Հրազեն
Հրազեն, կինետիկ զենք, որում արկի թափավազքի և դուրս նետման համար փողի ալիքից օգտագործվում է նետողական պայթուցիկ նյութի (վառոդի) կամ հատուկ այրվող խառնուրդի այրման ընթացքում կազմվող գազերի ճնշման ուժը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հրազենային զենքը (բամբուկե «հրեղեն նիզակ»` ձեռքի հրացանի նախատիպը) ստեղծվել է 10-րդ դարում՝ Չինաստանում[1]։
Համարվում է, որ Եվրոպայում հրազենը ծագել է 14-րդ դարում, երբ տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց օգտագործել վառոդի էներգիան։ Դրանով նշանավորեց ռազմական նոր դարաշրջանի սկիզբը` հրետանու, այդ թվում նաև առանձին հրետանու առանձին ճյուղի՝ ձեռքի հրետանու հայտնվելը։
Առաջին հրազենային զենքի նմուշները մի կողմից ամուր զմրսված, համեմատաբար կարճ երկաթյա կամ բրոնզե խողովակներ էին, որոնք երբեմն ավարտվում էին խզակոթունով (ամբողջովին մետաղական կամ փայտե անցումով), փողերը առանց ձողերի ամրանում էին հրացանու խզակոթին, որոնք կոպիտ մշակված փայտե կոճղեր էին։
Զենքի լիցքավորումը իրականացվել է ամենապարզ ձևով, փողանցքում լցվել է վառոդի լիցքը, ապա դրվել է երկաթե կամ կապարե գնդակը։ Զենքը հրաձիգը սեղմում էր թևատակով կամ պահում էր ուսին, թեև երբեմն որպես հենարան ծառայել է նաև գետինը։ Մխացող պատրույգը մոտեցնում էին հրացանափողի վրա գտնվող փոքրիկ անցքին։
14-րդ դարի առաջին քառորդում ձեռքի զենքի կառուցվածքում կատարվեցին առաջին փոփոխությունները՝ փողերը ավելի երկար դարձան, խզակոթը՝ կեռ, փողի բերանը տեղադրված չէր նշանակետի ողղությամբ, այլ կողքից էր, իսկ հենց փողի վրա առաջացան նշանառության հարմարանքներ։
Այդպիսի զենքը Արևմտյան Եվրոպայում կոչվում էր կուլևրինաներ։ Այդ նմուշների կրակելու արդյունավետությունը դեռևս բավականին ցածր էր, իսկ լիցքավորման պրոցեսը տևում էր մի քանի րոպե։ Թերություն էր նաև լիցքի բռնկումը՝ մխացող պատրույգը շեղում էր հրաձիգին։
Կուլևրին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլևրին (ֆր.՝ couleuvre՝ «լորտու» և couleuvrine՝ «օձանման» բառերից, որոնք իրենց հերթին լատինական ծագում ունեն՝ լատին․՝ colubrinus բառը նշանակում է «օձանման»), հրազեն է, որը համարվում է պատրույգավոր հրացանի, մուշկետի և թեթև թնդանոթի նախահայրը։ Անվանումը, հավանաբար, ծագել է այն կոնստրուկցիայից, որի մեջ ամրության համար երկաթի կամ պղնձի շերտերից ձուլված փողը օղակների օգնությամբ ամրացվում էր փայտե կոթին, որոնց քանակը չէր գերազանցում հինգը։ Փողը քաշի թեթևացման համար կարող էր պատրաստվել կոթի և վզիկի վրա երկայնական ակոսներով։ Տրամաչափը տատանվում էր 12,5-ից մինչև 22 մմ, երկարությունը՝ 1,2-ից մինչև 2,4 մ, կուլևրինի քաշը կախված կիրառումից՝ ձեռքի զենք կամ դաշտային զենք, տատանվում է 5-ից մինչև 28 կգ։ Ասպետական սպառազինությունը խոցում էր 25-30 մետր հեռավորությունից։ Ռուսաստանում կուլևրինին համապատասխանում էր երկարափող ծանր հրացանը՝ թնդանոթը, Գերմանիայում՝ «շլանգը» (գերմ.՝ Schlange՝ «օձ»)։ Կիրառվում էր կարճ հեռավորության վրա կենդանի ուժը խոցելու համար։ Կուլևրինները արտադրվում էին ինչպես ամրակայված՝ ստացիոնար, այնպես էլ շարժական ձևերով։ Թնդանոթը տարբերվում էր հրաձգության հասողությամբ։ Կիրառվում էր 15–18-րդ դարերում որպես հրաձգային կամ հրետանային զենք։ Այն փոխարինվել է պատրույգավոր հրացանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lorge, Peter A. «The Asian Military Revolution». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրազեն՝ soldierweapons.ru (ռուս.)
- Համաշխարհային զենք՝ world-weapons.ru (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրազեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 617)։ |