Jump to content

Վեդի (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Քաղաք
Վեդի
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ
ՀամայնքապետԳարիկ Սարգսյան
Տվյալ կարգավիճակում1995-ից թվականից
Մակերես5,6 կմ²
ԲԾՄ850±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն11 600[1] մարդ (2015)
Խտություն3,714 մարդ/կմ²
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվեդեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (234)
Փոստային ինդեքս0601
Պաշտոնական կայքvedicity.am
Վեդի (քաղաք) (Հայաստան)##
Վեդի (քաղաք) (Հայաստան)
Վեդի (քաղաք) (Արարատի մարզ)##
Վեդի (քաղաք) (Արարատի մարզ)

Վեդի, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։

Քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ. ըստ առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ[2]։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1995 թվականի վարչատարածքային բաժանման ժամանակ։ Մինչ այդ ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Վեդի է վերանվանվել 1946 թվականին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի արևմուտք։ Բուն կենտրոնական մասում գտնվում է հարթեցված գագաթով մոտ 10 մ հարաբերական բարձրությամբ երկրաբանական ավելի հին ապարներից կազմված բլուր։ Ծովի մակերևույթից ունի մոտ 900 մ բարձրություն։ Վեդի քաղաքը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Ստեփանակերտ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Վեդի գետի ստորին հոսանքում։ Տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում, Երևանից 48 կմ հեռավորության վրա։ Անմիջապես քաղաքի կողքին է գտնվում Գոռավան անապատը։

Քաղաքի միջով է հոսում Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա հանքային ջրերի պաշարներ։

Վեդին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որտեղ ձևավորվել է կլիմայի չոր, խիստ ցամաքային տիպը։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, նվազագույն ջերմաստիճանը դիտվել է - 32 °C։ Կայուն ձյունածածկույթ ձևավորվում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է ջերմաստիճանային շրջադասությունը։ Ամառը շոգ է, տևական՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 45 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք մեղմացնում են քաղաքի ամառային տապը։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Վեդիում բնական լանդշաֆտը կիսաանապատային է։ Հումուսից աղքատ գորշ հողերը վերածվել են կուլտուր ոռոգելի հողերի[3]։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ է։

Հուշարձան Վեդի քաղաքի մուտքի մոտ
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Նրա մասին առաջին հիշատակությունները գալիս են դեռևս ուրարտական ժամանակներից[4]։ Առաջին անգամ Վեդին հիշատակվում է XIII դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ, երկու հիշատակություն՝ Նորավանքի, և մեկի՝ Զնջռլուի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում։ Մինչև XVII դարը եղել է մեծ բնակավայր։ Ըստ ռուս աշխարհագետ Ի. Շոպենի, բնակավայրը 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը։ XIX դարի կեսին ուներ եկեղեցի, ապրում էին 240 տուն թաթար և 12 հայ ընտանիք։ 1828 թվականին Վեդի բասարի մահալում Մակուի շրջանից վերաբնակվել են 1170 շունչ հայեր՝ 640-ը՝ Դավալուում և 530 -ը՝ Վեդիում։ 1849 թվականից մտել է Երևանի նահանգի մեջ, 1918 թվականից որպես առանձին գավառ, իսկ 1929 թվականին գավառը վերացվել է, և ստեղծվել է Վեդու շրջանը՝ Բոյուք Վեդի շրջկենտրոնով։ Առաջին հանրապետության ժամանակաշրջանում Վեդին դարձել է տեղական թյուրքախոս բնակչության ապստամբության կենտրոն[5]։ Վեդիում հայկական վերահսկողություն է վերահաստատվել 1920 թ․ հուլիսի 12-ին[5][6]։ Վեդիի համար հայացման գործընթացը սկսվել է 1940-ական թվականներին։ 1958 թվականին ունեցել է 4500 բնակիչ։ 1962 թվականին բնակավայրը ստանում է ավանի կարգավիճակ, 1996 թվականից՝ քաղաքի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանից, Շատախից, Մուշից, իսկ նոր ժամանակներում՝ Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1831 1897 1937 1959 1970 1989 2015
Բնակչություն 1 244 2 798 2 830 3 581 6 165 10 757 11 600

1988-1989 թվականներին Ադրբեջանում կազմակերպված Սումգայիթյան ջարդերի հետևանքով քաղաք են գաղթել շուրջ 561 մարդ։ Ըստ 2009 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13242 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 11%[7]։

Ունի 2 միջնակարգ և 1 ավագ դպրոց, 2գրադարան, երաժշտական դպրոց, ուսումնարան, քոլեջ, 4 մանկապարտեզ, մարզադպրոց, մշակույթի պալատ, գեղարվեստի դպրոց, IT դպրոց։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատկարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին։ Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն։ Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա՝ արտեզյան ավազանի ջրերը։

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75 %՝ 1740 հա։ Հիմնական ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։

Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Վեդիում գործում է Վեդիպլաստ իրերի գործարանը, որը հիմնադրել է Արմեն Պողոսյանը։ Գործում են նաև մեկ տասնյակից ավելի մանր արտադրամասեր, տրավերտինի քարի հանքը, Վեդիշինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 794
  3. «Արարատի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Վեդի քաղաք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  5. 5,0 5,1 «Վեդիբասարի գրավումը». mediamax.am. 2020 թ․ հուլիսի 9. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Հայկական բանակը Մասիսից (Զանգիբասար) հետո գրավում է Վեդին (Բոյուք Վեդի). 12 հուլիս, 1920». www.aniarc.am. 2020 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  7. Վեդի(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդի (քաղաք)» հոդվածին։