Սիլլոգիստիկա
Սիլլոգիստիկա (հունարեն՝ euXXoYumx6c — մտահանգում կատարող), սիլլոգիզմի տեսություն։ Ստեղծել է Արիստոտելը։ Սիլլոգիստիկան կառուցելիս Արիստոտելը փաստորեն ելնում է մի ընդհանուր սկզբունքից (սիլլոգիզմի աքսիոմ), այն հատկությունը, որ ունի (չունի) դասը, ունի (չունի) նաև այդ դասի ամեն մի տարր (ենթադաս)։ Դրա անմիջական դրսևորումն է սիլլոգիզմի I ֆիգուրը, որն Արիստոտելն անվանում է «կատարյալ սիլլոգիզմ» և նրա մոդուսներին է հանգեցնում II և III ֆիգուրների մոդուսները։ Սիլլոգիզմի ճիշտ և սխալ մոդուսները տարբերակելու համար նա օգտագործում է անուղղակի ապացուցման ու հերքման եղանակները և շրջումը (դատողության ձևափոխումը սուբյեկտի և պրեդիկատի տեղերը փոխելու միջոցով)։ Նա ստեղծել է նաև սիլլոգիստիկա դատողության մոդալության հաշվառումով։ Արիստոտելը սիլլոգիզմը համարում էր ապացուցման միակ հուսալի միջոցը։ Սիլլոգիստիկան հետագայում զարգացրել են Արիստոտելի հետնորդները և մասնավորապես, միջնադարյան տրամաբանները, առանձնացվեցին սիլլոգիզմի IV ֆիգուրը և այլ ձևեր, կատարելագործվեց սիլլոգիստիկայի ապացուցական ապարատը, ճշգրտվեցին, մասնավորապես, բուն իսկ սիլլոգիզմի սահմանումները (Արիստոտելը հակված էր սիլլոգիզմ ասելով հասկանալ ընդհանրապես մտահանգումը)։
Միաժամանակ, Վերածննդի դարաշրջանից սկսած, փորձնական գիտության զարգացման կապակցությամբ ավելի պարզ էր դառնում ինդուկցիայի նշանակալի դերը գիտական մտածողության մեջ, և ձեռնարկվում էին սիլլոգիստիկայի քննադատության, ինդուկցիայի տեսությունը սիլլոգիստիկային հակադրելու փորձեր։ Մաթեմատիկական տրամաբանության զարգացումը ցույց տվեց սիլլոգիստիկայի ակնհայտ սահմանափակությունը դեդուկտիվ մտահանգումների ընդգրկման տեսակետից, նրա ձևական կառուցման անկատարությունը։ Պարզվեց, որ սիլլոգիզմի բոլոր մոդուսները կարելի է ստանալ պրեդիկատների հաշվի միջոցներով՝ սիլլոգիզմի տերմինները դիտելով որպես մեկտեղանի պրեդիկատներ։ Տրվեցին նաև մաթեմատիկական տրամաբանության լեզվով սիլլոգիստիկայի աքսիոմատիկ շարադրանքներ (Յ․ Լուկասևիչ, Պ․ Լորենցեն, Վ․ Ա․ Սմիռնով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |