Ուինիֆրեդ Ուոթսոն
Ուինիֆրեդ Ուոթսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1906 |
Վախճանվել է | օգոստոսի 5, 2002 (95 տարեկան) |
Վախճանի վայր | Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ունիֆրեդ Էյլին Ուոթսոն (անգլ.՝ Winifred Eileen Watson, հոկտեմբերի 20, 1906 - օգոստոսի 5, 2002, Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։ Առավել հայտնի է «Միսս Պետտիգրյուի մի օրը» («Miss Pettigrew Lives for a Day») վեպով, որի հիման վրա 2008 թվականին նկարահանվել է համանուն կինոնկար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինիֆրեդ Ուոթսոնը ծնվել է Նյուքասլ ափոն Թայն քաղաքի հարևանությամբ Ուիթլի Բեյում և կրթություն ստացել Սուրբ Ռոնանի գիշերօթիկ դպրոցում, որը գտնվում է Բերվիք-Թվիդ քաղաքում[1]։ Նա իր կյանքի մեծ մասն ապրել է Նյուքասլում։ Չնայած բոլորն ակնկալում էին, որ նա կընդունվի համալսարան, ինչպես իր քույրերը, նրան դա չի հաջողվել, քանի որ Մեծ ճգնաժամն ազդեց իր հոր կոշիկի բիզնեսի վրա։ Նա սկսել է աշխատել որպես տպիչ՝ ընտանիքին աջակցելու նպատակով։ Մի անգամ Ուոթսոնն ասել է.
Այն անձնավորությունը, որի համար ես աշխատել եմ, ինձ ոչ մի աշխատանք չի տվել մինչև կեսօր։ Նա ասել էր ինձ, որ գործվածք բերեմ ու դրանով զբաղվեմ։ Ուստի ես ամբողջ գիրքը գրեցի գրասենյակում[2]։ |
Նա մահացել է 2002 թվականի օգոստոսի 5-ին Նյուքասլում[2]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին վեպը` «Բլրի գագաթը» («Fell Top»), մասամբ գրվել է այն բանի արդյունքում, երբ նա՝ իր քրոջ ամուսնու ներկայությամբ, նկատել է, որ այն, ինչ նա կարդում էր, աղբ էր, և ինքը կարող էր ավելի լավ գրել։ Քրոջ ամուսինը նրան դրդել է սկսել գրել[3]։
«Բլրի գագաթն» ավարտելուց հետո նա մի կողմ է դրել իր ձեռագիրը և չի փորձել այն հրատարակել, մինչ այն ժամանակ, երբ տարիներ անց իր քույրը տեսավ հրատարակչի կողմից տրված հայտարարությունը։ Հրատարակիչն ընդունել է «Բլրի գագաթը», որը լույս է տեսել 1935 թվականին, և հարցրել՝ էլ ինչ ձեռագրեր նա ունի։ Գրախոսները տպավորված էին «Բլրի գագաթով», և այն ռադիոբեմականացվել է BBC-ի կողմից։ «Բլրի գագաթն» այն գեղջկական վեպի տեսակն էր, որը Ստելլա Գիբբոնսը ծաղրել է իր «Սառը հարմարավետության ագարակ» վեպում[4]։
Նրա երկրորդ վեպը` «Զույգ չգտած կոշիկներ»-ը («Odd Shoes»), լույս է տեսել 1936 թվականին։ «Միսս Պետտիգրյուի մի օրը» («Miss Miss Pettigrew Lives for a Day» ) Ուոթսոնի երրորդ վեպն էր և ի սկզբանե այն մերժվել էր։ Ուոթսոնը երկու դրամայի վրա աշխատելուց հետո ցանկացել էր զվարճալի պատմություն գրել։ Նա և իր հրատարակիչը փոխզիջման են եկել, և նա համաձայնել էր գրել ևս մեկ գյուղական դրամա «Օտարը» («Upyonder»), որը նման էր լինելու իր նախորդ գործերին (լույս է տեսել 1938 թվականին), եթե նրանք հրատարակեին «Միսս Պետտիգրյուի մի օրը»[3]։
Ինչպես և կանխատեսել էր Ուոթսոնը, «Միսս Պետտիգրյուի մի օրը» անմիջապես հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Միացյալ Նահանգներում։ Այն թարգմանվել և հրատարակվել է Ֆրանսիայում, և պատրաստվել էր տպագրվել Գերմանիայում, երբ սկսվել էր Երկրորդ աշխարհամարտը։ Նախատեսվել էր երաժշտական կինոնկարի վարկած, բայց Փերլ-Հարբորում տեղի ունեցած դեպքերը խանգարեցին դրան։ «Կցանկանայի, որ ճապոնացիները վեց ամիս սպասեին» - ասել է Ուոթսոնը 60 տարի անց[2]։ 1936 թվականի հունվարին Ուաթսոնն ամուսնացել է տեղական փայտանյութերի ձեռնարկության կառավարիչ Լեսլի Փիքերինգի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի՝ Քեյթ (Keith), որը ծնվել է 1941 թվականին[3]։ Քեյթը պատահաբար փրկվել է Լոնդոնի ռմբակոծումների ժամանակ։ Ուոթսոնը նրան վերև էր տարել, բայց երեխան անհանգիստ էր, ուստի մայրը նրան իջեցրել էր ներքնահարկ։ Ռումբը քանդել էր հարևան տունը, իսկ նրանց տան բուխարին փշրվել երեխայի դատարկ մահճակալի վրա։ Ներքևում գտնվելը փրկել էր տղային։
Ռմբակոծությունից հետո նա, իր մայրը և հարևան ընտանիքը տեղափոխվել են Ուոթսոնի խնամիների տուն։ Նա ասել է, որ հենց այս հանգամանքներն էին անհնարին դարձրել գրելը։ «Ես պարզապես թողեցի այն։ Անհնար եղավ գրել մի տարօրինակ տանը, որտեղ բոլորս միայն մեկ սենյակում էինք, և մայրս նույնպես մեզ հետ էր ապրում։ Իմ ամբողջ ստեղծագործական էներգիան տրամադրեցի Քեյթին»[2]։ Այլ առիթներով, սակայն, նա ասել էր, որ գրել է այն ամենն, ինչ ցանկացել էր գրել։ 1943 թվականին նա հրատարակել է իր վեցերորդ և վերջին վեպը՝ «Լքի՛ր և թո՛ղ հետնորդներիդ»։ «Պերսեֆոն գրքեր» հրատարակչությունն առաջին անգամ հրատարակել է «Միսս Պետտիգրյուի մի օրը» 2001 թվականին, հետո՝ 2003, 2004, 2005, և, վերջապես, որպես «Պերսեֆոն Կլասիկ» գրքերի շարքում, 2008 թվականներին՝ Հենրիետտա Տվիքրոս-Մարտինի նախաբանով։ Համանուն կինոնկարը նկարահանվել է 2008 թվականին։ Ֆրենսիս ՄակԴորմանդը գլխավոր դերակատարն էր, իսկ Էմի Ադամսը խաղացել է Դելսիա Լաֆոսի դերը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բլրի գագաթը» («Fell Top») (1935)
- «Զույգ չգտած կոշիկներ» («Odd Shoes») (1936)
- «Ցատկի՛ր, քայլի՛ր, ցատկի՛ր» («Hop, Step, Jump») (1939)
- «Միսս Պետտիգրյուի մի օրը» («Miss Pettigrew Lives for a Day») (1937)
- «Օտարը» («Upyonder») (1938)
- «Լքի՛ր և թո՛ղ հետնորդներիդ» («Leave and Bequeath») (1943)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Winifred Watson", "The Telegraph", 9 September 2002. Retrieved 12 February 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 "Winifred Watson – Obituary", "The Independent", 20 August 2002. Retrieved 12 February 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Seba, Anne. "Bodice-ripping fame at 94", "The Times", 13 November 2000. Retrieved 12 February 2011.
- ↑ Watson, Winifred. "Miss Pettigrew Lives For A Day", Persephone Books, 2008, p. iii.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Obituary by The Independent Արխիվացված 2010-01-21 Wayback Machine
- Focus Features profile Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- Miss Pettigrew Lives for a Day at IMDb
- Miss Pettigrew Lives for a Day at Persephone Books
|