Սիբիրախտ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սիբիրախտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, notifiable disease? և հիվանդության կարգ |
Պատճառ | anthrax toxin? և B. anthracis? |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում և փոխանցում վեկտորի միջոցով |
Հիվանդության ախտանշաններ | Խոց[1], սրտխառնոց[1], լուծ[1], rectorrhagia?[1], հեմատոչեզիա[1], այտուց, lymphadenitis? և մենինգիզմի նշաններ |
Վարակ տարածող | խոշոր եղջերավոր կենդանիներ, Q4289565?, ձի, էշ, ուղտեր, եղջերուներ, ճագար, նապաստակներ, հող և երկթևանիներ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, Ascoli's test?, մանրէաբանական կուլտուրա և Լուսային մանրադիտակ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և անասնաբուժություն |
Anthrax (disease) Վիքիպահեստում |
Սիբիրախտ (Anthrax), սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով։
Հարուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Bacillus anthracis բավականին խոշոր (1-1.5×3-10մկմ), աէրոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող, անշարժ ցուպիկ է։ Հիվանդ կենդանիների օրգանիզմում և բնական սպիտակուցով ու ածխաթթու գազով հարուստ արհեստական սննդային միջավայրում հիվանդության հարուցիչը առաջացնում է արտահայտված պատիճ։ Հարուցիչը իր տեսակը պահպանելու համար գոյության անբարենպաստ պայմաններում մթնոլորտային թթվածնի պարտադիր առկայության դեպքում սպորավորվում է 15-42օC սահմաններում։ Սպորագոյացում չի կատարվում չդիահերձված դիակում։
Մանրէների աճման համար առավել բարենպաստ են համարվում պեպտոնային և պոլիպեպտիդային սպիտակուցային կոմպլեքս պարունակող սննդային միջավայրերը։
Զգայունակ կենդանիների օրգանիզմում սիբիրախտի հարուցիչը արտադրում է արտաթույն, որը օժտված է այտուցային, մահացու և իմունածին հատկություններով։
Կայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրէի տարբեր ձևերը ցուցաբերում են ոչ միատեսակ կայունություն տարբեր անբարենպաստ գործոնների նկատմամբ։ Վեգետատիվ (աճողական) ձևերի կայունությունն ավելի ցածր է, քան սպորավորներինը։ Չդիահերձված նեխող դիակում բացիլները քայքայվում են 7 օրվա ընթացքում։ Մինչև 60օC տաքացնելու դեպքում ոչնչանում են 15 րոպեում, իսկ եռացմանը անմիջապես, արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից ոչնչանում են մի քանի ժամվա ընթացքում։ Ակտիվ մանրէասպան հատկությամբ են օժտված սովորական ախտահանիչ նյութերը։ Բացասական ջերմաստիճանում (-10օC) բացիլները պահպանվում են մինչև 24 օր, իսկ 15օC-ում սառեցրած մսի մեջ՝ 15 օր։ Հարուցիչի սպորավոր ձևերը օժտված են բարձր կայունությամբ։ Քայքայվող դիակներում չեն ոչնչանում, տարիներ շարունակ պահպանվում են ջրում, հողում՝ տասնյակ տարիներ։ Աղացած միսը և կաշին նպաստում են սպորների պահպանմանը։ Մինչև 120-140օC չոր ջերմությունը սպորները ոչնչացնում է 2-3 ժամում, ավտոկլավի պայմաններում, որտեղ ջերմաստիճանը 120օC է՝ 5-10 րոպեում, 100օC-ում եռացման դեպքում՝ 5-20 րոպեում, 10% կծու նատրիումի, 1% ֆորմալդեհիդի լուծույթները սպորավոր ձևերը ոչնչացնում են 2 ժամվա ընթացքում։ Բարձր մանրէասպան հատկությամբ են օժտված քլոր պարունակող պատրաստուկները։
Համաճարակաբանական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են եղջերուները, այնուհետև ըստ զգայունակության աստիճանի հետևյալ կենդանիները՝ ոչխարներ, այծեր, խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, բիզոններ, այծեղջյուրներ, գոմեշներ, խոզեր, ուղտեր։ Գիշատիչ կենդանիներից հատկապես զգայունակ են սամույրները, ջրաքիսները, ջրարջերը, համեմատաբար թույլ զգայունակությամբ են օժտված կատուները, շները, գայլերը, աղվեսները, բևեռաղվեսները։ Նկարագրված են արջերի, փղերի, առյուծների, վագրերի անկումների մասին։ Սիբիրախտի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։
Կենդանիների վարակումը կատարվում է տարբեր ուղիներով։ Ինֆեկցիայի հարուցչի ներթափանցման հիմնական ճանապարհը այն է, երբ սպորները կամ բացիլները կենդանու օրգանիզմ են անցնում կերի կամ ջրի միջոցով։ Բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթների ամբողջականության խախտման, ատամների փոխման և ստամոքս–աղիքային ուղիների լորձաթաղանթների բորբոքումների դեպքում բարձրանում է վարակման և հիվանդանալու հավանականությունը։ Սիբիրախտի հարուցիչը օրգանիզմ է ներթափանցում նաև ամբողջականությունը խախտված մաշկի միջոցով, մանավանդ թարմ քերծվածքների դեպքում, ինչպես նաև աէրոգեն ճանապարհով, որը առավելապես դիտվում է ոչխարների մոտ, երբ նրանց քշում են վարակված տեղանքով։ Հիվանդության տարածման գործում մեծ դեր են խաղում նաև արյունածուծ միջատները, հատկապես գոռեխները, շնաճանճերը, մոծակները, որոնք վարակը տարածում են ոչ միայն հիվանդ կենդանիներից, այլև դիակներից, վարակված ջրամբարներից, հողից։ Հիվանդությունը սովորաբար արձանագրվում է տարվա տաք եղանակներին, աղքատ և չոր բուսածածկով արոտավայրերում։ Մսուրային շրջանում ևս հնարավոր են հատուկենտ բռնկումներ, երբ օգտագործում են սիբիրախտի սպորներով վարակված անասնակեր։
Կախված հիվանդության հարուցչի փոխանցման բազմապիսի գործոնների առկայությունից և տարվա եղանակից՝ համաճարակի ինտենսիվությունը կարող է դրսևորվել սպորադիայից (հատուկենտ բռնկումներ) մինչև տեղաճարակային, երբեմն էլ համաճարակային (էպոզիտիա) ձևերով։ Սովորաբար վերջինը արձանագրվում է արոտային պահվածքի դեպքում, երբ առկա են վարակի փոխանցման կենդանի և անկենդան նյութի ձևերը։ Ի տարբերություն համաճարակի ինտենսիվության այսպիսի տատանումների, հիվանդ կենդանիների մահացությունը հասնում է 80 – 100%-ի։
Հիվանդության հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները, որոնց օրգանիզմից բացիլները արտաքին միջավայր են արտազատվում մեզի, կղկղանքի, թքի և կաթի միջոցով։ Մանրէները հատկապես մեծ քանակությամբ արտազատվում են հոգեվարքում գտնվող կենդանիների բնական անցքերից հոսող փրփրախառն արյունային հեղուկների միջոցով։ Հարուցիչի փոխանցման կարևոր գործոնը սիբիրախտից սատկած կենդանիների դիակն է, որի օրգան–համակարգերը, ներքին հեղուկ միջավայրը պարունակում են մեծ քանակությամբ բացիլներ։ Քանի որ բացիլների սպորագոյացումը իրականացվում է թթվածնի առկայության պայմաններում, ուստի այդ պրոցեսը և նրա տարածումը կանխելու նպատակով արգելվում է դիահերձում կատարել։ Կան տվյալներ այն մասին, որ լաբորատոր փոքր կենդանիների մոտ սիբիրախտի մանրէները ոչ միայն կարող են ինտենսիվորեն բազմանալ և բարձրացնել իրենց վարակայնությունը, այլև առաջացնել սպորներ։ Հարուցիչները կարող են տարածվել նաև սիբիրախտով հիվանդ կենդանիների հարկադիր մորթվածների մսի, կաշվի, բրդի, ոսկորների միջոցով։ Մեծ տարածությունների վրա կարող է տարածվել վարակված կերերի տեղափոխման ժամանակ։ Էական վտանգ են ներկայացնում ամենակեր կենդանիները և գիշատիչ թռչունները, որոնք չնայած չեն հիվանդանում, սակայն ուտելով դիակները՝ վարակվում են և երկար ժամանակ սպորներն արտազատում կղկղանքով։
Որոշ հեղինակներ նշում են, որ միանգամայն առողջ մկանման կրծողները կարող են արտազատել թույլ վարակային կամ ոչ վարակային չպատիճավորված մանրէներ։ Չի բացառվում, որ այս երևույթը կապված է պատվաստված գյուղատնտեսական կենդանիների կողմից արտազատված մանրէներով։
Ախտածնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջականությունը խախտված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով ինֆեկցիայի հարուցիչը, անցնելով օրգանիզմ, իր ագրեսիններով և արտաթույներով չեզոքացնում է պաշտպանության տեղական միջոցներին, բազմանում, թափանցում ավշային համակարգը և արյան մեջ, որտեղ կլանվում են ֆագոցիտների կողմից, տարածվում ամբողջ օրգանիզմում և ֆիքսվում ավշամակրոֆագային տարրերի բջիջների վրա։ Այս առումով հատկանշական է փայծաղը, որտեղ կուտակվում են մեծ քանակությամբ բացիլներ՝ առաջացնելով խորը ախտաբանական փոփոխություններ։
Եթե ցածր դիմադրողականություն ունեցող կենդանիները վարակվում են հարուցիչի բարձր վարակունակություն ունեցող տարատեսակներով, ապա արագորեն զարգանում է հիվանդությունը և մահը վրա է հասնում մի քանի ժամում։
Սիբիրախտից կենդանու անկման պատճառը համարվում են այդ ինֆեկցիայի մանրէական թույնի ազդեցությունից օրգանիզմի ֆիզիոլոգիական և անատոմիական խանգարումները։
Ընթացք և նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիրախտի կլինիկական նշանները և ընթացքը կախված են հիվանդության հարուցիչի՝ օրգանիզմ թափանցելու ուղիներից, կենդանու տեսակից և անհատական զգայունակությունից, մանրէի վարակունակությունից և դրա բաժնեչափից, գաղտնի շրջանի տևողությունից և համաճարակային պրոցեսի ժամկետներից։
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որի ընթացքում հյուսվածքներում հարուցիչը հարմարվում, բազմանում և արտադրում է թույներ, այնուհետև ռետիկուլա-էնդոթելային համակարգի բջիջներից բացիլներն ազատվում են և առաջացնում ինֆեկցիայի երկրորդային օջախներ։ Ըստ ախտաբանական պրոցեսի տեղադրման՝ տարբերվում են հիվանդության մաշկային, աղիքային, թոքային և անգինոզային ձևերը։
Որոճող կենդանիների և ձիերի մոտ սիբիրախտը սովորաբար ընթանում է գերսուր (կայծակնային), սուր ու հազվագյուտ դեպքերում նաև ենթասուր ձևերով։
Գերսուր ընթացքը հաճախ դիտվում է համաճարակի սկզբում՝ ոչխարների և այծերի, երբեմն նաև խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մոտ։ Հիվանդությունն սկսում է հանկարծակի և ընթանում ծանր ձևով։ Շնչառությունը արագանում է, կենդանին հևում է, պուլսը հաճախակի է և թույլ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տեսանելի լորձաթաղանթները կապույտ, կորցնում է գիտակցությունը, օրորվում է, ընկնում գետնին, երբեմն բերանից, քթից և հետանցքից հոսում է փրփրախառն արյուն։ Մահը վրա է հասնում 30 – 60 րոպեի ընթացքում։ Ուշագրավ է, որ հանկարծակի անկում է նկատվում կենդանու աշխատանքի, արածելու ժամանակ կամ գիշերը։ Այն կարծիքն է հայտնվում, որ անկումը հետևանք է կենտրոնական նյարդային համակարգի վրա մանրէական թույների ուղղակի ազդեցության և շնչառական կենտրոնի կաթվածի։
Սուր ընթացքը խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մոտ դրսևորվում է մինչև 41-42օC-ի մարմնի ջերմության բարձրացումով, շնչառության և պուլսի արագացումով և մկանային դողով։ Կենդանիները հրաժարվում են կերից, դադարում է որոճը և կաթնատվությունը։ Ձիերի մոտ հաճախ նկատվում է ծակոցների երևույթներ, իսկ խոշոր եղջերավոր անասունների մոտ կարող է զարգանալ փքանք։ Երբեմն նկատվում է փորկապ կամ արյունային փորլուծ, արյունամիզություն։ Հնարավոր է այտուցների գոյացում ըմպանի, կոկորդի, պարանոցի, կրծքի, որովայնի հատվածներում, արյունային ներթորանք բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթների վրա։ Կենդանիների անկումը վրա է հասնում սովորաբար հիվանդության առաջին կլինիկական նշանների երևալուց 2-3 օր հետո։ Հոգեվարքի շրջանում քթանցքներից և բերանից արտազատվում է արյունային փրփրախառը հեղուկ։
Ենթասուր ընթացքը արտահայտվում է գրեթե նույն նշաններով, բայց համեմատաբար թույլ դրսևորված։ Հիվանդությունը տևում է 7 օր և ավել։ Մարմնի ջերմության նվազման դեպքում հիվանդի ընդհանուր վիճակը լավանում է, ընդունում է կեր, վերականգնվում է որոճը։ Սակայն այսպիսի թվացյալ լավացմանը նորից հաջորդում են տենդի նոպաները։ Սովորաբար նման ընթացքին բնորոշ է մաշկի վրա այտուցների (կարբունկուլների) հայտնվելը։
Ինֆեկցիայի վիժումային ձևը դրսևորվում է մարմնի ջերմաստիճանի որոշ բարձրացումով և հաճախ կենդանիների առողջացումով։
Սիբիրախտի կարբունկուլյոզային ձևը ուղեկցվում է մաշկի, ենթամաշկային հյուսվածքների ու լորձաթաղանթների այտուցներով, որը հնարավոր է սուր և ենթասուր ընթացքի դեպքում։ Մարմնի տարբեր մասերում առաջացող այտուցային տաք, պինդ և ցավազգաց ուռուցքները շուտով դառնում են անցավազգաց, սառը և խմորանման։ Ուռուցքի կենտրոնական մասում կարող է սկսվել մեռուկացում և հյուսվածքների խոցավարում։
Աղիքային ձևն արտահայտվում է մարսողական օրգանների խանգարումով, իսկ սեպտիցեմիայի պայմաններում, հատկապես ձիերի մոտ, լինում են ծակոցներ, կապ, այնուհետև՝ արյունային փորլուծ։
Հիվանդության թոքային ձևը բնորոշ է արագ զարգացող թոքերի արյունային բորբոքումով և այտուցով։ Աէրոգենային վարակման դեպքում այս ձևը կարող է առաջանալ սիբիրախտի նկատմամբ բոլոր ընդունակ կենդանիների մոտ։
Անգինոզային ձևն առավելապես դիտվում է խոզերի մոտ։ Այն բնորոշ է երկարատև ընթացքով, մարմնի ջերմաստիճանի կարճատև բարձրացումով մինչև 40.5 – 41օC, ըմպանի և կոկորդի լորձաթաղանթների բորբոքումներով, պարանոցի այտուցավորումով։ Կենդանիները հազում են, դժվարանում է շնչառությունը և կուլ տալու ընթացքը։ Ըմպանի և կոկորդի ուժեղ այտուցից կենդանիները կարող են սատկել շնչահեղձությունից։ Երբեմն այս նշանները թույլ են արտահայտվում և սիբիրախտի նկատմամբ կասկած է առաջանում միայն խոզերի մսեղիքի հետսպանդային ստուգման ժամանակ։
Ախտաբանաանատոմիական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիախտի դեպքում դիակը ուռչած է, թույլ արտահայտված կամ գրեթե բացակայում է դիակային փայտացումը, փրփրաարյունային արտազատություն է նկատվում բնական անցքերից, տեսանելի լորձաթաղանթները կապտավուն են և արյունազեղված։ Փայծաղը խիստ մեծացած է, երբեմն մի քանի անգամ, ծայրերը կլորավուն, պուլպան մուգ-կարմրավուն կամ սև գույնի, ուժեղ փափկած, շիլայանման խտության, ծանր դեպքորում, մակերեսի կտրվածքից այն կարող է հոսել։ Փայծաղի պատիճը ուժեղ լարված է և առանձին հատվածներում պատռված։ Որոշ դեպքերում փայծաղը կարող է չենթարկվել էական փոփոխությունների։ Ավշային հանգույցները զգալիորեն մեծացած են, մուգ-կարմրավուն գույնի, կտրվածքը խոնավ, արյունազեղումներով, սեղմելուց հոսում է արյունային հեղուկ։ Լյարդը փոքր-ինչ մեծացած է, թույլ կազմության, գորշ դարչնագույն, պարենքիմիայում բազմաթիվ արյունազեղումներ։ Այդպիսի փոփոխությունները կարող են լինել նաև երիկամներում, սրտում, որտեղ առկա է մուգ գույնի չմակարդվող արյուն։ Թոքերում նկատվում է կանգային արյունալցում, շճային այտուցներ։ Սատկած կենդանիների մոտ սովորաբար արյունը դանդաղ և դժվարությամբ է մակարդվում։
Խոզերի մոտ անգինոզային ձևի դեպքում ախտաբանական փոփոխությունները նկատվում են նշագեղձերում, ենթածնոտային, ըմպանային և պարանոցային ավշային հանգույցներում, իսկ ըմպանի և կոկորդի հատվածներում նկատվում է դոնդողարյունային ներթորանք։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհրաժեշտ է հաշվի առնել համաճարակաբանական տվյալները, կլինիկական նշանները և ախտաբանաանատոմիական զննման արդյունքները։ Սիբիրախտի նկատմամբ նախկինում անապահով տարածքներում, արոտային շրջանում կամ հողային աշխատանքներից, ջրհեղեից հետո կենդանիների հանկարծակի անկումները հիմք են տալիս կասկածելու այդ հիվանդության նկատմամբ։ Կարևորվում է նաև ինֆեկցիայի ծանր ընթացքը, սեպտիցեմիան, տենդը, կարբունկուլների (այտուցների) առկայությունը, իսկ խոզերի մոտ նաև անգինոզային ձևը, դիակների արագ քայքայումը, նրանց փայտացման բացակայությունը, բնական անցքերից արյունահոսությունը, արյան դժվար մակարդելիությունը և այլ փոփոխություններ։ Այս բոլորը կարող են միայն կասկած հարուցել հակասիբիրախտային կանխարգելիչ միջոցառումների անցկացման համար։ Հիվանդության վերջնական ախտորոշումը հաստատվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիրախտի դեպքում կենդանիներին մեկուսացնում են։ Հերձումը չի թույլատրվում հիվանդության զոոանթրոպոնոզ և խիստ կոնտագյոզ լինելու պատճառով։
Բնական պայմաններում սիբիրախտով հիվանդացած և առողջացած կենդանիները ձեռք են բերում կայուն և տևական վարակամերժում։
Կանխարգելումը և պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակասիբիրախտային կանխարգելիչ միջոցառումները իրականացնում են ընկալունակ կենդանիների պատվաստումով, հիվանդության «հողային օջախների» հաշվառումով և նրանց վերացումով, սանիտարասահմանափակիչ և բատրասական աշխատանքներով։ Անհրաժեշտ է դադարեցնել առանց անասնաբույժի թույլտվության կենդանիների սպանդը, պահպանել դիակների օգտահանման, հավաքման և ոչնչացման կանոնները։ Այն տեղանքը, որտեղ նկատվել են կենդանիների հիվանդության, անկման, ինչպես նաև թաղման դեպքեր, պետք է գրանցվեն և մեկուսացվեն։ Կենսաջերմային հորերը, անանսնագերեզմանոցները, անասնաբակերը, ամառային ճամբարները և այլն անհրաժեշտ է ախտահանել քիմիական, ֆիզիկական, կենսաբանական մեթոդներով, ցանկապատել վարակված տարածքները, աճեցնել փշատերև թփուտներ։ Վարակված տեղանքի վարակազերծման արդյունավետությունը որոշելու, ինչպես նաև սպառնալիքի տարածքից կատարում են հողի նմուշի մանրէաբանական հետազոտություն։ Սիբիրախտի նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի գոտիներում իրականացնում են հիդրոմելիորատիվ, շինարարական և այլ հողային աշխատանքների կատարմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական պահանջները։
Այն բոլոր տարածքներում, որոնք անասնաբուժական օրգանների կողմից սիբիրախտի նկատմամբ ճանաչվել են վտանգավոր, յուրաքանչյուր տարի անց են կացնում ընկալունակ կենդանիների պատվաստում այդ վարակի դեմ։ Եթե մեծ է վարակման վտանգը, պետք է ամբողջ հասակավոր խոշոր եղջերավոր անասուններին պատվաստել տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Մատղաշին առաջին անգամ պատվաստում են 3 ամսական հասակում և վերապատվաստում 6 ամիս անց, իսկ այնուհետև՝ ինչպես հասակավորներին։ Ոչխարներին, այծերին, ձիերին, ուղտերին պատվաստում են տարեկան մեկ անգամ՝ աշնանը, իսկ խոզերին պատվաստում են միայն ճամբարային և ազատ պահվածքի դեպքում։ Գարնանային պատվաստումների ժամկետների որոշման դեպքում պարտադիր կարգով հաշվի են առնում կենդանիների բտվածության աստիճանը։ Իմունացումը կատարում են արոտավայր տանելուց և նորմալ իմունաբանական հակազդման վերականգնվելուց հետո։ Կանխարգելիչ կարանտինացման ժամանակ, երբ համալրում են ֆերմաները, գնված բոլոր կենդանիներին պատվաստում են։ Կենդանիների սպանդը պատվաստումից հետո թույլատրվում է 14 օր հետո։
Եթե սիբիրախտ է բռնկվել տնտեսությունում, ֆերմայում, արոտավայրի տեղամասում, կենդանական հումք վերամշակող ձեռնարկությունում, անմիջապես սահմանվում է կարանտին։ Արգելվում է կենդանիների ներմուծումը և դուրս բերումը, վերախմբավորումը, մսի համար սպանդը, անասնապահական հումքի մթերումը և արտահանումը։ Բոլոր ընկալունակ կենդանիներին հետազոտում են, հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիներին մեկուսացնում են և բուժում, իսկ առողջացումից 14 օր հետո պատվաստում սիբիրախտի նկատմամբ։ Չի թույլատրվում հարկադիր սպանդի ենթարկել սիբիրախտով հիվանդ կենդանուն։ Վարակման մեջ կասկածվող կլինիկական առողջ կենդանիներին անմիջապես պատվաստում են։ Հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների կաթը վնասազերծում են և ոչնչացնում, իսկ վարակման մեջ կասկածվողներինը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ միայն եռացնելուց հետո։
Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով։ Խիստ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ։ Հիվանդ կենդանիների կամ դիակի ընկած տեղը ախտահանում են 10%-ոց կծու նատրիումի, 5% ակտիվ քլոր պարունակող քլորակրի կամ 4% ֆորմալդեհիդի լուծույթներով։ Կերերի մնացորդները, ցածրարժեք գույքը, գոմաղբը հավաքում են և այրում։
Անապահով կետից կարանտինը վերացնում են վերջին հիվանդ կենդանու անկումից կամ առողջացումից 15 օր անց, եթե կատարվել է եզրափակիչ ախտահանություն, անասնաշենքի սանիտարական վերանորոգում, ինչպես նաև կենդանիների մոտ բացակայում են հետվակցինացման բարդացումները։
Եթե սիբիրախտի դեպք է արձանագրվում մսի կոմբինատում կամ սպանդանոցներում, ապա դադարեցնում են կենդանիների հետագա սպանդը և անցկացնում հիվանդության հարուցիչի վնասազերծման միջոցառումներ։ Մթերման ենթակա, ոչ սպանդանոցային ծագման մուշտակային և կաշեհումքը պարտադիր կարգով անասնաբուժական լաբորատորիաներում պետք է պրեցիպիտացիայի ռեակցիայով ստուգվի սիբիրախտի նկատմամբ։
Հումքի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդ կենդանիների սպանդը արգելվում է։ Դիակներն ամբողջությամբ պետք է ոչնչացվեն այրմամբ։ Ինչպես արդեն նշվել է, հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների կաթը վնասազերծում են և ոչնչացնում, իսկ վարակման մեջ կասկածվողներինը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ միայն եռացնելուց հետո։