Հակոբ Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Երիցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1915 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 26, 2002 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Աշխատավայր | Հայֆիլմ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Երեխաներ | Սամվել Երիցյան |
Հակոբ Երիցյան (մայիսի 20, 1915, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հունիսի 26, 2002, Երևան, Հայաստան), հայ վինագործ։
Վինագործ Սամվել Երիցյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Երիցյանը ծնվել է Տրապիզոնում։ Վինագործություն սովորել է վարպետ Շահեն Երիցյանի Ղանթարի արհեստանոցում։ 1930 թվականից եղել է Հրատպետկոմի ենթակայությամբ գործող արհեստանոցի վարպետ, որտեղ էլ ձեռք է բերել հմուտ մանդոլին պատրաստողի համբավ։ 1933-1935 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուսանկարիչը։ Առաջին ջութակը պատրաստել է 1938 թվականին՝ Պետօպերայի ջութակահար Լիպարիտ Առաքելյանի պատվերով։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին։ 1946-1951 թվականներին աշխատել է Երևանի կենտրոնական ունիվերմագում՝ որպես երաժշտական նվագարանների բաժնի վարիչի տեղակալ։ 1956 թվականին առաջին անգամ մասնակցել է Մոսկվայում կայացած համամիութենական մրցույթին, որտեղ նրա ներկայացրած ջութակն արժանացել է խրախուսական մրցանակի։ 1963 թվականին պատրաստել է 30 սազ Բաքվի Գագարինի անվան մշակույթի տան պատվերով։ 1965 թվականին եղել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային գործիքների վերանորոգման պրակտիկ պարապմունքների ուսուցիչ։ Հայտնի է եղել որպես դասական նվագարաններ վերանորոգող վարպետ։
1960-1980-ական թվականներին ստեղծել է ազգային այնպիսի նվագարաններ, որոնք ոչ միայն հնչողությամբ, այլև առանձնանում են նախշաձևի կատարման մանրանկարչական վարպետությամբ։ Ստեղծել է քանոն, որն ուներ ոչ թե 24, այլ 26 լարանի հնչյունաշար։ Սարդարապատի ազգագրական թանգարանում 1974 թվականին, շուրջ մեկ տարի, ցուցադրվել են վարպետի պատրաստած ժողնվագարաններից մի քանիսը։ Գործերից առանձնանում է նաև ընկուզենու ամբողջական փայտից պատրաստած քամանչան։ Վինագործի անունն իր տեղն է գտել Բրյուսելում Կլոդ Լեբեի 1985 թվականին հրատարակած անթոլոգիայի 3-րդ հատորում։
Ստեղծել է 20 ջութակ, 10 ալտ, 100 քանոն, 80 մանդոլին, 30 սազ, 10 ուդ, 5 քամանչա, 3 թառ, 1 սանթուր։ Գերմանիայի Այզենախ քաղաքի Բախի տուն-թանգարանում է գտնվում Երիցյանի պատրաստած քանոնը[1]։