին ուշ։ Հարակից իրավունքների առաջացման համար հիմք հանդիսացան տեխնիկայի, հեռուստատեսության զարգացումը, ռադիոյի և ձայնագրությունների տարածումը։ Տեխնիկայի արագ զարգացումը բերեց այնպիսի իրավիճակի, երբ բեմադրությունը, գիրքը կամ այլ ստեղծագործությունը կարող էր արտատպվել բազմաթիվ ձևերով՝ այդպես խախտելով հեղինակի իրավունքները։ Ստեղծվում էր մի վիճակ, երբ անկախ հեղինակի ցանկությունից և առանց վարձատրության նրա ստեղծագործությունները կարող էին տարածվել հասարակության լայն շրջանակներում։ Հենց այս զարգացման արդյունքում էլ առաջացան հարակից իրավունքները կարգավորող իրավական ակտերը[19]։ 1961 թվականին Հռոմում ընդունվեց «Կատարողների, Հնչյունագրեր արտադրողների և Հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին» Միջազգային Կոնվենցիան (Հռոմի կոնվենցիա, Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 31-ից)։

Հարակից իրավունքները պաշտպանում են գործունեության այն տեսակները, որոնք ոչ թե ստեղծում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություն, այլ աջակցում են դրանց տարածմանը։ Հարակից իրավունքները կրողների գործունեության շնորհիվ հրապարակային կատարման համար նախատեսված ստեղծագործությունները մատչելի են դառնում ոչ միայն անմիջական ունկնդիրներին և դիտողներին, այլև ավելի լայն հասարակության։ Հարակից իրավունքները տեսակներն՝ են կատարումները, հնչյունագրերը, ֆիլմերի ամրագրումները, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները, տվյալների բազաների պարունակությունը, հրատարակչական ձևավորումները[20]։

Կատարողները, հարակից իրավունքների ինստիտուտի ձևավորման շնորհիվ իրավունք ունեն թույլատրել կամ արգելել իրենց կենդանի կատարումների վերարտադրությունը կամ հեռարձակումը։ Հնչյունագրեր արտադրողները ևս կարող են թույլատրել կամ արգելել իրենց արտադրած հնչյունագրերի վերարտադրությունը, իսկ հեռարձակող կազմակերպությունները իրավունք ունեն արգելել կամ թույլատրել իրենց հաղորդումների վերահեռարձակումը, հաղորդման ամրագրումը և այդպիսի ամրագրումների վերարտադրությունը։ Տվյալների բազա ստեղծողն իրավունք ունի արգելելու տվյալների բազայի ամբողջ պարունակության կամ դրա մասի դուրսհանումը կամ վերաօգտագործումը։ Սակայն, եթե տվյալների բազան որևէ եղանակով հանրությանը մատչելի է դարձել, ապա այն ստեղծողը չի կարող օրինական օգտագործողին արգելել դրա վերաօգտագործումը[21]։ Բոլոր դեպքերում պարտադրվում է, որ ստեղծագործությունների վերարտադրությունը կամ վերահեռարձակումը լինի միայն կատարողի, հնչյունագիր արտադրողի, տվյալների բազա ստեղծողի կամ հեռարձակող կազմակերպության համաձայնությամբ և հեղինակի անվան նշմամբ։ Հարակից իրավունքների ծագման համար ևս որևէ ձևական պահանջ չկա։ Դրանք առաջանում են ֆիլմի առաջին ամրագրման, հեռարձակման, հնչյունագրի արտադրման կամ կատարման պահից սկսած։

Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց նախապես հեղինակի հետ համաձայնեցման հեղինակային կամ հարակից իրավունքով պաշտպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործումը, վերարտադրումը, թարգմանումը, տարածումը բերում է հեղինակային և հարակից իրավունքների խախտման։ Հեղինակային և հարակից իրավունքները Հայաստանում պաշտպանվում են «Հեղինակային ու հարակից իրավունքների մասին» Հայաստանի օրենքով, քաղաքացիական, քրեական, վարչական, մաքսային օրենսդրությամբ և այլ օրենքներով։ Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝

  1. իր իրավունքների ճանաչում.
  2. մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.
  3. նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.
  4. վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)՝ օրենքով սահմանված կարգով.
  5. հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը.
  6. դատական վճռի հրապարակումը Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին.
  7. իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում[22]։

Հեղինակային և հարակից իրավունքների դատական պաշտպանության առանձնահատկություններից է այն, որ դատարանը կարող է կողմերից մեկի պահանջով կամ իր նախաձեռնությամբ կիրառել հայցի ապահովման միջոցներ, իրավունքների խախտումը կամ դրա վտանգը կանխելու նպատակով։ Մասնավորապես, դատարանը կարող է արգելել նմանակված օրինակների մուտքն առևտրային ցանց, իսկ եթե դրանք արդեն իսկ վաճառվում կամ արտահանվում են՝ հանվեն առևտրային ցանցից իրավախախտողի հաշվին կամ ոչնչացվեն[23]։

Հայաստանի Քրեական օրենսգիրքը հեղինակությունը յուրացնելու և առանց հեղինակի համաձայնության նրա ստեղծագործությունը օգտագործելու համար նախատեսում է տուգանք կամ կալանք կամ ազատազրկում՝ կախված հանցագործության չափերից[24]։

Կոլեկտիվ հիմունքներով իրավունքները կառավարող կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների օգտագործման և դրանք վարձույթով տալու իրավունքը պատկանում է հեղինակին։ Սովորաբար հեղինակը ինքն է բանակցում իր սետղծագործության գնի, այն վարձույթով տալու պայմանների և այլնի մասին։ Սակայն երբեմն ստեղծագործության օգտագործման իրավունքի անհատական իրացումը գործնականում ձեռնտու չէ, բանակցություններ վարելը ժամանակատար է կամ դժվարություններ է ստեղծում հեղինակների համար։ Այդ նպատակով ստեղծվում են կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններ։ Այս կազմակերպությունների հիմնական առաքելությունը հեղինակներին աջակցելն է իրենց իրավունքներն իրացնելիս։ Տարբերվում են կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների տարբեր տեսակներ՝ կախված ստեղծագործությունների կատեգորիաներից (երաժշտություն, կերպարվեստի ստեղծագործություն, գրական ստեղծագործություն և այլն)[25]։ Ընդ որում, նույն կատեգորիայի իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման նպատակով չի կարող ստեղծվել մեկից ավելի կազմակերպություն[26]։

Կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունները օգտագործողների հետ կնքում են լիցենզային պայմանագրեր, կատարում լիցենզային պայմանագրերով նախատեսված հեղինակային վարձատրության հավաքումը և դրանց՝ հեղինակներին վճարումը, ներկայացնում են ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն, բանակցություններ են վարում օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ իրենց անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ և կատարում են այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են հեղինակների իրավունքների պաշտպանության համար[27]։ Հեղինակը այս բանակցություններին և գործողություններին չի մասնակցում․ ամեն ինչ արվում է կազմակերպությունների կողմից։ Անդամակցության համար հեղինակների և կազմակերպության միջև կնքվում է գրավոր լիցենզային պայմանագիր։ Լիցենզային պայմանագրով բոլոր պայմանները, ներառյալ վարձատրության չափը, նույնն են բոլոր օգտագործողների համար։ Կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններին անդամակցությունը կամավոր է․ հեղինակները կազմակերպությանը ներկայացնում են ու գրանցում իրենց ստեղծագործությունները և թույլատրում իրենց անունից ստեղծագործությունների օգտագործման թույլտվություն տալ[25]։

Հայաստանում գործում է մեկ նման կազմակերպություն՝ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը (https://www.armauthor.am.html)։ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-Ը ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով։ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունը՝ առաջնորդվելով Հայաստանի տարածքում Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի օրենքի /63-64 հոդվածներ/, Հայաստանի կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 27» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. [Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 3]
  3. [«Մտավոր սեփականության իրավունք» Տարիել Բարսեղյան, Արփինե Հովհաննիսյան, Երևան 2012, «Ասողիկ» հրատարակչություն, էջ 37]
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. Հայաստանի հրատարակչական ոլորտում հեղինակային և հրատարակչական իրավունքների իրավակիրարկման խնդիրները
  6. [«Մտավոր սեփականություն, Տեսություն և պրակտիկա» Անդրանիկ Խաչիկյան, Սուսաննա Ներսիսյան, Երևան 2008, «Անտարես» հրատարակչություն, էջեր 206-207]
  7. [1]
  8. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 6
  9. [«Մտավոր սեփականության իրավունք» Տարիել Բարսեղյան, Արփինե Հովհաննիսյան, Երևան 2012, «Ասողիկ» հրատարակչություն, էջ 55]
  10. [Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 8]
  11. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 7
  12. [«Մտավոր սեփականություն, Տեսություն և պրակտիկա» Անդրանիկ Խաչիկյան, Սուսաննա Ներսիսյան, Երևան 2008, «Անտարես» հրատարակչություն]
  13. «WIPO - World Intellectual Property Organization». www.wipo.int (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  14. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» հոդված 3
  15. [Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ, հայկական և եվրոպական լավագույն փորձը, էջ 26]
  16. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» հոդված 37
  17. «Legislation: National Assemly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  18. Նոր և այլընտրանքային մեդիա․ էթիկական և իրավական խնդիրներ, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2012, էջեր 50-53
  19. [2]
  20. [«Մտավոր սեփականության իրավունք» Տարիել Բարսեղյան, Արփինե Հովհաննիսյան, Երևան 2012, «Ասողիկ» հրատարակչություն, էջ 119-121]
  21. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 60
  22. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 66
  23. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 69
  24. Հայաստանի քրեական օրենսգիրք, հոդված 158
  25. 25,0 25,1 [3]
  26. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 63
  27. Հայաստանի օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 64

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 346