Սմիթսոնիտ (անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջեյմս Ամիթսոնի (անգլ.՝ James Smithson, 1765—1829) անվամբ), միներալ բնական կարբոնատների խմբից։ Քիմիական կազմը՝ ZnC03 (ZnO—64, 9%, C02—35, 1%)։ Խառնուրդների ձևով պարունակում է Fe, Mn, Cd, Co, Mg, Pb։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Բյուրեղները հազվադեպ են և ունեն ռոմբոէդրի ու սկալենոէդրի ձև։ Սմիթսոնիտը սովորաբար հանդիպում է հատիկավոր կամ հողանման զանգվածների և կեղևանման կառուցվածք ունեցող հոսունանստվածքային ագրեգատների ձևով։ Գույնը՝ սպիտակ, դեղնավուն, մոխրագույն, գորշ և այլն։ Կարծրությունը՝ 4—4, 5, խտությունը՝ 4300—4400 կգ/մ³։ Սմիթսոնիտը ցինկի առաջնային սուլֆիդների հանքավայրերի օքսիդացման զոնայի տիպիկ արդյունաբերական միներալ է։ Հանքավայրերը հայտնի են Մեքսիկայում, Հունաստանում, Լեհաստանում, ԽՍՀՄ-ում՝ Ղազախստանում և Ուզբեկստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 458)։