Jump to content

Ժան Պիկտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Պիկտե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1914(1914-09-02)
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մահացել էմարտի 30, 2002(2002-03-30) (87 տարեկան)
Մահվան վայրՄեյրին, Ժնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԵրկերFundamental Principles of the International Red Cross and Red Crescent Movement?, Geneva Conventions? և The Epic Story of the Indians?
Մասնագիտությունիրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան
ԱշխատավայրԺնևի համալսարան և Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա
Ծնողներհայր՝ Lucien Pictet?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿարմիր խաչի միջազգային կոմիտե
 Jean Pictet Վիքիպահեստում

Ժան Սիմոն Պիկտե (ֆր՝. Jean Simon Pictet սեպտեմբերի 2, 1914(1914-09-02), Ժնև, Շվեյցարիա - մարտի 30, 2002(2002-03-30), Մեյրին, Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի անվանի իրավագետ, իրավաբան, միջազգային մարդասիրական իրավունքի խորագիտակ մասնագետ։ Սկզբում՝ որպես Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ-ի) քարտուղար-իրավաբան, ապա՝ ավագ գործադիր և փոխնախագահ, Ժան Պիկտեն կարևոր դեր է խաղացել պատերազմներից տուժածների պաշտպանության վերաբերյալ Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների նախագծերի պատրաստման, դրանց մեկնաբանությունների կազմման և 1977 թվականին լրացուցիչ արձանագրությունների (Արձանագրության I և Արձանագրության II) պատրաստման, ինչպես նաև՝ դրանց վերաբերյալ բանակցություններ վարելու գործում։ Նա է առաջ քաշել Կարմիր խաչի շարժման յոթ հիմնարար սկզբունքները, որոնք 1965 թվականին հավանության են արժանացել Վիեննայի խորհրդաժողովում։ Այդ սկզբունքներն են՝ մարդասիրություն, անաչառություն, չեզոքություն, անկախություն, կամավոր ծառայություն, միասնություն և համընդհանրություն։ 1989 թվականին ուսանողների համար հիմնվել է միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթ, որն անվանակոչվել է ի պատիվ նրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Պիկտեն շվեյցարացի անվանի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, ինժեներ Լուսիեն Պիկտեի որդին է։ Փարիզում միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ավարտել է իրավագիտության իր ուսումնառությունը Ժնևի համալսարանում, 1935 թվականին դոկտորի կոչում ստացել և այնուհետև իրավաբանական պրակտիկա անցել Վիեննայում ու Ժնևում[4]։ 1937 թվականին աշխատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում որպես իրավաբան-օգնական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, լինելով Կոմիտեի առանցքային աշխատակիցներից մեկը և աշխատելով անմիջականորեն ԿԽՄԿ նախագահ Մաքս Հյուբերի հետ, գլխավորապես նա է գրել ԿԽՄԿ-ի կոչերը ի պաշտպանություն պատերազմական գերիների և պատերազմից տուժած քաղաքացիական բնակչության։ Պատերազմը դեռ չավարտված՝ ձեռնամուխ է եղել ժնևյան կոնվենցիաների ամբողջական վերակառուցման նպատակով օրենսդրական նախագծեր պատրաստելու գործին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց պաշտպանությանն առնչվող օրինագծերի նախապատրաստմանը (և դա`չնայած իր նախաձեռնած աշխատանքների հեռանկարի նկատմամբ Հյուբերի հոռետեսությանը)։

1946 թվականին Ժան Պիկտեն դարձել է ԿԽՄԿ-ի վարչության տնօրեն, 1966 թվականին՝ ԿԽՄԿ վարչության գլխավոր տնօրեն՝ այդպիսով զբաղեցնելով բարձրագույն պաշտոնը կոմիտեի վարչությունում։ 1967-1979 թվականներին եղել է ԿԽՄԿ-ի գործադիր կոմիտեի անդամ, իսկ 1971-1979 թվականներին` փոխնախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա ստանձնել է պատերազմներից տուժածների պաշտպանության վերաբերյալ ժնևյան չորս կոնվենցիաների փաստաթղթերի պատրաստման աշխատանքների պատասխանատվությունը, որոնք ավարտին հասցվեցին 1949 թվականին։ Ժան Պիկտեն կարևոր մասնակցություն է ունեցել նաև 1949 թվականին դիվանագետների խորհրդաժողովի կազմակերպման գործում՝ որպես փորձագետ։ Նրա՝ որպես գլխավոր պատասխանատուի ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ է պատրաստվել համաշխարհային հակամարտությունների ժամանակ ԿԽՄԿ-ի ծավալած գործունռության մասին ընդհանուր զեկուցագիրը։ Նրա ղեկավարությամբ է ԿԽՄԿ-ի պատվիրակությունը մասնակցել այն բանակցություններին, որոնք հանգեցրել են միջազգային Կարմիր խաչի կանոնակարգի 1952 թվականի վերանայմանը և Կարմիր խաչի լիգայի հետ համաձայնագրերի կնքմանը։ Նա նաև նախագահել է փորձագետների խորհրդաժողովը, որի նպատակն էր՝ նախապատրաստվել 1977 թվականի ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ երկու արձանագրությունների շուրջ բանակցությունները (ի դեպ, այդ անչափ կարևոր արձանագրությունների տեքստերը նույնպես ինքն է պատրաստել)։

Կոնվենցիաների մեկնաբանությունների չորս հատորները, որոնց հիմնական հեղինակն ու գլխավոր խմբագիրը Ժան Պիկտեն է, մշտապես օգտագործում են բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեության, աշխատանքի բերումով կիրառում են այդ կոնվենցիաները։ Նրա պատրաստած և 1955 թվականին հրատարակած Les Principes de la Croix-Rouge («Կարմիր խաչի սկզբունքները») սեղմ հատորը որոշիչ քայլ էր Կարմիր խաչի տարբեր կազմակերպությունների ընդհանուր սկզբունքների ձևավորման գործում եւ հանգեցրեց 1965 թվականին Կարմիր խաչի՝ Վիեննայում անցկացված XX միջազգային խորհրդաժողովի կողմից Կարմիր խաչի յոթ հիմնարար սկզբունքների ընդունմանը։ Նա նաև ներգրավված էր Շարժման կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական նախագծի մշակման աշխատանքներում։

1974-1979 թվականներին Ժան Պիկտեն աշխատել է Ժնևի համալսարանում, նախ՝ որպես դասախոս, ապա՝ իրավագիտության ֆակուլտետում միջազգային մարդասիրական իրավունքի ամբիոնի վարիչ և դոցենտ։ Նա դասավանդել է նաև Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում (1950 թվական) և Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում (1971, 1972, 1982 թվականներին)։ 1975-1981 թվականներին եղել է Անրի Դյունանի ինստիտուտի և հետազոտական կենտրոնի տնօրեն, այնուհետեւ նախագահ.[5] դա հեղինակավոր մի կրթօջախ է, որտեղ մասնագետներ են կրթվում և վարժեցվում միջազգային Կարմիր խաչի համար։

1984 թվականի դեկտեմբերին թոշակի անցնելուց հետո նա իրեն նվիրել է Հյուսիսային Ամերիկայի բնիկների պատմության տևական հետազոտություններին և դրանց արդյունքներն ամփոփել 1988 թվականին հրատարակած երկհատոր աշխատությունում։

Վաստակի գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Պիկտեն իրավագիտության պատվավոր դոկտորի կոչում է ստացել Լեյդենի ու Ցյուրիխի համալսարաններից և Լյովենի կաթոլիկ համալսարանից։ 1984 թվականին նրան շնորհվել է Կարմիր խաչի ոսկե մեդալ՝ իր անչափ բեղմնավոր ողջ գործունեության համար, 1999 թվականին՝ պարգևատրվել է «Երախտապարտ Ժնև» ոսկեզօծ արծաթե մեդալով և ետմահու՝ 2005 թվականին՝ Անրի Դյունան մեդալով։ Նրա անունով է կոչվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ուսանողների շրջանում անցկացվող ամենամյա միջազգային մրցույթը[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Les principes de la Croix-Rouge. Geneva: ICRC. 1955.
  • The Geneva conventions of 12 August 1949: commentary published under the general editorship of J.S. Pictet. Geneva: ICRC. 1960.
  • Humanitarian law and the protection of war victims. Leyden: Sijthoff. 1975. ISBN 90-286-0305-0. (Translation of Le droit humanitaire et la protection des victimes de la guerre.)
  • Development and Principles of International Humanitarian Law (Nijhoff Law Specials, 2). The Hague: Kluwer Law International. 1985. ISBN 90-247-3199-2.
  • C. Swinarski (1985). Etudes et Essais sur le Droit International Humanitaire et sur les Principes de la Croix-Rouge en l'Honneur de Jean Pictet / Studies and Essays on International Humanitarian Law and Red Cross Principles in Honor of Jean Pictet. The Hague: Kluwer Law International. ISBN 90-247-3079-1.
  • L'épopée des peaux-rouges. Lausanne: Favre. 1988. ISBN 2-8289-0354-0.
  • La grande storia degli indiani d'America. Mondadori. 2000. ISBN 88-04-48399-7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պիկտե» հոդվածին։