Jump to content

Կիմ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Արզումանյան
Կիմ Արզումանյան
Ծնվել էմարտի 31, 1926(1926-03-31)[1][2]
ԾննդավայրԳորիս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունվարի 19, 2002(2002-01-19) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատերական ինստիտուտ (1950)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր և ուսուցիչ
Պարգևներ
IMDbID ID 7489986

Կիմ Գուրգենի Արզումանյան (մարտի 31, 1926(1926-03-31)[1][2], Գորիս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 19, 2002(2002-01-19), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Գուրգենի Արզումանյանը ծնվել է 1926 թ. մարտի 31-ին, Գորիսում։ 1944 թ. գերազանց ավարտելով Երևանի Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցը՝ ընդունվում և 1949 թ. ավարտում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ «Հասունության վկայական» պիեսի դիպլոմային բեմադրությունից հետո Արզումանյանը հրավիրվում է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն։ Առաջին իսկ բեմադրություններով (Յա. Գալան, «Սերը լուսաբացին», Ա. Մովզոն, «Մի խուլ նրբանցքում») Արզումանյանը հաստատուն տեղ ապահովեց մայր թատրոնում, որտեղ նրա հաջողված բեմադրություններից են Վ․ Ս․ Ռոզովի «Երեկոյից մինչև կեսօր»-ը (1971), Վ․ Սարդուի և Է․ Մորոյի «Մադամ Սան-ժեն»-ը (1972), որը երկար տարիներ մնաց թատրոնի խաղացանկում։ Այնտեղ նա աշխատեց ռեժիսուրայի անվանի վարպետներ Արմեն Գուլակյանի, Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի հետ։

1956-1957 թթ., երբ Հայաստանում հիմնադրվում էր հեռուստատեսությունը, Կիմ Արզումանյանը դարձավ էկրանի ռեժիսուրայի հիմնադիրներից մեկը և զբաղեցրեց դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորի, իսկ 1964-1971 թթ.՝ հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսորի պաշտոնները։ Հեռուստատեսությունում նա բեղմնավոր գործունեություն ծավալեց և իրականացրեց մի քանի տասնյակ բեմադրություններ, այդ թվում՝ Վ. Թոթովենցի «Արաբական բալլադը», Գ. Սարյանի «Իրանին», Գր. Զոհրապի «Փոստալը», Շիրվանզադեի «Արտիստը», Կ. Չապեկի «Սպիտակ հիվանդությունը», Վ. Սարոյանի «Ֆրեզնո. սրճարան Արաքսը» և այլն։ Բարձր գնահատման արժանացան Ֆր. Դյուրենմաթի «Ֆիզիկոսները» պիեսի էկրանավորումը՝ Սոս Սարգսյանի, Իշխան Ղարիբյանի, Մհեր Մկրտչյանի, Մարգո Մուրադյանի փայլուն դերակատարումներով, Էդ. դե Ֆիլիպոյի «Սանիտայի քաղաքագլուխը»՝ Գուրգեն Ջանիբեկյանի հրաշալի անձնավորմամբ, Արտ. Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը», Ռ. Վիվիանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը»` Կարպ Խաչվանքյանի տրագիկոմիկական հիանալի դերակատարմամբ, Իվ. Բուկովչանի «Լուիջիի սիրտը»` Ռաֆայել Քոթանջյանի ինքնատիպ մեկնաբանությամբ, մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի «Միջնորդ տեր պապան» եռամաս կատակերգությունը, որտեղ հեղինակը պարսավում է շահադիտական նպատակներով միջնորդված ամուսնությունները, որոնք մեծ մասամբ ձախողվում են։

Կիմ Արզումանյանի կենսագրության վառ էջն է կազմում «Սայաթ-Նովա» հայկական հեռուստատեսային առաջին գեղարվեստական կինոնկարը (սցենարը՝ Հր. Մուրադյանի), որը նվիրված էր մեծանուն երգչի ծննդյան 250-ամյակին (1960)։ Հեռուստատեսային սուղ միջոցներով, դժվարին պայմաններում ռեժիսորը ստեղծեց մի այնպիսի մեծարժեք կտավ, որը տասնյակ տարիներ ի վեր իր պատվավոր տեղն է գրավում հայկական էկրանի ոսկե ֆոնդում։ Մամուլի բնորոշմամբ՝ժապավենն ասես ժողովրդի հոգու կանչով էր ստեղծվել, ու կերպարներն էլ կերտվեցին ժողովրդին հոգեհարազատ այնպիսի դերասանների կողմից, որպիսիք էին Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ավետ Ավետիսյանը, Գեղամ Հարությունյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մամիկոն Մանուկյանը և այլք։ Հիշատակության արժանի են երգիչ Նորայր Մնացականյանի սրտառուչ կատարումները, աշուղական մրցամարտը, Սայաթ-Նովայի և Աննայի հանդիպման տեսարանները՝ հագեցած բանաստեղծական գեղեցկությամբ, գետի շառաչող ալիքների ֆոնին միայնակ դեգերող, Հաղպատի վանքում աղոթող երգչի տեսարանը, երբ Սաղմոսագրքի միջից հայտնվում է Աննայի չքնաղ պատկերը...

Կիմ Արզումանյանը պատկառելի վաստակ ունի նաև Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական պատմության մեջ, որտեղ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար։ Նա տարբեր տարիների բեմադրել է Ա. Սումարոկովի և Ստ. Ջրբաշյանի «Ես, իմ հարսնացուն և ...» օպերետը, Գ. Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ», Ա- Աղասարյանի «Խելահեղ օր» կատակերգությունները, Վլ. Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» վոդևիլը։

Կիմ Արզումանյանի հուշատախտակը Երևանում (Մարշալ Բաղրամյան պող., 79)

Ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց բեղմնավոր գործունեություն է ծավալել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ուր նա մինչև կյանքի վերջը ղեկավարում էր բեմական խոսքի, բեմական շարժման և մեներգի ամբիոնը։ Նա իր ռեժիսորական փորձն ու գիտելիքներն է հաղորդել նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներին։ Կիմ Արզումանյանի արվեստանոցն են ավարտել՝ Ալլա Թումանյանը, Նելլի Խերանյանը, Զավեն Աբրահամյանը, Հովիկ Վանյանը, Անահիտ Ղուկասյանը, Արմեն էլբակյանը, Թամար Հովհաննիսյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Էդուարդ Գասպարյանը, Ամիրան Գալստյանը, Գոհար Իգիթյանը, Արամ Հովհաննիսյանը, Նարե Հայկազյանը, Ժասմեն Գևորգյանը, Մարգարիտա Մնացականյանը, Հրանտ Սարգսյանը, Գրիգոր Կարագյոզյանը, Արփինե Սիմոնյանը, ...

Սոս Սարգսյան (2003 թ.). «Մարդիկ կան, որոնց հետ տասնյակ տարիներ ես ապրել կողք կողքի, աշխատել ես, մինչև անգամ մտերիմ ես եղել ու ընկեր, բայց և էնպես, մի ինչ-որ բան ունեն իրենց մեջ, որից ակամա ակնածում ես ու չես կարողանում նրանց ներկայությամբ հավաք ու ձիգ չլինել, չես կարող քեզ թույլ տալ փնթիանալ։ Էդպիսին էր Կիմ Արզումանյանը, որի պահվածքը կիրթ էր, խոսքը՝ մտածված, ասածը՝ հստակ։ Անցյալ դարի հիսնական թվականների սկզբին թատերական ինստիտուտն ավարտած, թատրոնով արբեցած մի ստվար խումբ երիտասարդներ ընդունվեցինք Սունդուկյանի անվան թատրոն, ընկերացանք, ու մեր ընկերությունը և՛ անկեղծ էր, և՛ անմիջական ու նաև բուռն ու խառնիխուռն։ Կիմը մեր մեջ էր, բայց նաև մեզնից վեր, մի առանձին բարձրության վրա։ Էդպես էլ մնաց իր էդ տեղում մինչև իր կյանքի վերջը։ Մեկ խոսքով՝ մեզ հետ էր, բայց բոլորիցս տարբեր։ Քչերին է տրված լինել էդքան օժտված ու շնորհաշատ ու դրա հետ միասին՝ էդքան ինքնակազմակերպված էդ տարիքում, էդքան կարգապահ ու իր գործի նկատմամբ էդքան պատասխանատու։

Կիմը փայլուն բեմադրություններ արեց Սունդուկյանի անվան թատրոնում, հետո ինչ-որ ժամանակ տեղափոխվեց հեռուստատեսություն ու էստեղ էլ գտավ իր տաղանդի դրսևորման լայն ասպարեզ։ Մի անգամ չէ, որ մասնակցել եմ նրա հեռուստատեսային բեմադրություններին. ափսոս, որ էն ժամանակ դրանք չէին տեսագրվում, ու էդպես էլ չմնացին ժապավենի վրա, ափսոս, քանի որ արված էին պատշաճ պրոֆեսիոնալիզմով, գեղարվեստական բարձր մակարդակով»։

Երվանդ Մանարյան (2003 թ.). «Այսօր շատ ենք խոսում այն օրերի անազատ մթնոլորտի մասին։ Դա, իրոք, այդպես էր, բայց ոչ բոլորի համար։ Նա, ով ցանկանում էր, շատ էր ցանկանում ազատ լինել, ազատ էր լինում ներքուստ և իր վճիռները, գոնե դրանց մի որոշ մասը, այն վճիռները, որոնք նա շատ էր կարևորում, չէր պայմանավորում իշխող մտայնության, քաղքենիական նորմերի հետ։ Հասարակության անդամի համար դա շատ կարևոր և գնահատելի հատկանիշ էր, որը կրելու համար պետք էր արիություն ունենալ։ Կիմ Արզումանյանն այդպիսին էր։ Նա մեծ ներդրում ունեցավ մեր թատերարվեստի պատմության մեջ»։

Վարդուհի Վարդերեսյան (1998 թ.). «Իմ առաջին ստեղծագործությունը հեռուստաթատրոնում եղավ Կիմ Արզումանյանի «Իրանի» (Գ. Սարյան) բեմադրության մեջ հերոսուհու դերը։ Այս բեմադրությունն առանձնանում էր խորը հուզականությամբ, քնարական շնչով։ Ներկայացմանը մի առանձին հմայք էր պատճառում Հովհաննես Բադալյանի զուլալ երգեցողությունը։ Այնուհետև ես դարձա Կիմի նախապատվելի դերասանուհին հեռուստաթատրոնում՝ իբրև հիմնական հերոսուհիների դերակատար։

Կիմն օժտված էր հումորի նուրբ զգացողությամբ։ Ընթանում էին «Միջնորդ տեր պապան» ներկայացման փորձերը։ Այդ օրերին ես երազում էի ունենալ թանկարժեք մուշտակ, և այդ գիտեր Կիմը ու փորձի ժամանակ կատակեց. «Մի՛ անհանգստացիր, Վարդուհի՛, դու կունենաս այդ մուշտակը, երբ ավարտվեն նկարահանումները»։ Ավարտվեցին բեմադրության առաջին մասի նկարահանումները։ «Վարդուհի՛, այսօր դու վաստակեցիր մուշտակիդ թևերը»։ Կիմի խոսքերն ընկալեցի իբրև հերթական կատակ։ Երկրորդ մասի նկարահանման ավարտից հետո ասաց. «Այսօր դու վաստակեցիր մուշտակիդ թիկունքը»։ Երրորդ մասի ավարտից հետո Կիմը մոտեցավ ինձ՝ ժպիտը շուրթերին, ու ասաց. «Շնորհավորում եմ մուշտակդ, Վարդուհի՛»: «Ի՞նչ մուշտակ, այդքան դրամ ինձ որտեղի՞ց»։ «Քո փայլուն դերակատարության համար ես գրել եմ այնքան հոնորար, որ դու կարողանաս գնել քո կամեցած մուշտակը»։ Եվ ես գնեցի իմ երազած մուշտակը։ Կիմը գիտեր գնահատել դերասանին և իր հնարավորության սահմաններում անում էր ամեն բան, որ դերասաններս ապրենք համեմատաբար անկարիք»։

Երվանդ Ղազանչյան (1998 թ.). «Կիմ Արզումանյան. մի բեմադրիչ, որի ծառայությունները հայ թատրոնին, հեռուստատեսությանը, հայկական ռադիոյին, մանկավարժությանը պարզապես անգնահատելի է։ Նրա ստեղծագործությունը կարելի է բաժանել երեք մասի։ Առաջինը ես ուզում եմ առանձնացնել հայկական հեռուստատեսությունը, որի հիմնադիրներից է նա։ Կիմ Արզումանյանի բեմադրությունները, ֆիլմերը, բազմաթիվ ու բազմապիսի հաղորդումները կազմում են հայ ազգային հեռուստատեսության փառքը։ Երկրորդը ես առանձնացնում եմ Կիմ Արզումանյանի մանկավարժական գործունեությունը՝ մոտ չորս տասնամյակ։ 100-ից ավելի երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որոնք պատիվ ու բախտ են ունեցել ուսանելու Կիմ Արզումանյանին, այժմ արդեն զարդարում են Հայաստանի Հանրապետության թատրոնները, հեռուստատեսությունը և ռադիոն։ Եվ երրորդը՝ թատրոնը, նրա առաջին սերը, որտեղ նրա բոլոր ներկայացումներն էլ շնչում են պրոֆեսիոնալիզմով։ Մեր ազգային թատրոնի բեմադրիչների մեջ ավելի կազմակերպված, ավելի պահանջկոտ (առաջին հերթին ինքն իրենից), «անթույլատրելիության» աստիճանի բծախնդիր, իր գործի հարկն իմացող երկրորդ անուն դժվարանում եմ տալ։ Կիմ Արզումանյա՛ն, Դուք փնտրված Մարդ եք»։

Ռաֆայել Քոթանջյան (2003 թ.). «Կան արվեստագետներ, որոնց ստեղծագործական էությունը հասկանալու համար պիտի ծանոթանաս նրա ողջ ստեղծածներից, կան և այնպիսի արվեստագետներ, որ բավական է մի քանի պատառ իր ստեղծագործություններից տեսնես, և դա բավարար է, որ տպավորություն կազմես ամբողջությամբ։ Այդպիսին էր հրաշալի հեռուստատեսային ռեժիսոր Կիմ Արզումանյանը։ Ես շեշտում եմ՝ հեռուստատեսային ռեժիսոր, թեև Կիմ Գուրգենիչը շատ ազատ էր զգում իրեն նաև թատրոնում։ Նրա ստեղծագործական ողջ թափը և երևակայությունը հնարավորին չափ բացահայտվեցին հեռուստատեսային ներկայացումներում, և բոլորովին էլ կարևոր չէր՝ դրանց հիմքում ինչ էր՝ երգիծական մանրապատումնե՞ր, թե՞ լուրջ դրամատուրգիական գործ։ Բոլորն էլ դառնում էին երևույթ և արժանանում համընդհանուր ուշադրության»։

Հրաչյա Աշուղյան (2003 թ.). «Կիմ Արզումանյան. իմ ճանաչած ռեժիսորներից ամենապարտաճանաչը, ճշտապահը, գործնականն ու եռանդունը, որը չէր զգում իր տարիքը։ 1960 թվականին, երբ Մոսկվայում, ունենալով այն տարիների հեռուստատեսային հզոր տեխնիկան և կարողությունները, չէին համարձակվում հեռուստաֆիլմ նկարել, Կիմ Արզումանյանը հայկական հեռուստատեսությունում ցուցաբերեց մեծ հերոսություն։ Մի բնակարանի տարածք ունեցող ստուդիայում, կիսատ-պռատ տեխնիկայով, սակայն հնարամիտ միջոցներով, նկարահանեց «Սայաթ-Նովա» առաջին հեռուստատեսային ֆիլմը»։

Նառա Շլեպչյան (2003 թ.). «1975 թվականն էր։ Բուլղարիայում ներկայացվելու էր Հայաստանի հեռուստատեսության ծրագիրը։ Սոֆիա մեկնեցինք ես և Կիմ Արզումանյանը։ Երբ Սոֆիայի հեռուստատեսության նախագահը իմացավ, որ «Սայաթ-Նովան» նկարահանվել է հիմնականում 60 քառակուսի մետր տարածքով տաղավարում, ապշեց։ Կիմ Արզումանյանին ուղղվեց հարցերի տարափ։ Բոլորին անհավատալի էր թվում այդ ամենը»։

Հերբերտ Գասպարյան (2003 թ.). «Հեռուստատեսությամբ ընթանում էր «Վիտոշի փեշերին» ներկայացումը, որի ընթացքում հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր Կ. Արզումանյանը, ստանալով շախմատի աշխարհի առաջնությունում Տիգրան Պետրոսյանի հաղթանակի լուրը, ստիպում է դերակատար Թաթուլ Դիլաքյանին դուրս գալ կերպարից, փոխվել հաղորդավարի և հայտնել այդ լուրը։ Այդպիսի բան լսված չէր. հեռուստատեսությունում, որտեղ մի թեքված փողկապը կարող էր խոսակցության ու քննարկման նյութ դառնալ, նա համարձակորեն փշրեց այդ քարացած օրենքները։»

Հայկազ Երանոսյան (2003 թ.). «Կիմ Արզումանյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկն էր, սակայն նրա ամենամեծ ծառայությունը հեռուստատեսությանը հեռուստաթատրոնի հիմնադրումն էր։ «Միջնորդ տեր պապան» ոչ միայն Կիմ Արզումանյանի լավագույն բեմադրությունն է, այլև հեռուստաթատրոնի էտապային աշխատանքներից մեկը»։

Կիմ Արզումանյանի բեմադրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հանդիսատեսի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950 - «Հասունության վկայական» (Լ. Գերասկինա)
  • 1961 - «Շռայլ երեկո» (Վ. Բլաժեկ), դերերում՝ Էդգար Էլբակյան (Կարել), Հ. Բաբաջանյան (տատիկ)
  • 1976 - «Վիտկա Մագելան» (Վ. Նեստայկո), արժանացել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության մրցանակին, դերերում՝ Գայանե Մկրտչյան (Նինա), Հարություն Ջինանյան (Վիտկա)
  • 1980 - «Հինգ րոպե ճշմարտություն» (Ա. Արաքսմանյան), արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության և Թատերական ընկերության մրցանակին, դերերում՝ Փ. Կոզակյան, Ա. Ղազարյան, Սուսաննա Չալոյան (Թինա), Վասպուր Հակոբյան (Զորիկ)

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963 - «Ես, իմ հարսնացուն և ...» (Ա. Սումարոկով), դերերում՝ Կիմ Երիցյան, Իզաբելլա Դանզաս, Հայկ Դանզաս, Մելինե Համամջյան
  • 1964 - «Իմ սիրելի Ժորժ» (Գ. Տեր-Գրիգորյան)
  • 1996 - «Խելահեղ օր» (Ա. Աղասարյան)
  • 1999 - «Քնքուշ սրտից պատուհաս» (Վլ. Սոլոգուբ), դերերում՝ Արամ Հովհաննիսյան (Ալեքսանդր), Կարինե Բուռնազյան (Դարյա Սիմյոնովնա)

Գեղարվեստաթատերական ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1965 - «Չեմ վճարի» (Էդ. դե Ֆիլիպո), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1966 - «Կատակերգության արվեստը» (Էդ. դե Ֆիլիպո), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1970, 1978, 1991 - «Էլի մեկ զոհ» (Գ. Սունդուկյան), 1970-դերերում՝ Հովիկ Վանյան (Միքայել), Ժասմեն Գևորգյան (Անանի)
  • 1971 - «Երկու վերոնացի» (Վ. Շեքսպիր), դերերում՝ Ժասմեն Գևորգյան (Ջուլյա)
  • 1971 - «Իրկուտսկյան պատմություն» (Ա. Արբուզով)
  • 1975 - «Ախ, այդ դռները» (Մ. Ֆերմո), դերերում՝ Հասմիկ Տեր-Կարապետյան (Դանիելա), Հրանտ Սարգսյան, Է. Գասպարյան, Թ. Հովհաննիսյան (Ալիս), Մ. Գրիգորյան, Գ. Սարգսյան (Դոմինիկա), Արմեն Էլբակյան (Ֆրանսուա), Կ. Ասմարյան (Պինկի)
  • 1975 - «Քանդած օջախ» (Գ. Սունդուկյան), դերերում՝ Արմեն Էլբակյան (Գիժ Մոզի)
  • 1978 - «Պաղտասար աղբար» (Հ. Պարոնյան)
  • 1978 - «Տապը» (Բ. Կրոնին)
  • 1979 - «Դաժան խաղեր» (Ա. Արբուզով)
  • 1983 - «Սխալների կոմեդիան» (Վ. Շեքսպիր)
  • 1986 - «Մանրապատումներ» (Հ. Պարոնյան)
  • 1986 - «Բեռնարդա Ալբայի տունը» (Գ. Լորկա)
  • 1986 - «Կարմիր գլխարկը» (Շ. Պերրո)
  • 1987 - «Ժամանակակից սպանություն» (Ա. Քալանթարյան)
  • 1995 - «Քնքուշ սրտից պատուհաս» (Վլ. Սոլոգուբ), դերերում՝ Արամ Հովհաննիսյան (Ալեքսանդր)

Այլ պիեսներ Կիմ Արզումանյանի թարգմանությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 - «Լիսաբոնյան վինահարը» (Է. Սկրիբ)
  • 1975 - «Երբ սոխակներն են երգում» (Վ. Եժով)

Կիմ Արզումանյանի այլ բեմականացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967 - «Մուսա լեռան 40 օրը» (Ֆ. Վերֆել)
  • 1972 - «Հացավան» (Ն. Զարյան)

Ռադիոբեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1951 - «Առաջին դասարանցին» (Ե. Շվարց)
  • 1951 - «Արմենուհի» (Ն. Զարյան)
  • 1951 - «Տերն ու ծառան» (Հ. Թումանյան)
  • 1952 - «Վեհապանծ օրեր» (Ն. Վիրտա)
  • 1952 - «Արջը» (Ա. Չեխով), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1952 - «Ամերիկայի ձայն» (Բ. Լավրենև)
  • 1952 - «Խաղաղության զանգ» (Գ. Սարյան)
  • 1952 - «Ժյուլի Կյուրի» (Ա. Խրաբրովիտսկի)
  • 1952 - «Դրախտի երեխաները» (Ի. Կալման)
  • 1952 - «Տորք Անգեղ» (Ղ. Աղայան)
  • 1953 - «Լեռնային հեքիաթ» (Գ. Գուլին)
  • 1953 - «Պատմություն իսկական մարդու մասին» (Բ. Պոլևոյ), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1953 - «Առա՛ջ, խիզախներ» (Մ. Կուզնեցով)
  • 1954 - «Անահիտ» (Ղ. Աղայան)
  • 1955 - «Խաչատուր Աբովյան» (Հ. Մուրադյան)
  • 1956 - «Նոր ներկայացուցիչը» (Հ. Յաղջյան)
  • 1956 - «Գառնուկ ախպեր» (Հ. Թումանյան)
  • 1956 - «Թմբկահարի ճակատագիրը» (Ա. Գայդար)
  • 1957 - «Առաջին երգը» (Է. Ռաձինսկի)
  • 1957 - «Հազարան բլբուլ» (Սերինե)
  • 1958 - «Կախարդական վրձնի հեքիաթը» (Յու. Վիտկովիչ)
  • 1958 - «Վասիլի Տյորկին» (Ա. Տվարդովսկի)
  • 1959 - «Կիկոս» (Մ. Դարբինյան)
  • 1962 - «Քանդած օջախ» (Գ. Սունդուկյան)
  • 1966 - «Տաքուկ տեղ որոնողները» (Ի. Վազով), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1969 - «Ֆիզիկոսներ» (Ֆր. Դյուրենմաթ)
  • 1970 - «Սանիտա թաղամասի քաղաքագլուխը» (Էդ. դե Ֆիլիպո), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1973 - «Մադամ Սան-ժեն» (Վ․ Սարդու, Է․ Մորո)
  • 1974 - «Հարսնացու հյուսիսից» (Ժ. Հարությունյան)
  • 1976 - «Բացե՛ք ձեր աչքերը» (Ա. Քալանթարյան)
  • 1977 - «Վիտկա Մագելան» (Վ. Նեստայկո)
  • 1978 - «Ապտակ» (Ս. Միխալկով), Կիմ Արզումանյանի թարգմանությամբ
  • 1978 - «Լուիջիի սիրտը» (Իվ. Բուկովչան)
  • 1980 - «Հինգ րոպե ճշմարտություն» (Ա. Արաքսմանյան)
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1964
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1967
  • Մովսես Խորենացի մեդալ, 2001

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սյուզաննա Մուրադյան, «Վառվող կենսագրություն», Զանգակ-97, 2004

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49