Սպառողների իրավունքների պաշտպանություն
Սպառողների իրավունքների պաշտպանություն, համակարգ, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը։ 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնարար իրավունքները՝
- Տեղեկացված լինելու իրավունք
- Անվտանգության իրավունք
- Ընտրության իրավունք
- Լսելի լինելու իրավունք
- Վնասի փոխհատուցման իրավունք
- Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք։
Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝
- Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
- Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք։
Սպառողների իրավունքը ՀՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ ստացավ 2001 թվականի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ, չնայած նրան, որ դեռևս 1998 թվականի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով սահմանվեցին և տարանջատվեցին ինչպես սպառողի իրավունքները, այնպես էլ սպառողների իրավունքների պետական և հասարակական պաշտպանությունն ու ոլորտը վերահսկող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների լիազորություններն ու պարտականությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 1 տասնյակ հասարակական կազմակերպություններ։
Ըստ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների[1]։
Ըստ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի սպառողը իրավասու է փոխարինել իր պահանջներին չհամապատասխանող ապրանքը 14 օրվա ընթացքում`չհաշված ապրանքի գնման օրը։ Ոչ պարենային ապրանքները` հագուստ, տեխնիկա, սպորտային պարագաները և մնացածը ենթակա են փոխարինման, եթե տվյալ ապրանքը օգտագործված չէ և «ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ՀԴՄ կտրոնը» պահպանված են[1]։ Ըստ փորձագետների պնդման տնտեսվարողների իրավունքները առաջնային են, քան սպառողների իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում։
Փորձագետների հետազոտության արդյունքը ցույց է տալիս, որ եթե գնված ապրանքը 1-2 կիլոգրամ է, ապա մարդիկ լուրջ չեն համարում այն հետ վերադարձնել կամ փոխարինել իրենց պահանջներին համապատասխան ապրանքով[2]։ Փորձագետները սա կապում են սպառողների իրավագիտակցության բացակայության հետ, որն էլ իր հերթին նպաստում է սպառողների իրավունքների «զիջմանը»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ամրագրում է, որ Հայաստանում առաջընթաց է նկատվում սպառողի տեղեկացված և լսելի լինելու հանգամանքում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ 5 Սպառողների իրավունքները, Վերցված է 2019-09-14-ին
- ↑ «Ի՞նչ հարցերում է Հայաստանը գերազանցում այլ երկրներին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում. Բաբկեն Պիպոյան». Shant News. 15.03.2019.