Խուլերի իրավունքների շարժում
Խուլերի իրավունքների շարժում, մի շարք սոցիալական շարժումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և մշակութային բազմազանության շարժումների շրջանակներում, որոնք հասարակությանը դրդում են հավասար հարգանք ցուցաբերել խլություն կամ լսողության խանգարում ունեցող անձանց նկատմամբ։ Այս շարժումը ձգտում է հավասար հնարավորություններ և հասանելիություն ապահովել խուլ կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Խուլերի համար կրթական համակարգի ստեղծումն այս շարժման առաջին ձեռքբերումներից մեկն էր։ Ժեստերի լեզուն, ինչպես նաև կոխլեար իմպլանտները, նույնպես զգալի ազդեցություն են ունեցել խուլերի համայնքի վրա։ Այս բոլոր ասպեկտներն էին, որ ճանապարհ հարթեցին խուլերի համար՝ իրենց իսկ իրավունքների շարժման ստեղծման ու տարածման համար։
Խուլերի կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրալիզմն առաջնահերթություն է տալիս խուլ երեխաների ուսուցմանը կամ կրթմանը բանավոր հաղորդակցման մեթոդների, այլ ոչ թե ժեստերի լեզուների կիրառմամբ։
Խուլերի շատ համայնքներում կտրականապես համաձայն չեն խուլ երեխաներին խոսել և շրթունքով կարդալ սովորեցնել, քանի որ այն ենթադրում է կրթական հաստատություններում ժեստերի լեզվի նվազագույն օգտագործում կամ դրա իսպառ բացակայություն։ Այս մեթոդը նախատեսված է հեշտացնել խուլ երեխաների ինտեգրումը լսող համայնքներին, սակայն տարաձայնություններ կան նման միջավայրում սովորելու առավելությունների վերաբերյալ։ Բացի այդ, ժեստերի լեզվի օգտագործումը կարևոր դեր է խաղում խուլերի մշակութային ինքնության գործում, և դրա կիրառումը սահմանափակելու փորձերը դիտվում են որպես սպառնալիք։
Խուլերի դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլ երեխաների ծնողները կարող են իրենց ընտրությամբ իրենց երեխաներին ուղարկել խուլերի դպրոցներ, որտեղ ուսումնական ծրագիրը դասավանդվում է ամերիկյան ժեստերի լեզվով։ 1817 թվականի ապրիլի 15-ին հիմնադրվել է Կոնեկտիկուտի խուլ-համրերի կրթական հաստատությունը՝ որպես խուլերի ուսուցման առաջին դպրոց[1]։ Վերջինս երկսեռ կրթական հաստատություն էր[1]։ Հետագայում այս հաստատությունը վերանվանվել է Խուլերի ամերիկյան դպրոց և ստացել դաշնային ֆինանսավորում՝ Միացյալ Նահանգների ողջ տարածքում խուլերի համար հաստատություններ ստեղծելու նպատակով[1]։ Այս դպրոցներում կին ուսուցիչները շատ էին, քանի որ համաձայն Հանրային հեռարձակման ծառայության և «Խուլերի աչքերով» ֆիլմի համար արված ուսումնասիրության՝ նրանք համարվում էին լավագույն մանկավարժներն իրենց համբերատարությամբ, երբ անհրաժեշտություն էր առաջանում նույն բանը մի քանի անգամ կրկնել[2]։ Խուլերի ամերիկյան դպրոցը ստեղծվել է խուլերի կրթության բրիտանական մոդելի հիման վրա, որտեղ ուսուցանվում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ընթերցանությունը, գիրը, պատմությունը, մաթեմատիկան և Աստվածաշնչի խորացված ուսումնասիրությունը[1]։
Գալոդետի համալսարանն աշխարհում միակ համալսարանն է, որը նախատեսված է խուլերի համար։ Այնտեղ դասավանդումն իրականացվում է ամերիկյան ժեստերի լեզվով։ Համալսարանը խթանում է խուլերի համայնքի համար հետազոտությունների իրականացումն ու գրքերի տպագրությունը[3]։ Գալոդետի համալսարանը կենտրոնացած է աշխարհի զարգացող երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում խուլերի համայնքի համար ծառայությունների և կրթության խթանման վրա[4]։ Խուլերի համայնքի ներկայացուցիչների մի մեծ հատված նախընտրում է բարձրագույն կրթություն ստանալ այն ուսումնական հաստատություններում, որտեղ գերակշռում են խուլ մարդիկ[3]։
Պահանջում ենք խուլ նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալոդետի համալսարանում «Պահանջում ենք խուլ նախագահ» շարժմանը մասնակից ուսանողները՝ բազմաթիվ շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի, անձնակազմի և իրենց ընկերների աջակցությամբ, բողոքում էին համալսարանի հոգաբարձուների խորհրդի այն սովորության դեմ, երբ բարձր որակավորում ունեցող խուլ թեկնածուների փոխարեն խորհուրդը համալսարանի նախագահի պաշտոնում նշանակում էր ոչ խուլ անձի։ 1988 թվականին Իրվինգ Քինգ Ջորդանը մտավ պատմության մեջ՝ դառնալով համալսարանի առաջին խուլ նախագահը։
Պատմական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք մարդիկ զգալի ներդրումներ են կատարել խուլերի համայնքում։ Ընդ որում՝ նրանք եղել են ինչպես խուլ, այնպես էլ՝ լսող։ Այդ մարդկանց թվում են Ալեքսանդր Բելլը, որը հայտնի է հեռախոսի գյուտով, թեև խուլերի համայնքում նրա նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ էր։ Նրանց թվում է նաև Հիզեր Ուայթսթոունը՝ առաջին խուլ կինը, որն արժանացավ «Միսս Ամերիկա» տիտղոսի։ Այդ ցանկում են նաև խուլ հայտնի դերասանուհի Մարլի Մեթլինը, խուլ հայտնի դասախոս Լորան Կլերկը և ամենահայտնի խուլ-կույր գրող, ուսուցչուհի Հելեն Քելլերը։
Այդուհանդերձ, այս անձինք խուլերի համայնքի զարգացմանը նպաստած մարդկանց միայն փոքր մասն են կազմում։
Հանրային վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հաշմանադամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքը զգալի ազդեցություն է ունեցել խուլերի համայնքի վրա։ 1990 թվականին այն նշանակալի իրադարձություն էր հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ խուլերի համար։ Սույն ծրագրի նպատակն էր աջակցել խուլ ու լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց, որպեսզի վերջիններս լսող մարդկանց նման կարողանան լիարժեք մասնակցել կյանքի բոլոր ոլորտներին։ Վերոնշյալ օրենքը կարևոր արժեքներ ու սկզբունքներ տարածեց ամերիկյան հասարակական կյանքում։ Օրենքով հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում արգելվում է խտրականությունը, ինչը նշանակում է, որ հաշմանադամություն ունեցող անձին աշխատանքի չընդունելու համար անհրաժեշտ է հիմնավոր և օրինական պատճառ։ Օրենսդրությունը ապահովում է աշխատանքի տեղավորման ժամանակ խուլերի իրավական պաշտպանությունը (Բաժին I), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական տրանսպորտի (Բաժին II), հանրային վայրերի (Բաժին III) (պետք է տրամադրվի թարգմանչի ծառայություն) և հեռահաղորդակցության (Բաժին IV) հասանելիությունը։ Ջորջ Բուշը ստորագրեց այս օրենքը, և որևէ առարկություն չեղավ դրա վերաբերյալ։ Օրենքը չլուծեց խտրականության խնդիրը, բայց պաշտպանեց հաշմանդամություն ունեցող անձանց։
1975 թվականին Կոնգրեսը հաստատեց, որ ավելի քան ութ միլիոն երեխա հավասար կրթություն չի ստանում։ Ընդունվեց մեկ այլ օրինագիծ, որը կոչվում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության մասին» օրենք (IDEA): Վերջինիս նպատակն էր բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական հնարավորությունները։
Ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովել անվճար, պատշաճ հանրային կրթությամբ՝ ուշադրություն դարձնելով հարակից ծառայություններին, որոնք նախատեսված են նրանց կարիքները բավարարելու, աշխատելուն և անկախ կյանքին նախապատրաստելու համար։ Օրենքը միաժամանակ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների իրավունքները։ Բացի այդ, այն ֆինանսական աջակցություն է սահմանում նահանգներին, բնակավայրերին ուսումնական հաստատություններին և դաշնային գործակալություններին՝ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների կրթությունն ապահովելու համար։ Եվ վերջապես, օրենքով գնահատվում և ապահովվում է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանն ուղղված ջանքերի արդյունավետությունը[5]։
Խուլերի մշակույթի շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլերի մշակույթը բնութագրվում է ժեստերի լեզվի օգագործմամբ և ընդգրկում է սոցիալ-մշակութային տարբեր նորմեր[6]։
Կոխլեար իմպլանտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլերի մշակույթում կոխլեար իմպլանտների, երբեմն նաև լսողական սարքերի և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործումը ուժեղ դիմադրության է հանդիպում։ Այս արձագանքը հաճախ պայմանավորված է այն տեսակետով, որ խլությունն անպայման «պետք է շտկվի»[7]։
Մյուսները պնդում են, որ որոշ տեխնոլոգիաներ վտանգ են ներկայացնում ու սպառնալիք են խուլերի մշակույթի հետագա գոյության համար, սակայն Քեթրին Վուդքոքը հերքում է այս տեսակետը՝ պնդելով, որ խուլերի մշակույթի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում համայնքի պոտենցիալ անդամներից հրաժարվելը միայն այն պատճառով, որ նրանք լսում են, քանի որ ծնողները նրանց համար իմպլանտ են ձեռք բերել՝ համարելով, որ շրջակա միջավայրի ձայնն օգտակար է վերջիններիս համար[8]։ Կոխլեար իմպլանտները կարող են բարելավել ձայնի ընկալումը, բայց դրանք չեն բուժում խլությունը և չեն ապահովում հնչյունների լիովին նորմալ ընկալումը։ Խուլերի համայնքի որոշ ներկայացուցիչներ դեռևս առաջ են մղում այն դիրքորոշումը, որ երեխան չպետք է կոխլեար իմպլանտ ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նա այնքան մեծ չէ ինքնուրույն որոշում կայացնելու համար։ Բացի այդ, հետևանքները կարող են լինել անդառնալի և հանգեցնել ցմահ հուզական խնդիրների՝ ցավի, ափսոսանքի և ատելության կամ մեկուսացման։
Հայաստանի խուլերի համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դրությամբ՝ աշխարհում գոյություն ունի ժեստերի 137 լեզու[9]։ Հայաստանում լսողության խանգարում ունեցողները միմյանց հետ հաղորդակվում են հայերեն ժեստերի լեզվով։ Մատնախոսության հայկական տարբերակը կազմել է սուդոմանկավարժ Վ.Գ.Խալաթյանը՝ 1960 թվականին։
2019 թվականի հոկտեմբերի 9-ին հիմնադրվել է «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությունը։ Այն զբաղվում է Հայաստանում խուլերի համայնքի աջակցությամբ։ Նպատակն է խթանել իրազեկվածության բարձացումը, կրթական ռեսուրսների տրամադրումը և խուլերի իրավունքների պաշտպանությունը։ Տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով հասարակական կազմակերպությունը ձգտում է Հայաստանում բարելավել խուլերի կյանքի որակը՝ խրախուսելով ներառականությունը և բարելավելով նրանց յուրահատուկ կարիքները[10]։
2023 թվականին ներկայացվել է «AR Trails» նախագիծը[11], որը նախատեսված է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս ծրագրի շնորհիվ ՀՀ-ում լսողության խնդիրներ ունեցողները ճանապարհորդելիս հնարավորություն ունեն առանց էքսկուրսավարի շրջել Դիլիջանով[12]։
2021 թվականի մարտի 27-ին հիմնադրվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների օրակարգ» ՀԿ-ն[13]։ Այն ևս գործունեություն է ծավալում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման, ինչպես նաև հասարակության մեջ հավասար մասնակցության ու հնարավորություններին հասանելիության ապահովման ուղղությամբ։
Վերջին տարիներին Հայաստանում մշակվել են նաև օրենսդրական նախագծեր, որոնց մեջ առանձնանում է ՀՀ կառավարության «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգի մասին» որոշումը[14]։ Կարևոր փաստաթուղթ է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքը[15]։ Այն կարգավորում է այս ոլորտը, նորմերը, դրույթները, ստեղծում օրենսդրական հիմքեր պարբերական մոնիթորինգի համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Crowley, John. «Asylum for the Deaf and Dumb». www.disabilitymuseum.org. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Oral Education and Women in the Classroom». www.pbs.org. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «Gallaudet University». www2.gallaudet.edu. Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ "Reviewing The Pioneering Roles Of Gallaudet University Alumni In Advancing Deaf Education And Services In Developing Countries: Insights And Challenges From Nigeria." American Annals Of The Deaf 2 (2015): 75. Project MUSE. Web. 15 Mar. 2016.
- ↑ National, A. O. T. D. (2015). Legal Rights, 6th Ed. : The Guide for Deaf and Hard of Hearing People. Washington, DC, US: Gallaudet University Press.
- ↑ «DeafCulture3». web.cortland.edu. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Tucker, Bonnie Poitras (1998 թ․ հուլիսի 8). «Deaf Culture, Cochlear Implants, and Elective Disability». Hastings Center Report. 28 (4): 6–14. doi:10.2307/3528607. JSTOR 3528607. PMID 9762533.
- ↑ Woodcock, Kathryn (1992). Cochlear Implants vs. Deaf Culture? In Mervin Garretson (ed.), Viewpoints on Deafness: A Deaf American Monograph. Silver Spring, MD: National Association for the Deaf.
- ↑ «Deaf sign language | Ethnologue». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Facebook». www.facebook.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «AR Trails: Travelling with AR». App Store (բրիտանական անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Dilijan Unveiled: Revolutionizing Accessibility for the Hearing-Impaired! 🌍🔉 #AccessibleDilijan, Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին
- ↑ «Գլխավոր - Disability Rights Agenda NGO». dra.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ ««ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ - e-draft.am». www.e-draft.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=152960. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stein, Janna R (2007). The social-emotional impact of cochlear implants on children (Thesis). Pace University.
- Աուդիո հոդվածներ
- Կաղապարներ:Մարդու իրավունքներ
- Ժեստերի լեզուներ
- Խլություն
- Խուլեր
- Հաշմանդամության իրավապաշտպաններ
- Հաշմանդամության իրավապաշտպաններ ըստ երկրի
- Հաշմանդամության իրավունքներ
- Հաշմանդամության իրավունքների կազմակերպություններ
- Մարդու իրավունքներ
- Մարդու իրավունքներ ըստ երկրի
- Մարդու իրավունքներ ըստ խնդրի
- Մարդու իրավունքներ ըստ տարածաշրջանի
- Մշակութային ժառանգություն
- Նույնականության քաղաքականություն
- Նույնականություն
- Սոցիալական տեսություններ