Որմիզդ-Պերոժ
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Վարչկենտրոն | Աստարա |
Հիմնական լեզու | գրաբար, թալիշերեն |
Ազգային կազմ | կասպեր, թալիշներ |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Որմիզդ-Պերոժ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն տարածքում են գտնվել ներկայիս Լենքորան և Աստարա բնակավայրերը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրության մեջ գավառը հիշվում է Որմիզդպերոժ, Որմզդպերոժ, Որմզդփերուժ, Որմզդան անվանումներով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմիզդ-Պերոժը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիսում սահմանակցել է Աթշի-Բագավան, հյուսիս-արևմուտքում՝ Սպանդարան-Պերոժ գավառներին, իսկ հարավ-արևմուտքում և հարավում՝ Ատրպատականին։ Արևելյան՝ ոչ ցամաքային սահմանը Կասպից ծովն էր։
Տարածքում սկիզբ էր առնում Կասպից ծով հոսող երկու գետ։ Դրանց մեկը հայտնի էր որպես Աղանռոտ, որի ափերին ենթադրաբար գտնվում է Լենքորանը, իսկ մյուսի անունը չի պահպանվել։ Ունի լեռնային ռելիեֆ, անտառապատ է։ Հարմար է անասնապահության և երկրագործության, մասնավորապես՝ արևելյան մրգերի (թուզ, նուռ, ձիթապտուղ և այլն) այգեգործության համար։ Ամենաբարձր կետերն արևմուտքում են՝ Ատրպատականի սահմանին։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Աստարայի շրջանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Փայտակարանի՝ Կասպից ծովին հարող գավառներում, այդ թվում այստեղ, Սասանյանները բնակեցնում են թալիշների, իսկ Կուրից հյուսիս՝ Աղվանքում, բնակեցնում են թաթերի։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.